Փաշինյանը վերացնում է տեղական ինքնակառավարումը եւ ընտրական ինստիտուտը

Փաշինյանը վերացնում է տեղական ինքնակառավարումը եւ ընտրական ինստիտուտը

Երկու կարկառուն օրենսդիր ՔՊ-ականներ Վահագն Հովակիմյանը եւ Վահե Ղալումյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում: Նրանք առաջարկում են դադարեցնել օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի գործունեությունը: Այդ կետը վերաբերում է համայնքի ավագանու անդամի կողմից այլ պաշտոն զբաղեցնելուն, եւ ըստ այդ կետի՝ համայնքի ավագանու անդամը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի, ղեկավարի պաշտոնակատարի կամ վարչական ղեկավարի պաշտոն: Սույն օրենսդիրները փաստացի առաջարկում են դադարեցնել այս հոդվածի գործունեությունն այն դեպքերի համար, երբ համայնքի ավագանին չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել, եւ վարչապետին իրավունք է տրվում համայնքի ավագանու անդամին նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հայաստանում ցանկացած օրենսդրական փոփոխություն ուղղված է ոչ թե հանրային հարաբերությունները կանոնակարգելուն, այլ իշխանության քմահաճույքների սպասարկմանը: Այս դեպքը եւս բացառություն չէ: Նիկոլ Փաշինյանն ուզում է ստանալ անվերահսկելի լիազորություններ իր քաղաքական հակառակորդներին ոչ միայն ճնշելու, այլ նաեւ նվաստացնելու համար: Տալ հնարավորություն՝ անտեսելու համայնքի ընտրողների կարծիքը եւ պարտված թեկնածուին նշանակել համայնքի ղեկավար: 

Ինչի՞ համար է օրենսդիրը սահմանել նման սահմանափակում՝ համայնքի ավագանու անդամին զրկելով համայնքի ղեկավար կամ ղեկավարի պաշտոնակատար աշխատելու հնարավորությունից: Համայնքի ղեկավարը, մեծ հաշվով, հաշվետու է ավագանուն, եւ ըստ մարդկային տրամաբանության՝ պաշտոնյան, այդ թվում համայնքային, չի կարող ինքն իր առաջ պատասխանատու լինել: Դրա համար, եթե նույնիսկ ավագանին չի կարողանում իր կազմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար ընտրել, իշխանությունը հնարավորություն ունի պաշտոնակատար նշանակել պայմանականորեն դրսից որեւէ մարդու, մինչեւ ավագանին կարողանա իր կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Ինչո՞ւ է իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք այդ սահմանափակման վերացումը, չէ՞ որ նա կարող է համայնքապետի ընդդիմադիր թեկնածուին կալանավորել եւ իր ուզած մարդուն նշանակել համայնքապետի պաշտոնակատար: Ինչի՞ է պետք, որ ժամանակավոր պաշտոնակատարը լինի  ավագանու անդամ: Բացատրությունը մեկն է. Փաշինյանին այլեւս չի բավարարում տեղական իշխանության բռնազավթումը, նա ցանկանում է նաեւ նվաստացնել հանրությանը եւ ընդդիմությանը: Փաշինյանն ուզում է համայնքապետի պաշտոնակատար նշանակել ընտրություններում պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուին՝ դրանով եւս մեկ անգամ ցույց տալով, որ համայնքի ընտրողների կարծիքն իր համար ոչինչ է: Իր համար չկա ընտրական ինստիտուտ, ընտրողի կարծիք. դուք մերժել եք իմ թեկնածուին, բայց նա, միեւնույն է, աշխատելու է համայնքապետ, որովհետեւ այդպես ես եմ որոշել: 

Փաշինյանը չափազանց հիասթափված էր ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, քանի որ հասկացավ, որ ինքն ու իր ՔՊ-ական թիմը մերժված են Հայաստանի ընտրողների կողմից: Միակ հնարավոր լուծումն ընտրական ինստիտուտի վերացումն է. երբ համայնքապետը ոչ թե ընտրվում է, թեկուզ ավագանու կողմից, այլ նշանակվում վարչապետի կողմից: Այս փոփոխությամբ Փաշինյանին հնարավորություն է ընձեռվում ընտրություններում պարտված կուսակցության ներկայացուցչին ղեկավար կարգել համայնքի վրա եւ ստիպել, որ ընտրություններում հաղթած քաղաքական ուժը հաշտվի այդ իրողության հետ:

Չհաշտվեն՝ ի՞նչ անեն. չհաշտվողներին էլ կկալանավորեն: 

Փաշինյանի իշխանությունը ձգտում է բացարձակ բռնապետության, երբ չկան որեւէ ֆորմալ կամ ձեւական սահմանափակումներ: Կա միայն նրա ցանկությունը, որը պետք է իրականացվի անվերապահորեն: Հենց այդ նպատակով է նաեւ իրեն շրջապատել մարդկանց մի խմբով, որը պատրաստ է իրականացնել նրա ամենաանհավանական ու անտրամաբանական ցանկություններն ու քմահաճույքները: Դրա համար է պետք նրա հնարավորինս արագ հեռացումն իշխանությունից:

Ավետիս Բաբաջանյան