Ինչո՞ւ Բրյուսովի եւ բժշկականի ռեկտորները ներկա չէին մանկավարժականի 100-ամյակին

Ինչո՞ւ Բրյուսովի եւ բժշկականի ռեկտորները ներկա չէին մանկավարժականի 100-ամյակին

Նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություն եւ համերգ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին։
Հանդիսավոր արարողությանը, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում անձով պայմանավորված, միջոցառմանն ընդառաջ, տարվել են նախապատրաստական, անվտանգային խստացված աշխատանքներ: Ավելին` 2 օր առաջ հրավիրյալ անձանց տեղեկացրել են, որ Օպերայի շենք մտնելու համար պետք է ներկայանան անձնագրերով:

Վարչապետի ներկայությունը եւ մուտքի խստացված ընթացակարգը կաշկանդել են հրավիրյալներից շատերին, մասնավորապես տեղեկացանք, որ գործընկեր բուհերից երկուսի ռեկտորները չեն մասնակցել մանկավարժականի 100-ամյա հոբելյանի միջոցառմանը։ Մեկը եղել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, մյուսը` Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ռեկտոր Արմեն Մուրադյանի` միջոցառմանը չմասնակցելու վերաբերյալ մեր հարցին Բժշկական համալսարանից հետեւյալը փոխանցեցին. «Արմեն Մուրադյանը հրավերը ստացել է, բայց նախօրոք պլանավորված՝ հիվանդի հարցով կոնսիլիում ուներ ու, ցավոք, չի կարողացել ներկա գտնվել»:

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչու ներկա չի գտնվել Մանկավարժական համալսարանի 100-ամյա տոնակատարությանը, հրավեր չէ՞ր ստացել։ «Իհարկե, ինձ հրավիրել էին, բայց այդ օրը վատառողջ էի եւ չկարողացա մասնակցել»,- կարճ նկատեց նա:

Վարչապետն այդ օրվա իր ելույթում նշել էր կրթական բարեփոխումների անխուսափելիության մասին՝ ըստ էության, ակնարկելով, որ անխուսափելի է նաեւ բուհերի միավորման հարցը: Մյուս կողմից էլ, օրեր առաջ Բրյուսովի անվան համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը մեզ հետ զրույցում հույս եւ լավատեսություն էր հայտնել, որ իրենց պայքարը հաջողել է: Ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, բուհերի միավորման հարցում իրենց պայքարը հաջողե՞լ է, թե՞ ոչ։ «Ես միայն կասեմ, որ մեր ձայնը լսվեց, եւ մեր հանդիպումը փոխվարչապետի հետ տվեց իր արդյունքը: Մենք համալսարանի անունից գրություն էինք ներկայացրել վարչապետին` խնդրելով, որ ձեւավորվի մասնագիտական խորհուրդ, որը միայն հատվածաբար այս 3 բուհերի միավորման հարցը չի դիտարկի, այլ ընդհանուր քննարկման կդնի հարցը, եւ կլինի ընդհանուր պլան, մոտեցում բոլոր պետական բուհերի մասով: Այսօր արդեն տեսա, որ վարչապետը ստորագրել է որոշում, որի համաձայն՝ այդ աշխատանքային խումբը ստեղծվել է, եւ այդ որոշման մեջ կա նաեւ, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն` վերլուծություններ, առաջարկություններ` համաձայն այդ վերլուծությունների եւ ուսումնասիրությունների: Խմբի անհատական կազմը եւս հաստատված է, ու նաեւ, թե ինչ աշխատանքեր պետք է խումբն իրականացնի»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ աշխատանքային խմբում բուհերից ներկայացուցիչներ չկան:

Ինչպես տեղեկացանք, վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, եւս 8 հոգի ներառված է աշխատանքային խմբում, որոնց թվում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, ԿԳՄՍ նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը,  Գիտության կոմիտեի, ԳԱԱ նախագահները, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի օգնական Գեւորգ Բարսեղյանը եւ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:
Ինչ վերաբերում է որոշմանը, ապա ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է մշակի եւ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով նոր ձեւավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Նոր ձեւավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն: Ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ակադեմիական քաղաքում նոր ձեւավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն: Համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների եւ գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն եւ այլն:

Հատկանշական է, որ որոշման մեջ բոլոր ձեւակերպումներն առնչվում են նոր ձեւավորվող բուհերի կառուցվածքին, բովանդակությանը, այսինքն՝ որոշման մեջ արդեն իսկ առկա են բուհերի միավորման դատավճիռն ու դրա անխուսափելիությունը, ինչի մասին էլ մանկավարժականի 100-ամյա տոնակատարության ժամանակ իր ելույթում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, ծննդյան օրվա նվեր մատուցելով Մանկավարժական համալսարանին, որին միանալու են Բրյուսովի անվան համալսարանն ու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը: