Թրամփ՝ տրիումֆ եւ անելիքներ

Թրամփ՝ տրիումֆ եւ անելիքներ

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը շատ ուղիղ, համարյա ուղղագիծ ազդեցություն ունեցավ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Այստեղ արագ հասկացան, որ իրենց հովանավոր ամերիկացի դեմոկրատների արկածախնդրությունն ավարտվել է, փողերն էլ՝ հետը, եւ իրենք ուկրաինացի ժողովրդին ընդամենը որպես թարմ միս են մատուցել օտարների աշխարհակալ նկրտումներին: Թրամփը հայտարարել է Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն հաստատելու մասին, իսկ դա Ուկրաինայի «ռազմատենչ» ղեկավարության վերջն է, եթե չասենք՝ մահը:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Թրամփի օրոք չի սկսվել: Ավելին, նրա առաջին շրջանում՝ 2016-2020, տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Հակամարտության երկրորդ «սրացման» փուլում Թրամփն ԱՄՆ նախագահը չէր, հետեւաբար, ոչ մի պատասխանատվություն չի կրում Ուկրաինայի կորուստների եւ ուկրաինացի ժողովրդի կրած տառապանքների համար: Այս առումով Թրամփի խիղճը հանգիստ է: Հիմա ժամանակն է՝ կատարելու խոստումը, որ նա տվել է ԱՄՆ հարկատուներին. խաղաղություն հաստատել եւ այսուհետ իր երկրի շահերին ծառայեցնել այն միլիարդները, որոնք անիմաստ հոսում էին Ուկրաինաը: Թրամփի ընտրվելը նաեւ այս խոստումով էր պայմանավորված:

Թրամփը չի խոստացել, որ Ղրիմը կամ մյուս տարածքները կվերադարձնի Ուկրաինային: Նա չէր էլ կարող նման բան խոստանալ, որովհետեւ դա անիրագործելի է մի քանի առումներով: Կա Ուկրաինա պետության ստեղծման պատմությունը, կա ԽՍՀՄ պատմությունը, կա Ռուսաստանը, որ ժամանակին իրեն հռչակեց ԽՍՀՄ իրավահաջորդ, կա «մայդանի» պատմությունը եւ, իհարկե, կա ՆԱՏՕ-ի պատմությունը… Հակամարտության ծավալման մեղավորներն ու պատասխանատուներն առավել քան հստակ են, եւ Թրամփն անհրաժեշտություն չունի գլխիվայր շրջելու այս ամենը եւ, ավելի ցցուն դարձնելով արեւմտյան «կառավարիչների» վարած անհեռատես քաղաքականությունը, նոր հարվածների տակ դնելու իր երկրի վարկանիշը: Եթե ավելի հակիրճ՝ աշխարհի թիվ մեկ տնտեսությունը համարվող ԱՄՆ-ն փոխում է իր արտաքին քաղաքականությունը՝ կարճատեւ-հարկադիր արձակուրդի ուղարկելով «պատերազմների հրձիգ» դեմոկրատներին: Մի ընթացք ԱՄՆ-ին պետք է խաղաղություն՝ շունչ քաշելու, համաշխարհային զարգացումները գնահատելու եւ սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները հաշվարկելու համար: Իսկ որ աշխարհը կօգտվի նոր իրավիճակից, դրանում կասկած չկա:

