«Հրապարակ». Ո՞ւր է Քրիստինե Գրիգորյանը, ու ի՞նչ եղավ Արտաքին հետախուզական ծառայությունը

«Հրապարակ». Ո՞ւր է Քրիստինե Գրիգորյանը, ու ի՞նչ եղավ Արտաքին հետախուզական ծառայությունը

Շուրջ 1 տարի է, ինչ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է` այն ընդունվեց 2022 թվականի  դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին, եւ օրենքն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Նշենք, որ այս օրենքի հիման վրա պետք է արտաքին հետախուզությունն անջատվեր Ազգային անվտանգության ծառայությունից, եւ պետք է ձեւավորվեր նոր՝ Արտաքին հետախուզական ծառայություն։ Կառավարությունից ու արդարադատության նախարարությունից մեր հարցին պատասխանելու համար, թե երբ է ձեւավորվելու ծառայությունը, չկարողացան պատասխանել, փոխարենը գրավոր հարցում պահանջեցին՝ միայն ասելով, որ ծառայությունը ձեւավորվելու է կառավարության որոշման հիման վրա, որն այս պահին չկա։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, եւ հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում՝ նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։ Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Գրվեց այդ մասին, եւ ոչ մեկի կողմից չհերքվեց:

Փաստորեն ստացվում է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։ Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Թե ինչի հիման վրա` պարզ չէ: Այսինքն՝ այս ծառայությունը դեռեւս 3 տարի կարող են չձեւավորել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հապճեպ օրենք ընդունեցին, ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը, եւ ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, եւ սույն կառույցը ձեւավորվի։

Եթե իշխանությունները գնում էին նոր ծառայություն ստեղծելու ճանապարհով, ապա տրամաբանությունը հուշում է, որ դա անհրաժեշտ էր պետական անվտանգության տեսանկյունից, սակայն այն մինչ օրս ձեւավորված չէ։

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչու ընդունվեց օրենքը, եթե ծառայությունը չի ձեւավորվում, եւ ի՞նչ ենթադրություններ ունի՝ ինչո՞ւ չի ձեւավորվում կառույցը։ «Հարցին այս տեսանկյունից է պետք նայել․ իշխանությունները 2018 թվականին իրենց հանցախմբով գրավելով մեր երկրի իշխանությունը՝ ամբողջությամբ կազմաքանդեցին բոլոր պետական համակարգերը։ Բանակը կազմաքանդեցին եւ շարունակում են կազմաքանդել, ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն սարքեցին՝ անհասկանալի պատճառաբանություններով, Ազգային անվտանգության ծառայությունն էլ որոշեցին սարքել Արտաքին հետախուզության ծառայություն եւ նշում էին, որ դա պետք է շուտ կազմակերպեն։ Նույնիսկ անուններ հնչեցին՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան կար՝ Քրիստինե Գրիգորյանը, խոսվում էր, որ նա կարող է նշանակվել։ Խոսքը խայտառակության մասին է․ ԱԱԾ-ն, թեկուզեւ կոչեն Արտաքին հետախուզական ծառայություն, լուրջ պրոֆեսիոնալներ պետք է ղեկավարեն, այլ ոչ թե ինչ-որ անփորձ աղջնակի նշանակեն։ Տեսեք՝ իրենք կառույցը չեն ստեղծում, եւ ես դրա մեջ լուրջ դիտավորություն եմ տեսնում։ Պատերազմի մեջ գտնվող երկիրը, որը շրջափակված է թշնամիներով, երբ ամեն օր նոր պատերազմ է սպասվում, կազմաքանդում են Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսպիսի ծառայություն ստեղծելու կեղծ մտադրությամբ։ Ես համոզված եմ, որ կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք այսօր դեռեւս բավականին լուրջ ծառայություն են մատուցում հայրենիքին, եւ դա զուտ իշխանությունների քաղաքականությունն է՝ կազմաքանդել մինչեւ վերջ»,- ասաց Պետրոսյանը։