«Հրապարակ». Ամենամեծ հերթերը կանադական նրբերշիկի համար են

«Հրապարակ». Ամենամեծ հերթերը կանադական նրբերշիկի համար են

Մոտ 50 օր շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի 1000 փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտներն աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը: Այս տեղեկությունը ներկայացնում են Արցախի պետական համալսարանի ուսանողները՝ «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածաշարում։ Ըստ նույն կոլեկտիվ աշխատության, Ադրբեջանի կողմից շրջափակման ավելի քան 1 ամսվա ընթացքում 4 հազար 100-ից ավելի աշխատատեղ է կրճատվել։ 30 հազար երեխաներից 21 հազարը զրկվել է կրթության իրավունքից։ Թվերը մոտավոր են, իրական վիճակն ավելի սարսափելի է։ Տնտեսական եւ հումանիտար աղետի չափերը Հայաստանում եւ այլ երկրներում քչերն են պատկերացնում, քանի որ Արցախում չի խրախուսվում իրական վիճակի մասին խոսելը։ Ընդունված է կարծել, որ դրանով ուրախացնում ենք թշնամուն։ Ահա թե ինչու «Հրապարակի» զրուցակիցներից ոմանք, ովքեր կորցնելու բան ունեն, այսինքն՝ աշխատանք, խնդրեցին իրենց անունները չհրապարակել։ 

Հերթերն ահռելի էին, ոչ բոլորը կարողացան գազար գնել

Բուժաշխատող Ա․-ն ասում է․ «Առավոտվա 6-ից հերթ են պահում մարդիկ խանութների մոտ։ Մի քանի հոգանոց խմբերով են ներս թողնում, որ ներսում կուտակումներ չլինեն։ Հատկապես մեծ հերթ է կանադական  նրբերշիկի համար։ Ռեստորաններն աշխատում են: Իհարկե` մի մասը, ոչ բոլորը։ Կան մարդիկ, որոնք ռեստորաններում են սնվում։ Մարդկանց ռացիոնը՝ բրինձ, հնդկաձավար, մակարոն։ Միս կա, թանկ է՝ կիլոն 4 հազար դրամ է, խոզի ու տավարի միսը։ Ձու արդեն կա, 65 դրամ է հատը։ Հերթ ենք կանգնում, առնում ենք։ Կտրոնով ձեթի լիտրը 890 դրամ է, կաթ, սմետան՝ 350 դրամ բաժակը, կաթնաշոռ, պանիր կա։ Բանջարեղեն չկա, զուգարանի թուղթ, փոշի, մաքրող միջոցներ չկան։ Երշիկ չկա։ Կես կիլոյանոց մատնաքաշն արժե 200, 210, 250 դրամ։ Բրինձ, գրեչկա, վերմիշել: Ով կարող է, միս է առնում, ձեթ, ձու ու կաթնամթերք՝ սա է ռացիոնը։ Կարտոֆիլ գոյություն չունի: Գազար ստացել էին երեկ չէ առաջին օրը, մարդա մի կիլո էին տալիս, բայց հերթերն ահռելի էին, ոչ բոլորը կարողացան գազար գնել։ Ոչ առատ մենյու` սենց ասեմ»։

Ճշմարտությունը չեն ասում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ «պադկանտրոլեմ»

Ստեփանակերտի բնակիչ Մ․ Զ․-ն համեմատում է Արցախի մայրաքաղաքը 90-ականների Երեւանի հետ։ Լույսը միացնում են 6 ժամը մեկ` 2 ժամով։ «Գազը՝ դե տվեցին։ Սնունդ բերում են։ Չգիտեմ ոնց, բայց խանութներում արդեն սննդամթերք կա, քիչ-քիչ։ Շատ թանկ, բայց առնում ենք։ Կտրոններ են մտցրել։ Մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը կտրոններով տալիս են։ Ձեթը մեկ մարդու համար ամսական 1 լիտր են տալիս։ Ինչ-որ կերպ ապրում ենք։ Ես առաջին հարկում եմ ապրում, որ լույսն անջատում են, ներքեւից այնպես է փչում, որ ոտքերդ ցուրտը տանում է։ Երեխային  ուղարկեցի գյուղ` մայրիկիս մոտ, այնտեղ փեչ կա, ես էլ չէի կարողանում այստեղ պահել, շատ ցուրտ է։ Ճշմարտությունը չեն ասում: Ամեն ինչ լավ է, ամեն ինչ պադկանտրոլեմ, բայց մարդիկ տոներից հետո ողջ գումարը ծախսել են, ինչ կար խանութներում, սաղ ծախսեցին։ Հիմա դեռ չեն տվել հունվարի աշխատավարձերը։ Ծանոթներս ստեղից-ընտեղից պարտք են անում, մինչեւ ռոճիկ ստանան։ Աշխատավարձը մեր, օրինակ, կլինի մինչեւ փետրվարի 20-ը։ Ովքեր որ պետական տեղերում են աշխատում, մի քիչ ավելի շուտ կստանան` ամսվա սկզբում։ Զինվորականների աշխատավարձն անկայուն, անհասկանալի գրաֆիկով են տալիս, երբեմն՝ կես-կես։ Իսկ փախստականների 40 հազարը, որը խոստացել էին տալ` տան վարձերի համար, չեն տալիս։ Մեր կառավարությունն ասում էր, որ մինչեւ տարեվերջ կտան նպաստի փողերը, պարտքերը կփակեն, բայց այդպես էլ չտվեցին։ Հոկտեմբեր ամսվանն են տվել մի քանի օր առաջ, բայց արդեն փետրվարն է։ Վարձով ապրողները չգիտեն ինչ ասեն տանտերերին։ Շատերին դուրս են շպրտում տանտերերը։ Ասում են՝ ազատի տարածքը, եթե չես վճարում։ Դպրոցները բացել են, բայց քանի որ լույս չկա, չեն ջեռուցվում։ «Զրո» դասարանը, ուր հաճախում էր իմ աղջիկը, նորմալ չի աշխատում։ Երեխաները, կուրտկաներով կուչ եկած, մրսելով ու սոված՝ նստում են մինչեւ ժամը 1-ը։ Դա արել են էնքան, որ մարդիկ լռեն, ցույց տան, որ որոշ կրթական հաստատություններ աշխատում են, բայց այդ ցրտին բալիկներին ուղարկենք դպրոց, կուրտկեքով նստելու` ի՞նչ իմաստ ունի, չգիտեմ։ Ով ինչ ասում է, տեղ են հասցնում, մարդիկ վախենում են, որ աշխատանք կկորցնեն, չեն բողոքում։ Մեզ մոտ շատ խոսել ու բողոքել, բացատրել վիճակը չի կարելի»։  

Պահանջում են սուբսիդավորել կոմունալ վճարումները

Արցախում կոմունալ վճարումների գծով ահռելի պարտքեր են գոյացել։ Բնակչությունը չի կարողանում վճարել հոսանքի ու գազի համար։ Շատերը հրաժարվում են վճարելուց։ Ֆեյսբուքում նույնիսկ ֆլեշմոբ են անում՝ «Պահանջում եմ սուբսիդավորել կոմունալ վճարումները» կոչով։ Դրա հեղինակը երաժշտական ուսումնարանի աշխատակից Լիլիթ Ստեփանյանն է։ «Ես մի պեն չեմ հասկանում, ես վեր բլոկադայի պատճառով մնացել էի Գորիս, լիքը գումարներ էի կորցրել, էդ վախտ օպերատիվ շտաբը կամ մին ու մինը ասում չի՝ պա էդ հարցերդ էսա, կլուծինք։ Բայց լույսի գումարի վախտն ա եկալ, ստեղից էնդեղ զանգալ են, թե գումարը վճարեցեք։ Հարցն էդ չի՝ ես դեկտեմբերն էլ եմ մուծալ, հունվարն էլ Գորիսում եմ եղել։ Բա էս ժողովուրդը, որ հունվար ամսին փող չի ստանում, 4 հազար 500 աշխատատեղից ավել փակվալ ա, գործ չկա, փող չկա, մարդիկ եղած փողը տալիս են, որ 2 անգամ թանկ մի բան ճարած խանութներից, օպերատիվ շտաբի պետին հետաքրքի՞ր չի»,- ասում է Լիլիթը։ Եթե մարդիկ չեն վճարում լույսի կամ գազի համար, անջատո՞ւմ են։ «Եղել է մարդ, որ զանգել են, ասել՝ կա՛մ տվեք, կա՛մ կանջատենք»: 

Սնիկերսը 550 դրամ է նախկին «Լուչ» խանութում 

Անահիտ Իսախանյանն ուրախացել է, որ Ստեփանակերտի «Լուչ» կոչվող խանութում գտել է «Լատինո» եւ «Լուսաստղ» սուրճի տուփեր, որոնք անհետացած են եղել 44-օրյա պատերազմից հետո։ «240 դրամ արժեր, հիմա արժի 550 դրամ։ Սնիկերսը, որն արժեր էլի էդքան, հիմա 550 դրամ է։ Վաճառողն ասեց՝ ինձ մի բողոքեք, պետությանը բողոքեք, դուրդ չի գալիս, մի առ»,- պատմում է վրդովված թոշակառու Անահիտ Իսախանյանը։ Նա դարդից բլոգեր է դարձել եւ գների մասին ելույթներ է ունենում ՖԲ-ում։ Հետեւորդներն էլ արձագանքում են՝ «Դատի է պետք տալ բոլորին», «կարագի պաչկեն՝ 1500 դրամ, բրինձը 4 հազար դրամ ա»։ Կան նաեւ այնպիսիք, ովքեր խորհուրդ են տալիս լռել ու «բազարիտ» չանել։ «Հաջորդ անգամ դա էլ չի լինելու, ձեր եթերի պատճառով, հերիք ա ամեն ինչ հանրայնացնեք, ձեզ ստիպե՞լ են առնեք»։ 

Այդ միջոցին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն էլ, արձագանքելով քաղաքացիների բողոքներին, հորդորում է «զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով եւ առանց հիմնավոր փաստաթղթերի ձեռքբերումից եւ իրացումից»։ 

Այսքան ուրախ կյանքը մեր

Հանրային տրամադրությունները դիպուկ արտահայտել է Արցախի բնապահպանության նախարարության նախկին խոսնակը` Բելա Լալայանը։ «Կեր ու հարմարվիր։ Հարմարվիր, որ կյանքի նպատակն ուտելն է… ու բոլոր ուրախությունները նորին մեծության ուտելիքի հետ են կապված։ Ուրախացիր, որ տալոնով քեզ վաճառած բրինձը հոտած չէր, որ մի լիմոն գտար՝ ճնշումդ իջեցնելու համար, որ մի խնձոր գտար՝ համը չմոռանալու համար, մի կարտոֆիլ՝ երեք ընկերներով ուտելու համար։ Ամեն րոպե՝ մի առիթ ուրախանալու համար, այսքան ուրախ կյանքը մեր»։