Փոխենք, որ փոխվի

Փոխենք, որ փոխվի

Որքան էլ անկայուն ու վտանգավոր ժամանակներում ենք ապրում, չենք կարող չարձանագրել, որ պատմական իրողությունների ենք ականատես` այսօր տասնամյակներով ձեւավորված կաղապարներ ու պատկերացումներ են փշրվում: Եվ այս աշխարհաքաղաքական ցնցումներից անվնաս դուրս են գալու նրանք, ովքեր ճկուն միտք ունեն, կողմնորոշվելու եւ արագ արձագանքելու ունակություն: Ովքեր հին պատկերացումներով չեն առաջնորդվում եւ կառչած չեն իրենց հին պատկերացումներից ու գիտելիքներից, նաեւ ի վիճակի են հրաժարվել իրենց սխալներից, շտկել դրանք: Առհասարակ, աշխարհաքաղաքական այս կտրուկ փոփոխություններից եւ սրընթաց զարգացումներից միայն մեկ հետեւություն կարելի է անել․ աշխարհում խիստ կարեւորվել է անհատի` ղեկավարի դերը:

Եթե առաջ վստահ էինք, որ համակարգեր ու մեխանիզմներ են գործում, որ պետական կայացած ինստիտուտներ կան, միջազգային պայմանագրեր ու պարտավորություններ, ապա հիմա, հատկապես Դոնալդ Թրամփի իշխանության գալով, պարզ դարձավ, որ այլեւս ոչ մի համակարգ ու ինստիտուտ չի աշխատում, գործում է միայն որոշում կայացնողի կամքը: Թրամփը հեղափոխություն արեց մեր պատկերացումներում` ոչնչացնելով ԱՄՆ կառավարման համակարգի մասին տասնամյակներով ձեւավորված այն կլիշեն, որ ԱՄՆ նախագահները շատ քիչ բան կարող են փոխել, որովհետեւ Միացյալ Նահանգները կուռ եւ կայացած պետություն է, որտեղ հազար ու մի երաշխիք եւ մեխանիզմ է աշխատում: Թրամփն ապացուցեց, վատ օրինակ ծառայելով, թե ինչպես կարող են ամբողջական համակարգեր փլվել, եթե պետության ղեկին նստած է կամային ու կտրուկ որոշումներ կայացնող անձ: Իսկ եթե ԱՄՆ-ի նման երկրում մեկ անձը կարող է այդքան բան փոխել, պատկերացրեք` ինչքան հեշտ է Հայաստանի նման երկրում ինչ-որ բան փոխելը` այդ մեկ անձին փոխելու միջոցով: