Ես ընդամենը կիսաքմծիծաղով մի բան էի ասել. Նազենի Հովհաննիսյան

Ես ընդամենը կիսաքմծիծաղով մի բան էի ասել. Նազենի Հովհաննիսյան

Նախորդ շաբաթ Aysor.am-ը մի փոքրիկ հարցազրույց էր արել Նազենի Հովհաննիսյանի հետ ու դերասանուհու ուղիղ խոսքից մեջբերում անելով գրել, որ վերջինս հեռացվել է «Արմենիա» հեռուստաընկերությունից: Այս հրապարակմանն ի պատասխան Նազենին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, պիտակավորելով բոլոր լրագրողներին:

Նա մասնավորապես գրել է. «Սիրելի մարդիկ. արդեն 3 տարի է՝ ինչ չեմ աշխատում Արմենիա թվ- ում. ՆՐԱՆՑ որոշմամբ,...պատճառը չգիտեմ ու էական էլ չի, ՇԱՏ ԱՎԵԼԻ լուրջ ու ցավոտ հարցեր կան Երկրում, (...բայց դրա համար միայն շնորհակալ եմ Արմենիա թվ- ին, որովհետև վերջապես ստեղծեցի իմ հարթակներն ու զբաղվեցի ինձնով, վաղուց նախագծած նոր գաղափարներիս իրականացման համար գոնե մի քիչ կյանք ու ժամանակ մնաց): Հանրությանը հոգսերից «ցրելու», դառը խնդիրներից շեղելու տխմար քայլերից է երևի 3 տարի անց էդ փաստի ՀԵՆՑ ՆՈՐ իմանալը))))...

....ցավում եմ, որ իրենց գործում որոշ փնթի, կիսագրագետ «լրագրողների»՝ կես զանգի վրա ու մատից ծծած երևակայությամբ գռեհիկ ձևով սարքած նման նյութերով, սունկ- կայքերի տարածումներով ԴԵՌ փորձում են զբաղեցնել հանրությանը, Երկրի Կարևոր հարցերը բարձրաձայնելու փոխարեն: Լրագրությունն ըստ իս շատ ավելի լուրջ գորածառույթ պետք է որ ունենար: Էս ամենը ցավալիորեն ևս մեկ անգամ հաստատում է լրագրողական ԱՂՔԱՏ, կիսամեռ դաշտի և նման աշխատելաոճի փաստը. կոլլեգիալության մասին կլռեմ. զրո! 
Ինձ 20 տարի առաջ առավելագույնը կարող էին «ազատել» Հանրայինի՝ «Կռունկ»- ի բեմից)) ոչ թե Արմենիայից: էս ամենի մեջ միակ սենսացիան ձեր հավերժական տխմարությունն է, մանավանդ, երբ դնում եք 3 տարվա վաղեմության նյութը 33 տարվա հնությամբ նկարներովս: Էդպես լավ չի, սպասեք մեռնեմ, մեռած նկարներովս նման նյութեր սարքեք!! 
Մի հատ էլ 2024- ին նյութ գրեք զարմացած, որ ո՞նց եղավ, որ ծնվել եմ 1982- ին ու դեռ ՈՂՋ ԵՄ 41- ում:
Հա ի դեպ.  կոչում չունեմ (հերթական ֆեյքերով չկերակրեք մարդկանց): 
Ամուսնացած չեմ եղել ու չեմ ..) Դեռ!
ու մազերս էլ չեմ ներկում... մարդ եք, կարողա «նյութ» անեք, ոնց նայում եմ նեղն եք... բան չունեք գրելու):
Հ.Գ. Ասում են պետության դեմքը լրագրությունն է... ուրեմն ամեն ինչ օրինաչափ է) չէ՞ .... »։

Մենք զրուցել ենք դերասանուհու հետ:

- Նազենի, Ձեր գրառման մեջ լրագրողներին եք պիտակներ կպցրել, վիրավորել, քննադատել, Դուք ընդդիմադիր հայացքներ ունեք, բայց այդ գրառումով իշխանությունների ջրաղացին ջուր եք լցրել` փաստացի նույն գիծն եք տանում:

- Իշխանությունն ինչ գիծ ուզում է թող տանի, դա ինձ չի վերաբերում:

- Բայց Ձեր գրառումը նպաստում է նրանց վարած քաղաքականությանը` իշխանությունները տարբեր օրենսդրական փաթեթներով լռեցնում են մամուլը, թիրախավորում են մեզ` լրագրողներիս:

- Ես գրել եմ այն, ինչը հիմնված է փաստերի վրա, եթե համաձայն չեք, դա Ձեր անձնական գործն է: Ես չեմ նշել անուններ ու չեմ գրել, որ համատարած է այդպես, եթե ուշադիր են կարդում մարդիկ, ապա կտեսնեն, որ նշել եմ` որոշ: Դա նույնն է, որ ընդհանրական խոսում են մտավորականների մասին և ես դրանից ներվայնանամ, չէ, եթե մի բան ինձ չի վերաբերում, ուրեմն ինձ չի վերաբերում: Ինչո՞ւ ես պետք է դրանից նեղվեմ: Եթե Դուք Ձեր գործն անում եք լավ, ուրեմն անում եք լավ, ինչո՞ւ եք իմ ասածները Ձեր վրա վերցրել:

- Բոլորովին մեզ վրա չենք վերցրել, խնդիրն այլ է: Իշխանությունները փորձում են վարկաբեկել, լռեցնել մամուլը, արժեզրկել լրատվամիջոցների արածը, թերահավատություն սերմանել, իսկ նման գրառումները նպաստում են դրան:

- Դե պատկերացրեք ամեն օր Ձեր մասին տարբեր նյութեր գրեն, չճշտված, կիսաճշտված, ուղղակի այդ պահին հորինված և այլն, ինչպե՞ս կվարվեք, ի դեպ, եթե այդպես վարվեն հենց Ձեր կոլեգաները: Լավ, կարող եք տարիներով լռել, դրսևորել կոլեգիալություն, բայց մի գեղեցիկ օր, երբ Ձեզ վատություն անեն, տհաճություն պատճառեն, ստեղծեն գռեհիկ իրավիճակ, Դուք դարձյալ կռե՞ք, ինչքա՞ն:

- Իսկ ինչո՞վ էր տվյալ լրատվամիջոցը վիրավորել Ձեզ: Ընդամենը Ձեր խոսքից մեջբերում էր արել ու նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռացրել են Ձեզ, Այդտեղ ո՞րն է վիրավորանքը: Ի դեպ, նաև ձայնագրություն են հրապարակել, որտեղ Դուք իսկապես այդ մասին խոսում եք:

- Դա սխալ կառուցված նյութ էր: Ես ինչ-որ մեկի վատ կարծիքի հետ խնդիր չունեմ:

- Բայց այդտեղ ո՞րն էր վատ կարծիքը: Այդ հրապարակումը, կարծես, Ձեր օգտին էր, ոչ թե Ձեր դեմ:

- Չէ, դա չի կարող լինել իմ օգտին: Առհասարակ իմ օգտին չի կարող լինել մի բան, որը սենսացիոն գծով է գրվում: Դուք ինձնից լավ գիտեք, որ քչերն են պրոֆեսիոնալ լրագրողական էթիկա պահպանում: Առանց ճշտելու դրա իսկությունը, որոշ սունկ կայքեր տարածում են` ով ինչպես ուզում է, ինչ նկարով ու կոնտեքստով ուզում է: Ես իսկապես գտնում եմ, որ ոչ ես, ոչ էլ իմ երեք տարի առաջվա աշխատանքից ազատվելը, ընդհանրապես մեր ցավոտ իրականության մեջ այն թեման չեն, որ պետք է այսօր քննարկվի: Իմ բարկությունն այն մասին էր, որ դաշտը լցվում է անիմաստ բաներով, փոխարենն իսկապես անհրաժեշտ հարցերով զբաղվեն: Ես սա ասում եմ իբրև որպես քաղաքացի: Ես իմ անձի վրա ֆիքսված չեմ, ինչի՞ մասին են խոսում: Կապել ինձ լրագրողներին հարվածելու և իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու մեջ, ամենաքիչ բանն է, որ կարող էիք անել:

- Գուցե` անկախ Ձեր կամքից:

- Ես անկախ իմ կամքից ոչ մի բան չեմ անում: Ես ընդամենը կիսաքմծիծաղով մի բան էի ասել, բայց դա գրվեց իբրև նյութ, դա լրագրությո՞ւն է:

- Լրագրողը Ձեր ի՞նչն էր, որ հենց այնպես նրան ինչ-որ բան էիք պատմում:

- Դուք իսկապե՞ս կարծում եք, որ այս ծանր կացության մեջ, իմ երեք տարի առաջվա աշխատանքից ազատվելու հանգամանքը, տեխնիկական հարցը այդքան կարևոր էր, այդպես սուր ու ծակող ձևով գրելու համար:

- Իսկ ինչո՞ւ է Ձեր «Արմենիա» հեռուստաընկերությունից հեռացվելու մասին խոսվում միայն երեք տարի անց, ինչո՞ւ է այդ ամենը եղել ծածուկ:

- Ինչո՞ւ էր գաղտնիք, ես ամեն տեղ այդ մասին խոսել եմ ու դրա համար ես էլ եմ զարմացած:

- Հրապարակավ խոսե՞լ էիք այդ մասին: Համացանցում ոչինչ չգտա այդ մասին:

- Ես ամեն բան հրապարակավ խոսում եմ: