Դաշնակցության քննադատությունը չարից չէ

Դաշնակցության քննադատությունը չարից չէ

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն և էկոնոմիկայի նախկին նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք կետ առ կետ քննադատության ենթարկեցին կառավարության գործունեության ծրագիրը, ապա հայտարարեցին, որ իրենց քննադատությունները չարությունից չեն, և մեծ ցանկություն ունեն, որ նոր կառավարությունը հաջողի․

«Ես կխնդրեմ, որ բոլորը՝ այդ թվում մեր քննադատությունները լսողները, մոտենան հարցին այնպես, որ մենք ոչ թե ուզում ենք որ իրենք ձախողեն, այլ մենք իսկապես ուզում ենք, որ երկրում այնպիսի փոփոխություն լինի, այնպիսի պատասխանատուներ լինեն պաշտոններին, որոնք գիտակցում են, որոնք հասկանում են, պատրաստ են և կրում են զարգանալու բեռը իրենց ուսերին, այլ ոչ թե մարդիկ կամ մարդկանց մի խումբ՝ մասնավորապես շատերը, որոնք պարզապես իրենց անփորձության հիմնավորմամբ կամ իրենց այլ հայացքներ կրելու հիմնավորմամաբ փորձում են ներկայանալ իբրև երկրում պետական պաշտոններ կամ ազգային արժեհամակարգ ունեցող մարդիկ։ Ես կխնդրեմ, որ բոլոր լսողները հարցին մոտենան հետևյալ կերպ․ մեր քննադատությունը ցավոտ է, բայց չարի քննադատություն չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ 

Հարցինք, թե հակասություն չկա այն մտքի մեջ, որ իրենք չեն ցանկանում, որ կառավարությունը ձախողի, մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ասում էր, որ նոր իշխանություններին «տուն ուղարկելու» քաղաքականություն են վարելու․

«Դրա մեջ չարիքը ո՞րն է։ Ընդդիմության նպատակն այն է, որ գա իշխանության, ու, այո, մենք մեր առջև խնդիր ենք դրել , որ առաջիկա տարիներին գանք իշխանության, դա շատ նորմալ է, և աննորմալ է, երբ դու քո առջև նման խնդիր չես դնում ։ Բայց մենք ոչ թե խանգարելու ենք իշխանություններին, այլ ամեն ինչ անելու ենք, որ հաջողեն, իրոք, անկեղծ ուրախ կլինենք»,- պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։

Իսկ եթե իշխանությունները հաջողեն, ՀՅԴ-ն ինչպե՞ս պետք է գա իշխանության․

«Մենք կհամարենք, որ արդեն եկել ենք։ Մեզ համար սկզբունքային նշանակության հարցը այն է, որ երկրում փոփոխություններ լինեն, զարգացած Հայաստան ունենանք։ Դա մեր նպատակն է։ Եթե իշխանությունը չի կարողանում այդ նպատակին մոտեցնել, ուրեմն մենք ենք պատրաստ այդ իշխանությունը վերցնելու, որպեսզի մոտեցնենք այդ նպատակին»,- այս անգամ էլ Սաղաթելյանին շարունակեց Արծվիկ Մինասյանը։