Ի՞նչ կարող է անել Դոնալդ Թրամփը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, բացի այն մի քանի հայանպաստ արտահայտություններից, որ իրեն թույլ է տվել նախագահական քարոզարշավի ժամանակ: Դժվար է պատկերացնել, որ նա Ալիեւին ու Փաշինյանին կհրավիրի իր մոտ ու կկարգադրի վերջ տալ Արցախի հետ կապված տասնամյակների հակամարտությանը («Արցախ՝ այդպես են հայերն անվանում իրենց երկիրը». Դոնալդ Թրամփ): Բայց եւ սպասելի է, որ ԱՄՆ-ն առաջիկա 4 տարիներին կփորձի վերականգնել հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակները, որոնց ձախողման առաջին նշանները երեւացին Թրամփի նախորդ նախագահության վերջին ամիսներին (2020թ.) եւ, ի վերջո, հանգեցրին 44-օրյա պատերազմին: Վերսկսել բանակցությունները թեկուզ արդեն փլուզված Մինսկի խմբի հարթակներում, բարձրացնել այն հարցերը, որոնք դեռ կարելի է լուծել (արցախցիների իրավունքներ, ադրբեջանական զինուժի դուրսբերում Արցախի եւ ՀՀ տարածքներից, հայ-ադրբեջանական պետական սահմանի վերականգնում, ագրեսոր երկրի ապառազմականացում մինչեւ անհրաժեշտ մինիմում եւ այլն): Եթե Նիկոլ Փաշինյանը Զելենսկու պես չի ստում եւ իսկապես անհամբեր սպասում է Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն, ապա ինչ-որ բան գուցեեւ ստացվի: Բայց ես վստահ չեմ, որ ՀՀ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությանն իսկապես խաղաղություն է պետք: Խաղաղ ժամանակներում, սովորաբար, պատերազմ բերած եւ ամեն ինչ ձախողած իշխանությունները ենթարկվում են պատասխանատվության եւ, ի վերջո, հեռացվում ասպարեզից: Ես դեռ չեմ խոսում սեփական երկրին ու ժողովրդին դավաճանած իշխանությունների մասին, որոնցից պետք է ազատվել եւ չնայել՝ պատերազմ է, թե՝ խաղաղություն:

Փաշինյանն առայժմ պատրաստ չէ ուղիղ նայելու ճշմարտության աչքերին, հետեւաբար՝ նաեւ պատրաստ չէ Թրամփի հետ աշխատելուն: Դա են վկայում նաեւ Թրամփի ընտրվելու կապակցությամբ ՔՊ-ականների եւ նրա սատելիտ ուժերի տրտունջները: Փաշինյանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քուչա-քուչա ֆուտբոլ խաղալու ժամանակներն ավարտվում են:

Եվ վերջում երկու խոսք՝ Թրամփ-Պուտին հարաբերությունների մասին: Երկուսն էլ կյանքի տղա են՝ հեռու զիզի-բիզի բաներից, որոնցով աշխարհը պատվել էր հատկապես ԱՄՆ ամենաէկզոտիկ նախագահի՝ Օբամայի տարիներին եւ շարունակվել ոչ պակաս էկզոտիկ Բայդենի քառամյակում: Ինչ այլանդակություն ասես, որ չտեսավ համաշխարհային մարդկությունը՝ արաբական գարուններից մինչեւ սիրիական պատերազմ, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներքին գործերին միջամտելուց մինչեւ կվադրոբերական այլասերում: Մարդ արդեն չգիտի՝ G7-ն է լավ, թե կվադրոբերը: Ամեն ինչ պետք է իր տեղը դրվի, մարդկության զարգացումը պետք է մտնի բնականոն հուն, բոլոր պետությունները պետք է հասկանան, որ ցանկացած համագործակցություն լավ է, քան պատերազմն ու գզվռտոցը: Դեմոքրսին դրոշակ դարձրած՝ ամերիկացի ֆունկցիոներներն ու նրանց եվրոպական թութակները, հավանաբար, այս պարզ բանը չէին հասկանում: Դժվար էր, չէ՞, ինքնուրույն գլխի ընկնել, որ Ռուսաստանի հետ համագործակցելն ավելի հեշտ է, քան նրա դեմ պատերազմելը: Եվ ինչպե՞ս էին նրանք պատկերացնում, որ, Զելենսկուն առաջ տված, հեսա-հեսա, ամբողջ Սիբիրն իրենցով են անելու: Թրամփն այդպես չի մտածում` նա խաղաղության, հետեւաբար նաեւ համագործակցության կողմնակից է: Վերջապես, նա պատրաստ է հանուն իր երկրի համագործակցել անգամ սատանայի հետ, էլ ուր մնաց, որ Պուտինի, Կիմ չեն Ընի, Սի Ծինփինի հետ չկարողանա լեզու գտնել: