Չափի զգացումը կորցրածները

Չափի զգացումը կորցրածները

Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են: Համեստ մարդուն, ով իր չափը գիտի, հարգում է դիմացինին, չի գերագնահատում իր գիտելիքներն ու ունակությունները, գիտակցում է իր սխալները, զղջում է դրանց համար, միշտ կարելի է ներել ու հասկանալ: Բայց երբ մարդը եւ հիմար է, եւ տգետ, եւ ինքնահավան ու մեծամիտ, դրան գումարած` իրեն անսխալական է համարում ու անթերի, նա ուղղակի չարիք է դառնում իր շրջապատի համար: Առավել եւս երբ նա նաեւ իշխանության կրող է, լծակներ ունի ու աթոռով պայմանավորված` կշիռ: 

Իշխանական զույգն արդեն տեւական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, դասեր է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ է կպցնում տարբեր` իրենցից գրագետ ու խելացի մարդկանց, ինչ որ մտքեր ու զգացումներ է վերագրում հանրությանը, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ: 

Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «կեղծ-սուտ» տեղեկությունների, «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ եւ անգամ «բարեկամական խորհուրդներ» են տալիս` «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»: 

6 տարի լինելով իշխանության, սրանք անգամ չեն հասկացել, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել իրենց քայլերով ու գործողություններով: Չեն գիտակցել, որ մարդիկ իրենց մասին դատում են ոչ թե ուրիշներից լսածով, այլ` հենց իրենցից: Չեն գիտակցել, որ անգամ իրենցից լսածն այնքան դեր չի խաղացել, որքան` մարդու տեսածը, ապրածը: 

Մեր երկրին բերած բոլոր ավերածությունների ու կորուստների 10 տոկոսն անգամ բավարար կլիներ, որ ցանկացած նորմալ երկրում իշխանափոխություն լիներ եւ տվյալ իշխանությանն առնվազն տուն ճանապարհեին: 

Իսկ ինչ վերաբերում է կրթվելուն եւ գիտելիք ստանալուն, ապա այստեղ եւս իշխանական զույգը հպարտանալու շատ բան չունի: Անգամ մի քանի տասնյակ լեզու սովորելը չի օգնի հաղթահարել այն տգիտությունը, որով այսօր կառավարվում է մեր երկիրը: 

Առհասարակ` բառերն ու հասկացությունները մեզանում արժեզրկվել են: Իշխանություններին քննադատելու փոխարեն, իշխանությունն է քննադատում եւ իրեն քննադատողներին տգետ անվանում: Ինչքա՜ն պետք է մարդն իրականության ու չափի զգացումը կորցրած լինի, որ ՀԱԿ անդամ, ՀՀ առաջին նախագահի զինակից Լեւոն Զուրաբյանին տգետ անվանի: 

Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի, իսկ մի քանի օր անց շնորհավորի Նիկոլ Ծատուրյանի 80-ամյակը, որովհետեւ վերջինս իր «էլեկտորատն» է: 

Ինչքա՜ն պետք է մարդը չհարգի իր ժողովրդի պատմությունը, որ ժխտի Արեւմտյան Հայաստան տերմինը եւ Արմավիրը Արեւմտյան Հայաստան հռչակի: 

Ինչքա՜ն պետք է ատի ու ժխտի Արցախը, որ հայտարարի, թե Ղարաբաղն էն գլխից հանձնված էր ու ենթարկվի Մինսկի խմբի ֆորմատը ոչնչացնելու ալիեւյան հրահանգին: Ինչքա՜ն պետք է պետական բյուջեն համարի իր անձնական օգտագործման «գրպանը», որ կրճատի Պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, որովհետեւ իրեն հայոց պատմություն պետք չէ, իսկ Պատմության ինստիտուտի տնօրենն էլ երբեմն քննադատել է իրեն: 

Ինչքա՜ն պետք է մեծամիտ ու ինքնահավան լինի, որ միանձնյա մի ողջ ժողովրդի ճակատագիր որոշի եւ չվախենա պատմության դատաստանից: