Կասկածելի կրկնապարգևատրումներ՝ վարչապետական «դաբրոյով»

Կասկածելի կրկնապարգևատրումներ՝ վարչապետական «դաբրոյով»

Գայլի գլխին ավետարան են կարդում, որ նա սովորի ոչխարներին չուտել, ասում է. «Արագացրեք, ոչխարն անցավ սարի հետեւը, գնամ-հասնեմ հետեւներից»: Բանահյուսական այս խոսքը հիշեցրեց կառավարության վերջին նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ արտահայտվեց, եւ կառավարությունը հաստատեց ՊԵԿ-ի՝ պարգեւավճարների գումարը 1,5 մլրդ դրամով ավելացնելու եւ 2,3 մլրդ դրամի հասցնելու մասին որոշումը: Սա՝ այն դեպքում, երբ անցած տարվա պարգեւատրումների թեման դարձավ հասարակությանն ալեկոծող ու վրդովեցնող մի խնդիր, որը մինչ օրս չի մարսվել:

«Հեղափոխություն» կոչվածի դրական արդյունքները շարքային քաղաքացին դեռ ոչնչով չի զգացել իր մաշկի ու  կենցաղի վրա, մի խոսքով, տեղի ունեցածի «խերը» դեռ չի տեսել, մինչդեռ պարբերաբար ականատես է լինում պետական չինովնիկների միլիոնանոց պարգեւատրումների. անցած տարի պարգեւատրվեցին պետական ապարատի գրեթե բոլոր աշխատակիցները, երկու ամիս աշխատած մարզպետները, ասել է թե՝ քայլած-պպզածները, մարզպետարանների ու ՊԵԿ-ի աշխատակիցները: Սա առաջացրեց հասարակության բուռն զայրույթը: Անգամ եղան մարդիկ, ովքեր դուրս էին եկել ակցիաների եւ կառավարությունից պահանջում էին պարգեւատրված գումարները վերադարձնել բյուջե: Մինչդեռ վարչապետը շտապեց պաշտպանել ինքնապարգեւատրվածներին, թե բա՝ մարդիկ պետք է շատ ստանան, որ չգայթակղվեն ու կաշառք չվերցնեն: Իհարկե, սա մանիպուլյացիոն մեկնաբանություն է եւ ոչ համոզիչ: Սրանով վարչապետը նսեմացրեց իր հետ քայլածների ազնվությունն ու գաղափարական պայքարի մարտիկ լինելու գործոնը՝ ընդգծելով, որ վերջիններս էլ նախորդների նման կարող են գայթակղվել ու «փչանալ»։ Իսկ չփչանալու համար նրանց պետք է անընդհատ շատ փող տալ՝ բյուջեի հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ հիշեցնել Հայաստանի հպարտ քաղաքացուն. «Որոշողը դու ես, իշխանությունը դու ես, վարչապետը դու ես», բայց հպարտ քաղաքացին, պարզվում է, որոշող է միայն այն դեպքում, երբ այն ձեռնտու է վարչապետին: Այնտեղ, որտեղ հպարտ քաղաքացու եւ վարչապետի-իշխանության շահերը չեն համընկնում, վարչապետը մոռանում է հպարտ քաղաքացու կարծիքի մասին: 

Անցած տարվա աղմկոտ պարգեւատրումներից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե ինքնապարգեւատրված իմքայլական պաշտոնյաներն իրենց ստացած գումարները փոխանցել են ՔՊ կուսակցության «օբշչակին»՝ գրասենյակ գնելու համար, մի մասն էլ՝ «Իմ քայլը» հիմնադրամին: Լուրերն ավելի համոզիչ դարձան, երբ Ջրային տնտեսության տնօրեն Ինեսսա Գաբայանն ասաց, որ ինքն իր պարգեւատրումը փոխանցել է «Իմ քայլին»: Այդ հայտարարությունից շատ չանցած Գաբայանն ազատվեց աշխատանքից: Այնուհետեւ Արարատի մարզպետն ասաց, որ իր ղեկավարած կառույցը եւ ինքը էլի են պարգեւատրվելու՝ ավելի շատ են պարգեւատրվելու: Ականջդ կանչի, Սերժ Սարգսյան. «Ինչքան ուզենք՝ կխփենք»:

Հետո Գարիկ Սարգսյանն ասաց, որ իր պարգեւավճարի մեծ մասն օգտագործել է բարեգործական նպատակներով եւ հաջորդը նորից ուղղելու է այդ նպատակին: Ճիշտ է, պարբերաբար սկանդալային իրավիճակներում հայտնվող մարզպետն այստեղ չի կոնկրետացնում իր կատարած բարեգործության ոլորտը, բայց այս հայտարարությունից արդեն գրեթե պարզ է դառնում, որ այդ գումարները գնում են կա՛մ ՔՊ-ի, կա՛մ «Իմ քայլի» ֆոնդին: Հակառակ դեպքում վարչապետը կսանձեր իր հետ քայլածների ախորժակը: Իսկ եթե դա չի արվում անգամ հասարակության պահանջից ելնելով, ուրեմն երեւույթն ունի ավելի խորը արմատներ: 
 Փաստորեն, Փաշինյանը հաշվի չի նստում Հայաստանի հպարտ քաղաքացու կարծիքի հետ, այն վարչապետը, ով մինչ իշխանության գալը խոստանում էր, որ ամեն լուման ծախսվելու է քաղաքացու իմացությամբ եւ հավանությամբ:

Քաղաքացին հավատում էր հեղափոխական Նիկոլի այդ խոստմանը, որովհետեւ հեղափոխության օրերին Փաշինյանը խիստ թափանցիկ էր օգտագործում հեղափոխության ֆոնդին փոխանցված գումարները. մեկառմեկ գրում էր, թե ով ինչքան գումար է փոխանցել, եւ ինչի վրա որքան գումար է ծախսվել, անգամ ատամի մածուկ, անձեռոցիկ, ջուր եւ այլն: Մարդիկ մտածում էին, որ երկիրն այսպիսի մարդ պետք է ղեկավարի, որ բյուջեի ամեն լումայի տեղն իմանանք՝ ուր է գնում: Մինչդեռ շատ չանցած՝ լրատվամիջոցների համառ պահանջի արդյունքում միայն հրապարակվեցին Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամների նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը: Այն էլ՝ մասամբ… Սա արդեն ազդակ էր, որ հեղափոխության օրերի ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մնացին անցյալում: 

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է օրինաչափ, որ կառավարությունը 2 մլրդ դրամի պարգեւավճար է սահմանում ՊԵԿ-ի համար, իսկ Գյումրիի ողջ բյուջեն ընդամենը 3 մլրդ դրամ է: Փաշինյանն ասաց, որ դա օրինաչափ է: «Եթե այդ գերատեսչության առջեւ խնդիր է դրված 40 մլրդ դրամով ավելի հարկեր հավաքել, որը պետք է ծախսվի, այդ թվում՝ նաեւ Գյումրիում, ապա՝ այո, օրինաչափ է: Դա տրվել է ի պատասխան այն գործողության, որի արդյունքում այս տարի պետական բյուջեում 40 մլրդ դրամի գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու, այդ թվում՝ գյումրեցի: Դրա արդյունքում մենք 310 կմ ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում՝ Գյումրի բերող, որի արդյունքում 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնելու, այդ թվում՝ Գյումրիում: 590 մլն դրամի սուբվենցիա է իրականացվելու միայն Գյումրիում»: 

ՀԳ․ Հետաքրքիր է, «կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում» այս անգամ է՞լ է պարգեւատրվելու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քարտուղարուհի Սաթինե Գզողյանը, ով անցած տարի պարգեւատրվեց 2 մլն 763 հազար դրամով, եւ, ասում են, ինքն էլ քարտուղարուհի ունի եւ ՊԵԿ-ում ասող է…