Արցախում Շարժո՞ւմ է ձեւավորվում
Դիմելով արցախահայությանը` վարչապետ Փաշինյանը կոչ արեց աջակցել միայն այն ուժերին, որոնք սատարում են Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը: Ժամեր անց հայտարարություն տարածեց Արցախի «Արդարություն» կուսակցությունը` համերաշխություն հայտնելով այս կոչին: Ավելին, «Արդարությունը» դիմեց նախագահ Բակո Սահակյանին` հորդորելով հանդես գալ հայտարարությամբ, խոստովանել անցած տարիներին թույլ տրված սխալները եւ ձեռնարկել առաջնահերթ քայլեր: Հայտարարության մեջ նշված են այն հարցերը, որոնք, հեղինակների կարծիքով, ներկայումս հուզում են Արցախի հանրությանը:
«Արդարությունը» փաստացի առաջարկում է լայն լյուստրացիա, կադրային լուրջ փոփոխություններ, հանրային կյանքի ժողովրդավարացում: Նույն օրը Քարվաճառ շրջկենտրոնում, Մարտակերտի շրջանի Վաղուհաս եւ Հաթերք համայնքներում հանդիպումներ է ունեցել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Պաշտոնապես դրանք կոչվում են «կուսակցական ակտիվի հետ քննարկումներ»: Իրականում նախկին վարչապետի հանդիպումներին ներկայանում են ոչ միայն կուսակցականներ կամ համակիրներ, այլեւ բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ:
Տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանի կոչից հետո Արցախում ձեւավորվում է Շարժում, որ նպատակ ունի համախմբելու փոփոխությունների աջակից շրջանակներին: Քաղաքական առաջատարը, ինչպես ցույց են տալիս Արայիկ Հարությունյանի հանդիպումները, դառնում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, իսկ «Արդարության» հայտարարությունը վկայում է, որ արցախյան հանրությունը խորքային առումով ընդառաջ քայլ է անում վարչապետ Փաշինյանին: Հանրային շրջանակներում խոսվում է մոտ ապագայում ավելի լայն կոնսոլիդացիայի հավանականության մասին: Ըստ երեւույթին, առաջիկայում կարող է սկսվել միջկուսակցական խորհրդատվությունների փուլ: Որոշ փորձագետներ պահանջված են համարում նախագահ Սահակյանի հրապարակային ելույթը` ակնկալելով, որ նա պարզություն կմտցնի Հայաստան-Արցախ հարաբերությունների շուրջ վերջերս տարածված ենթադրությունների եւ ասեկոսությունների հարցում:
Կարծիքներ