Մարդիկ կան՝ կախվել են, մոստից իրենց գցել. ավտոներկրողների ակցիան՝ կառավարության դիմաց

Մարդիկ կան՝ կախվել են, մոստից իրենց գցել. ավտոներկրողների ակցիան՝ կառավարության դիմաց

Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները։ Եկել ենք , որ հասկանանք կառավարության դիրքորոշումը, բայց, ինչպես տեսնում եք, նրանք լռում են։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ։

«Պետք է վարչապետը  այս ամբողջ  գործընթացին տիրապետելու համար հարց ուղղի Ռուսաստանին, թե մեր մեղավորությունը ո՞րն է, ի՞նչ են ուզում, մշտական գրանցու՞մ են ուզում, կացության կարգավիճա՞կ են ուզում։ Այս հարցերը թող մեր Կառավարությունն ուղղի։ Հարցն այն չէ, որ մենք եկել, ասում ենք՝ մեր կուտակված մեքենաները ո՞նց վաճառենք, հարցն այն է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով էլ՝ խոշոր ներդրողներ են եղել, որոնք իրենց կախել են,  կամուրջից նետվել։

«Մոստից գցվել են, որովհետև բանկերի տակ են։ Էդ գումարը տարիներով հավաքած գումար է, բացի այդ բանկերից, դեսից դենից, տուն ենք գրավ դրել, էդ փողերը վերցրել ենք գործի մեջ դրել։ Եթե էդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև  չեք կարողանալու դրսում վաճառելու։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000 հատ։ Անձամբ ես 1000 հատ մեքենա եմ բերել եմ, էդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել ու քաշվել են մի կողմ»,- շեշտեց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ Ռուսաստանում հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում երթևեկել։ Նրանց ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։