Այ, երբ Թովմասյանը արձակուրդից վերադառնա…

Այ, երբ Թովմասյանը արձակուրդից վերադառնա…

Խոզի գլուխը դրեցին խալիչի վրա՝ գլորվեց, ընկավ ցեխը: Ասեք, որ մենք այսօր այս տեսարանի ականատեսը չենք: Ո՞ւր է գլորվում Փաշինյանը… Իսկ նա գլորվում է բառիս բուն իմաստով: Եթե կարող եք՝ ասեք, որ նա անշեղ ընթացքով մի լավ տեղ է գնում, մեզ էլ իր հետեւից է տանում: Ներողություն, իհարկե, բայց երբ մարդուն ասում եք առաջնորդ, բարի եղեք ասել նաեւ, թե նա մեզ ուր է առաջնորդում: Կարող եք ընդհուպ նշել, որ այդ տեղը դժոխքն է: Առաջնորդը կարող է նաեւ դեպի դժոխք առաջնորդել, բայց Փաշինյանը չի առաջնորդում, նա պարզապես գլորվում է ֆիզիկայի օրենքներով, երբեմն` դանդաղ, երբեմն` ավելի թափով՝ նայած վայրէջքի աստիճանին: Բայց մի՞թե մենք Նիկոլ Փաշինյանին դրա համար էինք ընտրել ու դրել խալիչին:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, որի մասին գրում ու խոսում են բոլորը, ըստ էության, օրինաչափ է: Այսպես էլ պետք է լիներ: Ուզում եմ ասել, որ եթե բոլոր ոլորտներում տապալված վիճակ ես ստեղծում, չես կարող ՍԴ-ի շուրջ կախովի այգիներ հիմնել, շրջակայքը վերածել դրախտի: Ավելին ասեմ՝ արդարադատությունն սպանելուց հետո պետք է սպանես նաեւ ՍԴ-ն, որ հետո քեզնից հաշիվ չպահանջեն: Պետք է ՍԴ-ն սպանես, որ ձեռքդ բռնող չլինի, որ քեզ ասող չլինի՝ այդ ո՞ւր ես գլորվում, բալամ, ախր, դեպի աջ չի կարելի գնալ, որովհետեւ օրենք ես խախտում, դեպի ձախ էլ չի կարելի գնալ, որովհետեւ էլի օրենք ես խախտում: ՍԴ-ն պետք է քանդես, որ քեզ չասեն՝ ուղիղ գնա, դժվա՞ր է, ոչինչ, բայց պետք է ուղիղ գնալ, դեպի վեր գնալ, լինել առաջնորդ:

Այն, ինչ ասացի, կարող է ուշացած թվալ, գուցե նույնիսկ ուշացած է, բայց ճիշտը մեկ հատ է լինում՝ պետական գործերում չի կարելի գլորվել դեպի այնտեղ, որտեղ ռելիեֆն է ուղղորդում: Այդպես գլորվելով՝ մի գեղեցիկ օր հայտնվում ես փոսում, որտեղից ելք չունես: Փաշինյանն այս պահին պարկի մեջ է հայտնվել: Դա օրենքներից գործված մի պարկ է, որ նրան թույլ չի տալու այլեւս դուրս գալ: Հստակ ժամկետներ չկան, թե դեռ որքան նա կմնա այդ պարկում, բայց հստակ է, որ մինչեւ հրաժարական չտա, նրան այդ պարկից դուրս թողնող չի լինելու: Փաշինյանը կարող է սուտ մեղա գալ, մարդ մեջ գցել, որ ազատեն, Արարատ Միրզոյանին օգնության կանչել՝ վերջապես, բայց դա ելք չէ: Պարկն այնքան մեծ է, որ Արարատ Միրզոյանը չէ, մի ամբողջ ֆրակցիա էլ, եթե ոչ երկուսը, կտեղավորվեն նրա մեջ: Չէ, սա իսկապես վերջն է: Ինչքա՞ն կարելի է սուտ ասելով գլորվել՝ ֆռռցնել, խաբել, քցել, քանդել, վարի տալ, վախեցնել, թքոտել, մրոտել: Չէ, եղբայր, լավ էլ գլորվել ու ընկել ես ճիշտ այնտեղ, որտեղ պետք էր: Եկել, ուզում ես քո իմքայլական դեբիլոիդներով ՍԴ գրավել: Ախր, այնտեղ լուրջ մարդիկ են նստած: Երբ Վահե Գրիգորյանին խցկեցիք ՍԴ, դուք արդեն պարտավոր էիք հասկանալ, որ դրանից ավելին անել չէիք կարող: Բայց ձեր ախորժակները բացվեցին, ու քշեցիք արդարադատության միջնաբերդի վրա: Դուք, ինչ է, մտածեցիք, որ կարող եք Հրայր Թովմասյանի հետ «կո՞ճի գցել»:

Տխրահռչակ Արման Բաբաջանյանը մի առիթով Փաշինյանին ասել էր, որ վաղը, մյուս օրը այս դատավորներն են իրեն դատելու, եթե վեթինգը կիսատ մնա: Թե ինչու է Արման Բաբաջանյանը մտածում, որ այդ դատավորները միայն Փաշինյանին են դատելու, չգիտեմ, բայց համոզված եմ՝ հենց որ պարկում հայտնված «ձկները» դադարեն խլրտալ ու լողակները վեր բարձրացնեն, նրանց տեղավորելու են նույն տապակի մեջ ու տապակեն այնքան, որ Հայաստանում այլեւս ոչ ոք չփորձի խաբեությամբ գալ իշխանության ու խաղալ ժողովրդի ճակատագրի հետ: Եվ ճիշտ կանեն:
Քաղաքական բոսյակներին ոչ մի պարագայում չի կարելի մոտ թողնել պետության կառավարման վահանակին: Փաշինյանի իմքայլությունն ասվածի վառ ապացույցն է, անգաղափար ու անհայրենիք մի ամբոխ, որ պատահաբար հայտնվելով փառքի գագաթին՝ իրեն տվեց թալանի, կողոպուտի, դարձավ պաշտոնամոլ, շլացավ կոմֆորտից ու չնկատեց, թե ինչպես կորցրեց իր իսկ կողմից մանիպուլացված զանգվածներին: Այդ ի՞նչ արժեքներից է խոսում Փաշինյանը, որ իբր բերել են 2018-ին:

Ըստ իս, 2018-ին տրվել են սուտ խոստումներ, որոնք բացահայտվել են ընդամենը 2 տարի անց: Ես քո բերած ո՞ր արժեքին հավատամ: Հիմա էլ ասում ես՝ ապագա խորհրդարանում կլինեն այն ուժերը, որոնք իրենց մեջ կկրեն թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության արժեհամակարգը: Սա մի այնպիսի հակաժողովրդավարական սուտ է, որպիսին իրեն թույլ չի տվել աշխարհի եւ ոչ մի ղեկավար (Հիտլերին ու Ստալինին չհաշված): Նախ «հեղափոխությունը» ճիշտ սահմանեք եւ հետո միայն խոսեք այդ կլոունադայի բերած արժեքներից: «Թավշյան»՝ դա Սերժ Սարգսյանի բնավորությունն է, կասեի՝ բարությունը, եթե չվախենայի անտեղյակների հարձակումներից: Ոչ բռնին՝ դա մեր իրավապահների եւ անվտանգության համակարգի անգործությունն է, որ արտահայտվեց Փաշինյանի «չարաճճիությունների» վրա աչք փակելով, «ժողովրդականն» էլ սորոսական ՀԿ-ներն ու արեւմտյան տեխնոլոգիաներն են, որ փողոց հանեցին հայ պողոսականությանը:

Եվ սա արժեք է, որ ես պետք է կրե՞մ իմ մեջ եւ այս երեք կոմպոնենտներից բաղկացած կլոունադան պետք է համարեմ հեղափոխությո՞ւն: Չէ, բարեկամ, ես ձեր խմբակի հետ դատվելու ցանկություն չունեմ: Խնդրեմ՝ Նիկոլն ա, Արարատ Միրզոյանն ա, Վահագն Հովակիմյանն ա, Արման Բաբաջանյանն ա, Սծյոպիկ Սաֆարյանն ա, կորոնավիրուսի յոթն ու քառսունքը մի տեղ արած Արսեն Թորոսյանն ա, դիաֆոբիայից գլուխը կորցրած Ալեն Սիմոնյանն ա, սպառնըմ չեմ, բայց Էդմոն Մարուքյանն ա… թող գնան՝ դատվեն: Իսկ, ինչ է, երկրում սահմանադրական հեղաշրջում անելն այդ երբվանի՞ց է «արժեք» դարձել, որ մի հատ էլ ինձ համոզում է, որ կրծքիս տակ կրեմ այն:
Բայց լավ էլ թպրտում եք իրավաբանների պարկի մեջ: Ձկնորսներն այդ պարկին «սադոկ» են ասում: Այն կիսով չափ ընկղմում են ջրի մեջ, որ ներսի շնչավորներն օդ կուլ չտան, մինչեւ Հրայր Թովմասյանն արձակուրդից վերադառնա: Այն էլ ասեմ, որ ժողովրդին կարելի է մեղադրել ամեն ինչի մեջ, բացառությամբ թերեւս այն բանի, ինչ հիմա կատարվում է իրենց հետ: Ժողովուրդը, ինչ հասնում էր իրենից, արել է դեռ 2018-ին՝ սրանց դնելով խալիչին, իսկ թե ինչու այսպես եղավ, պետք է հարցնել «սադոկի» մեջ թպրտացող ձկներին: