ՇՊՀ-ում խմորումներ են․ ընդդիմադիր դասախոսները հաղթանակներ են գրանցում

ՇՊՀ-ում խմորումներ են․ ընդդիմադիր դասախոսները հաղթանակներ են գրանցում

Օրերս անդրադարձել էինք Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես նշել էինք, որ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մեկնարկել է ամբիոնների վարիչների նոր ընտրական գործընթացը։ Ուշագրավ է, որ ամբիոնների վարիչների ընտրությունը համընկնել է համայնքապետի ընտրության քարոզարշավի օրերի հետ։ Hraparak.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՇՊՀ ռեկտոր, իշխանության կողմնակից Երվանդ Սերոբյանին հանձնարարված է մի իսկական զտում անել եւ ամբիոնի վարիչներ նշանակել նրանց, ովքեր իշխանամետ են, իսկ նրանք, որոնք աչքի են ընկնում իշխանության նկատմամբ ըմբոստ պահվածքով, չներառել գիտխորհրդի կազմում։

Hraparak.am-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրը ՇՊՀ-ում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստ։
Նիստին մասնակցել են Գիտական խորհրդի 30 անդամներից 29-ը, ինչպես նաև համալսարանի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ: 

Օրակարգով նախատեսված է եղել  երկու ֆակուլտետների դեկանների ընտրությունը, սակայն, քանի որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի միակ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել, տեղի է ունեցել միայն Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը։ Ուշագրավ է թեկնածուի ինքնաբացարկի փաստը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ընկերոջ կինն է եւ բուհի աշխատակիցներից հիմնական ինֆորմացիան հավաքագրողը։ Մեզ պատմեցին, որ տիկինը վերջին պահին, խուսափելով դասախոսների հետ անձնական բախումներից, հրաժարվել է իր թեկնածությունից։ Ի դեպ, բուհում այս փաստը որպես հաղթանակ են արձանագրում իշխանամետ ռեկտորի նկատմամբ։ Մեկ այլ հաղթանակ էլ ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանի վերընտրվելն է։ Այս փաստը բավականին ուշագրավ է։ Մոտ երկու տարի առաջ Շիրակի պետական  համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանին հակակոռուպցիոնը ձերբակալեց՝ մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ: 

3 օր անց ազատ արձակվեց, իսկ դատական գործընթացը միայն վերջերս է մոտեցել ավարտին, վճիռը կհրապարակվի օրերս: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի և մշտապես կոշտ քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը։ Գյումրիում գրեթե բոլորն են վստահ, որ Մկրտչյանին քաղաքական հետապնդման ենթարկեցին, նրա դեմ հարուցած գործը շինծու է:

Չնայած Մկրտչյանի ընդդիմադիր քաղաքական հայացքներին, մեր տեղեկություններով՝ դասախոսները նրան ընտրել են միաձայն՝ համարելով, որ միակ ու արժանի թեկնածուն նա է: Բուհի իշխանամետ ռեկտորին չի հաջողվել ազդել նրանց ընտրության վրա: