Աշոտ Աղաբաբյանի նոր, սենսացիոն գիրքը՝ «Գաղտնիքների տիրակալը»

Աշոտ Աղաբաբյանի նոր, սենսացիոն գիրքը՝ «Գաղտնիքների տիրակալը»

Մայիսի 6-ից, ժամը 13:00-ից Բուկինիստի գլխամասային գրախանութում (Մաշտոցի պող.) վաճառքի կհանվի գրող Աշոտ Աղաբաբյանի նոր բացահայտումը՝ «Գաղտնիքների տիրակալը» վեպը: Միայն 13:00-19:00-ն գիրքը հնարավոր է ձեռք բերել 20% զեղչով, նաև հեղինակի մակագրությամբ: Այդ ժամերին հեղինակը կլինի գրախանութում:

Ա. Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» բեստսելլերներով, որոնք վերահրատարակվել են 8 անգամ, թարգմանվել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:

«Գաղտնիքների տիրակալը» վեպում առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդու՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Աղայանցի կյանքի ոդիսականը, որի մասին արգելված էր գրել շուրջ 80 տարի:

Գրքի մասին պատմում է հենց ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը․

- Այս գրքի վերնագիրն ինձ հուշեցին Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն ու իր կինը՝ ոչ պակաս լեգենդար հետախույզ Գոհար Լևոնովնան, երբ երևանյան իրենց բնակարանում ճաշի էի հրավիրված։ Նրանք ընթերցել էին իմ «Ռեզիդենտը» վեպը և Ջհան Հովհաննիսյանի միջոցով ինձ հրավիրել իրենց տուն։ Մեր առաջին ծանոթությունից հետո երևանյան գրեթե բոլոր այցելությունների ժամանակ հանդիպում էինք։ Մի օր, երբ ես ասացի, որ պատրաստվում եմ գիրք գրել հետախույզ Իվան Աղայանցի մասին, Գոհար Լևոնովնան հանկարծ կտրուկ ոտքի կանգնեց ու բացականչեց․ Իսկ Դուք գիտե՞ք, որ Աղայանցն աշխարհի իմ ճանաչած ամենահզոր հետախույզն է։ Մենք Գևորգի հետ նրա աշակերտներն ենք, հինգ տարի Թեհրանում միասին ենք աշխատել։ 1940-45 թթ․ Թեհրանում երկու շահ կար՝ Փեհլևին և Աղայանցը։ Նրա մասին առանձին չի գրվել, որովհետև ամենափակ, ամենագաղտնի կառույցի՝ պետանվտանգության համակարգում իր իսկ ստեղծած «Դ» (Դեզինֆորմացիա) վարչության պետն էր։ Իսկ Գեորգի Անդրեևիչն ասաց՝ Ես Ձեզ հուշեմ Ձեր ապագա գրքի վերնագիրը՝ «Պետական գաղտնիքների տիրակալը»։ Իմ ճանաչած ամենատեղեկացված մարդն էր։ Նրանից հետո Գոհարի հետ քառասուն տարի արտասահմանյան տարբեր պետություններում ենք աշխատել։ Բայց այդպես էլ Աղայանցի նման հզոր անհատականություն, ավելի շատ կարդացած, ինտելեկտուալ ու քաղաքակիրթ մարդ չեմ հանդիպել։

Երկար ժամանակ պահանջվեց նյութերը հավաքելու համար։ Ընթերցողը գիտի, որ ես գրում եմ իրական պատմություններ, բայց այս գիրքն առանձնանում է մնացյալից։ Այս վեպում նույնիսկ Ստալինի գաղտնի առանձնազրույցները Չերչիլի, Ռուզվելտի, Շառլ դը Գոլի և այլոց հետ մտացածին չեն, այլ իրական ճշգրիտ երկխոսություններ։ Այդ մասին ինձ «պատմել» են անձամբ Շառլ դը Գոլը իր «Զինվորական մեմուարներ» երկհատորյակով, Ուինսթոն Չերչիլն իր «Երկրորդ համաշխարհային պատերազմը» հինգ հատորի միջոցով, ևս երեսունմեկ գիրք, որոնց մի մասը վաճառքի ենթակա չեն։ Բազմաթիվ արխիվային նյութերին ավելացան նաև Վարդանյանների հուշերը, որ նրանք պատմում էին երևանյան այցելությունների ժամանակ:

Ես եղել եմ նաև Թեհրանում, այն վայրերում, որտեղ իր պատմական առաքելությունն էր իրականացրել Աղայանցը։ Ինձ մեծապես աջակցել է իմ «Թակարդ» վեպի իրական հերոսը՝ հետախույզ Ջհան Հովհաննիսյանը, սովորական «մահկանացուին» ոչ հասու եզակի գրականություն ու նյութեր հայթայթելով, որի համար երախտապարտ եմ։ 

Ի մի բերելով ամբողջ նյութերն ու արխիվային փաստաթղթերը այս բացառիկ անհատականության մասին, անհագ ծարավ զգացի Իվան Աղայանցի մասին շտապ գրելու։ Որովհետև համընդհանուր ընկճվածության այս օրերին մեր ժողովրդին հուսադրելու, հավատ ներշնչելու յուրօրինակ պատմություն է այս հայորդու կյանքի ոդիսականը։ Ուզում էի մեր ժողովրդին օր առաջ ներկայացնել այս ամենը։ 

Շատերին կարող է թվալ, թե այս պատմությունը ֆանտաստիկայի ժանրից է, որ մի անհատը չի կարող այսքան լայնամասշտաբ, համաշխարհային մակարդակի գործունեություն ծավալել, առավել ևս, որ ապրել է ընդամենը 56 տարի։ Բայց ձեռքիս տակ եղած փաստերը կասկած չեն հարուցում։

Եվ ավելի քան 580 էջանոց վեպը գրեցի մեկ շնչով՝ ընդամենը 67 օրում։ Հուսով եմ, իմ ընթերցողներն էլ այն կկարդան մեկ շնչով։