Կուտոյանից՝ Քյարամյան. ԱԱԾ-ի ու Հայաստանի կազմաքանդումը

Կուտոյանից՝ Քյարամյան. ԱԱԾ-ի ու Հայաստանի կազմաքանդումը

Այլեւս անհերքելի է, որ կազմաքանդված են բոլոր ոլորտները՝ քաղավիացիայից մինչեւ տնտեսություն եւ անվտանգություն։ Եթե որոշ ոլորտների կազմաքանդումը մեր երկրին կարող էր թույլ տալ դեռեւս որոշ ժամանակահատված պահպանել պետականությունը, ապա կան ոլորտներ, որոնց ոչնչացումը  պարզապես ական դարձավ Հայաստանի Հանրապետության համար: Դրանք անվտանգության եւ պաշտպանական ոլորտներն են: ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության օրոք դարձավ բացարձակապես վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, նրանց իշխանության անսասանությունը պահպանող, վարչապետի հրահանգները կատարող կառույց: 

Թեեւ ԱԱԾ-ի թուլացումը սկսվել էր մինչ Փաշինյանի իշխանության գալը՝ «Սերժի օրոք», երբ ԱԱԾ տնօրեն նշանակվեց երիտասարդ Գեորգի Կուտոյանը: Այս նշանակումն ԱԱԾ-ում միանշանակ չընդունվեց, կասկածների տեղիք տվեց: Չնայած Կուտոյանի մասնագիտական կրթությանը, ոլորտի պրոֆեսիոնալներն ու հնաբնակները երիտասարդին համարում էին ոչ այնքան հարմար թեկնածու՝ ԱԱԾ  բարդ ոլորտը ղեկավարելու համար: Սերժ Սարգսյանը Կուտոյանին կայծակնային արագությամբ առաջ մղեց․ նա 9 օրով նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար կենսագրության բացը լրացնելու համար: 

Կուտոյանն ուսանել էր Մեծ Բրիտանիայում: Ըստ մամուլի հրապարակումների, նրա քույրը՝ Աիդա Կուտոյանը, Լոնդոնում ՍՊԸ էր հիմնել, որը զբաղվում էր խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Կուտոյանը Մեծ Բրիտանիայից 2019 թ. դեկտեմբերի 9-ին էր Հայաստան վերադարձել՝ սպանությունից մոտ մեկ ամիս առաջ: Հիշեցնենք, որ «բրիտանական ծագում» ունի Սերժ Սարգսյանի նշանակած մեկ այլ կարեւոր պաշտոնյա՝ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ձեռքի մի հարվածով վավերացնում է Փաշինյանի ներկայացրած ցանկացած փաստաթուղթ,  եւ որի աչքի առաջ ամեն օր ոտնահարվում է ՀՀ սահմանադրությունը: Ի՞նչ կապ կար Սերժ Սարգսյանի կողմից նշանակված այս երկու առանցքային պաշտոնյաների միջեւ, բացի բրիտանական «արմատներից»: Փաշինյանն իշխանության եկավ, երբ ԱԱԾ տնօրենը հենց Գեորգի Կուտոյանն էր: Նա շնորհակալություն հայտնեց Կուտոյանին, որ վերջինս չէր խանգարել «սիրո եւ համերաշխության հեղափոխությանը»: Իսկ թե ինչու Կուտոյանը չէր խանգարել օտարերկրյա տարբեր կառույցների կողմից ֆինանսավորվող անձանց ձեռամբ իրականացված այս իշխանափոխությանը, մնաց անհայտ: 2018-ի «սիրո եւ համերաշխության հեղափոխություն» իրականացնողներին շարքային քաղաքացիները կարող էին չճանաչել, բայց ԱԱԾ-ն պարտավոր էր իմանալ, որ այն իրականացվում է օտար ուժերի կողմից: Այս հարցերին Կուտոյանը չհասցրեց պատասխանել. նրա մարմինը գտան իր տանը՝ հրազենով սպանված կամ ինքնասպանված: Երիտասարդ Կուտոյանն իր հետ տարավ շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը, հավանաբար, կդիմակազերծեր շատերին: Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակի արմատները նաեւ այդ գաղտնիքների մեջ են…

Փաշինյանի օրոք ԱԱԾ կարեւորագույն կառույցն ունեցավ 5 ղեկավար. Կուտոյանին փոխարինեց Արթուր Վանեցյանը, ով սկզբում սիրով կատարում էր ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու Փաշինյանի անհավասարակշիռ ցուցումները, սակայն որոշ ժամանակ անց այդ փռվածներն ու ծեփվածներն ազատության մեջ էին հայտնվում: Վանեցյանն առաջին պաշտոնյան էր, ով ինքնակամ ազատվեց պաշտոնից՝ Փաշինյանին ուղղված «Կանգ առ» սթափեցնող կոչով։ Առաջին պաշտոնյան էր, ով խոսեց երկրին սպառնացող վտանգների մասին: Սակայն ոչ բոլորն ընկալեցին այդ կոչերի կարեւորությունը. Վանեցյանին նիկոլապաշտներն անվանեցին դավաճան: ԱԱԾ կառույցի լրջությունն այս իշխանությունն այնքան էր իջեցրել, որ Վանեցյանին պատասխանելու իրավունք իրենց վերապահեցին Փաշինյանի դուստր Մարիամը, աներձագը, Արման Բաբաջանյանը եւ այլք: Սակայն մինչ այսօր էլ Վանեցյանը մինչեւ վերջ չի բացահայտում ունեցած ինֆորմացիան՝ դրանք համարելով իր լիազորություններից դուրս:

ԱԱԾ-ի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը շարունակվեց նաեւ հաջորդ ղեկավարի՝ Էդուարդ Մարտիրոսյանի օրոք. Փաշինյանը կառավարության նիստում նրան կարգադրեց զբաղվել սատանաների որսով, բենզալցակայանների ՀԴՄ կտրոնների ստուգմամբ: Բնականաբար, այս անհեթեթ հրահանգները չէին կարող կատարվել ԱԱԾ-ի կողմից: Մարտիրոսյանը նույնպես ազատվեց պաշտոնից: Եվ, վերջապես, ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց երիտասարդ Արգիշտի Քյարամյանը, որին կասկածելի նպատակով նախապատրաստում էր Նիկոլ Փաշինյանը, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը նախապատրաստեց երիտասարդ Գեորգի Կուտոյանին: Քյարամյանը Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր թռիչքաձեւ կարիերա է անում․ շատ կարճ ժամանակով նշանակվում է ամենաբարձր պաշտոնների՝ անգամ մեկ օրում երկու պաշտոն փոխելով: Նրա նշանակումը բուռն դժգոհություն առաջացրեց ԱԱԾ-ում, համակարգի պրոֆեսիոնալներից շատերը դուրս եկան համակարգից: Դա, կարծես թե, Փաշինյանի սրտով էր: Ի՞նչ կարեւոր առաքելություն ուներ երիտասարդ Քյարամյանն ԱԱԾ-ում: Շատերը կանխատեսում էին, եւ այդ կանխատեսումներն իրականություն դարձան 44-օրյա պատերազմի «արդյունքում». հենց Քյարամյանն էր ԱԱԾ տնօրենը, երբ պայթեց 44-օրյա պատերազմը: Ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ հետախուզությունն ու հակահետախուզությունը պատերազմից առաջ, իմացե՞լ էին մոտալուտ պատերազմի մասին, հայտնի չէ: Եթե գիտեին, ինչո՞ւ էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմի հենց առաջին օրը բացակայում Հայաստանից: 

Պատերազմի օրերին Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ անհասկանալի «հույժ կարեւոր» գործերով մեկնեց Արցախ: Ի՞նչ էր անում նա Արցախում,  ինչո՞ւ վերադարձավ Շուշին հանձնելու նախորդ օրը եւ ինչո՞ւ ինկասացիայի մեքենայով: Դրանից հետո ո՞ւր անհետացան Արցախի ԿԲ-ի գումարները: Այս հարցերը բազմիցս հնչել են քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Ինչեւէ, Քյարամյանն ԱԱԾ-ում իր «առաքելությունն» ավարտեց: Նրանից հետո մի քանի օրով պաշտոնավարեց Միքայել Համբարձումյանը, ապա՝ Արմեն Աբազյանը: Թե ինչ է մնացել ԱԱԾ-ից կամ, ավելի ստույգ՝ ինչ չի մնացել, արդեն պարզ է. Հայաստանի դռներն անարգել բացվել են թշնամու առաջ. թշնամին որ կողմից որքան ուզում՝ առաջ է գալիս, ինչ ուզում՝ անում է, մեզ մեր տնից գերի է վերցնում, սպանում է, դիրքեր ու ճանապարհ իրենով անում: Երեւանի կենտրոնում անարգել ու սանձարձակ պահվածքով շրջում են ադրբեջանցիները: Հայաստանի քաղաքացին անպաշտպան է մնացել իր երկրի ներսում, քանի որ երկիրն այլեւս անվտանգ չէ, քանի որ գործող իշխանության համար մեր երկրի ազգային անվտանգությունն անարժեք բան է, որի արդյունքում Հայաստանն ազատ անկման մեջ է հայտնվել…