Դատախազն ամեն ինչ անելու է, որ մարտի 1-ի գործը բացահայտվի. Սարգիս Քլոյան

Դատախազն ամեն ինչ անելու է, որ մարտի 1-ի գործը բացահայտվի. Սարգիս Քլոյան

Այսօր Երևանի մանկական զբոսայգում` նախկին կոմայգում, տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը: Միջոցառմանը ներկա էին նաև մարտի 1-ի 10 զոհերի հարազատները: Նկատենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները, որոնք Մարտի 1-ի անմիջական շահառուներն են, հուշարձանի բացմանը ներկա չէին, ավելին` Լևոն Զուրաբյանն ու Աշոտ Սարգսյանը մոտեցել էին Մյասնիկյանի արձանին, որտեղ ավանդաբար ծաղիկներ են դնում՝ հիշելով Մարտի 1-ը, սակայն այնքան ժամանակ սպասեցին Մաշտոցի պողոտայում՝ մինչև իշխանավորներն այգուց հեռանան, նոր իրենք մոտենան:

«Հրապարակը» զրուցել է մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ:

- Օրվա իշխանությունները` Նիկոլ Փաշինյանը, երբ նոր էր եկել իշխանության հայտարարում էր, որ մարտի 1-ի գործը անպայման բացահայտելու է, սակայն տարիներն անցնում են, իսկ «սայլն» այդպես էլ տեղից չի շարժվում: Իսկ այսօր էլ լրագրողներին ասաց, որ Մարտի 1-ը բացահայտվել է, սակայն մեղավորները չեն պատժվել։ Ձեր կարծիքով, Մարտի 1-ի գործն ինչո՞ւ է տեղում դոփում:

- Ես կարող եմ մի բան ասել` այն ժամանակ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դատավորներն էին, ավելին` քննիչները, դատավորները, բոլորը՝ հներից էին և գործը չէին ուզում բացահայտել: Անգամ երկու տարի Ռոբերտ Քոչարյանը նստեց բանտում, սակայն Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, բայց իրականում այն հակասահմանադրական չէր: Այս էր պատճառը, որ գործը տեղում դոփում էր: Մենք գիտենք թե ինչ է կատարվել, ես որպես ցույցի մասնակից ամեն ինչ տեսել ու ամեն ինչ ասել եմ, բայց գործը չի բացահայտվել: Հիմա նոր դատախազ է եկել, «սայլն» արդեն տեղից շարժվել է: Վստահ ենք, որ նոր դատախազն ամեն ինչ անելու է: Հսկող դատախազը ևս նոր է: Այնպես որ ամեն ինչ լավ է լինելու:

- Նշում եք, որ արդեն իսկ «սայլը» տեղից շարժվել է և դատախազի փոփոխությունը մեծ առաջընթաց է: Հանդիպե՞լ եք գլխավոր դատախազին, խոսե՞լ եք նրա հետ: Նախկինում զոհվածների սեւազդես մայրերը ոչ մի կերպ չեն կարողանում նրա ընդունելությանն արժանանալ։

- Հսկող դատախազի` Հայկ Հովհաննիսյանի հետ ենք հանդիպել: Խոսել ենք նաև փաստաբանի` Տիգրան Եգորյանի հետ: Ասել-խոսել ենք, ամեն ինչ նորմալ է:

- Գործի հետ կապված առաջընթաց կա՞: Խոսքից զատ, ի՞նչ գործնական քայլեր են արվում այժմ:

- Այդքան շուտ չի կարող առաջընթաց լինել, թե դատախազը, թե հսկող դատախազը նոր են, ո՞նց այդքան շուտ առաջընթաց կլինի: Կարևորը` լծված են գործին, ամեն ինչ անելու են, որ բացահայտվի մարտի 1-ի գործը: