Նիկոլ, բայց առուն շատ հաջող թռար
Համաշխարհային առաջնորդները հաճախ իրենց ասելիքը փոխանցում են հատուկ ժեստերով կամ քայլերով, այսպես ասած՝ առանց ավելորդ խոսքերի: Փաշինյանն էլ, որպես համաշխարհային առաջնորդ, վատ չի տիրապետում այդ լուռ «լեզվին»: Երանի թե նա միշտ այդ լեզվով «խոսեր» իր քաղաքական պարտնյորների հետ: Այլապես հենց բերանը բացում է, մի հիմար բան է ասում ու համ իրեն, համ մեզ գցում կրակը: Ժեստերի լեզուն, կրկնեմ, ամենաանշառ լեզուն է: Նույնիսկ եթե սխալ ժեստ ես արել, շատ ավելի հեշտ է այն ինչ-որ կերպ մեկնաբանելը, քան երբ այդ սխալ բանը լեզվով ես արտահայտել, այն էլ բարձրաձայն:
Հենց հիմա մի պարզ օրինակի վրա բացատրեմ ասվածի միտք բանին: Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը արևմտյան ազդեցության բոլոր գործակալներին հավաքել էր ԱԺ_ում, որ սրանք մեր բազմաչարչար ժողովրդին դեպի Եվրոպա մի դուռ ցույց տային ու համոզեին, որ ԵՄ մտնելու համար հանրաքվե է անհրաժեշտ: Սրանք էլ եկան, ԵՄ դրոշը փռեցին, ռուսական գալոշը լացացրին ու գնացին հայկական լրատվամիջոցներին հարյուրներով հարցազրույցներ տալու: Տո լի դոզան էր շատ, տո լի Նիկոլն առանց մտածելու էր այդ ամենը կազմակերպել՝ լուրը հասավ Ռուսաստան՝ Պեսկովին ու Զախարովային: Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, թե ում ականջները ձգեցին, ես չգիտեմ, բայց Նիկոլը տեղի ունեցածից մեկ օր անց հայտարարեց (բարձրաձայն), որ ԵՄ անդամակցության հանրաքվե չի լինելու: Երանի չհայտարարեր: Մի կողմից հայ հասարակությունն սկսեց ղժժալ նրա ասածի վրա, իսկ մյուս կողմից արևմտյան ազդեցության գործակալները փոթորկվեցին՝ թե էս ինչ է ասում վարչապետը, ո՞նց թե հանրաքվե չի լինելու: Եվ այստեղ էր, որ Փաշինյանին օգնության հասավ ժեստերի լեզուն՝ պետք էր հանգստացնել թե արևմտամետներին, որոնք անխնա քննադատում էին իր այս յուրօրինակ դավաճանությունն արևմտյան արժեքներին, և թե լռեցնել ղժժացող հասարակությանը, որի մոտ իր երբեմնի ժողովրդականության ռեյտինգից աննշան փշրանքներ են մնացել: Եվ Նիկոլը որոշեց՝ մի կողմից եվրաստիլով հեծանիվ քշել ու գոհացնել արևմտամետներին, իսկ մյուս կողմից՝ ռուսներին հավատարմության մեսիջներ փոխանցել: Նրա վերջին այցը Իրան և այդ երկրի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը կարող էր նշանակել մեկ բան՝ ցտեսություն Արևմուտք, մենք մնում ենք Իրան-Ռուսաստան առանցքի վրա:
Տառացիորեն երեկ ռուսներին նոր մեսիջ ուղարկելու օրն էր… Բայց կներեք, պիտի հիշեմ Արտաշեսի և Սաթենիկի պատմությունը, թե ինչպես Արտաշեսը հեծավ իր սև ձին և որպես սրաթև արծիվ անցավ գետը, և նետեց իր շիկափոկ պարանը, և այն անցկացրեց ալանների աչագեղո դստեր մեջքին և շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը: Փաշինյանն էլ, ահա, կանգնել էր գետեզրին և ուզում էր անցնել գետը, բայց չգիտեմ, թե ինչ էր փնտրում գետի մյուս ափին: Մտածեցի՝ հիմա սև նժույգը կմոտեցնեն և մեր հզորը սրաթև արծվի նման կանցնի գետը… Գետ էլ չէր ախր, մի առվի չափ բան, բայց՝ ամեն դեպքում: Հետո հիշեցի, որ մարդն ախր արձակուրդի մեջ է: Ո՞վ է տեսել արձակուրդի մեջ Արտաշես խաղան: Ինչևէ, ձին բերին: Բայց ձին սև չէր, կարմիր էր: Դա մի եռակամրջակ հրշեջ մեքենա էր, իսկական ամենագնաց, որպիսիք օգտագործվում են լեռնային անտառներում հրդեհներ մարելու համար: Էքստրիմի զգացողությունն ինձ չէր լքում: Այ հիմա հրշեջները սանդուղքը կերկարացնեն և Նիկոլը սանդուղքի վրայով, ինչպես «մարսկոյ պեխոտինեց» կանցնի գետը… Ավաղ, այդ սպասումներս էլ չիրականացան: Ախրանկան Նիկոլին մի կերպ բարձրացրեց ամենագնացի շասսիին, որտեղից էլ նա ճխտվեց «կաբինկի» մեջ՝ լիուլի ցուցադրելով հեծանիվ քշելուց տարատեսակ փորձությունների ենթարկված հետևամասը: Մեքենան սլացավ առաջ, մի հատ էլ որ գազ տվեց, հայտնվեց գետի մյուս ափին: Ամեն ինչ այդքանով էլ ավարտվեց՝ էլ ինչ Սաթենիկ, ինչ ալանների դուստր, ինչ փափուկ օրիորդ…
Կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն էր այս պատմության մեջ ռուսներին ուղղված մեսիջը: Բացատրեմ: Ուրեմն Նիկոլը ժեստերի միջոցով նախ ցույց տվեց որ գետ է անցնում, իսկ գետն անցնել՝ միշտ նշանակում է առուն թռնել: Այս դեպքում՝ թռնել առվի ռուսական կողմը: Եվ որպեսզի շատ ավելի համոզիչ լինի, Նիկոլը դա արեց ռուսական արտադրության «Ուրալ» մակնիշի ամենագնացով: Այսքանից հետո գնդակն, ինչպես ասում են, արևմտյան ազդեցության գործակալների կիսադաշտում է: Նրանք խնդիր ունեն պարզելու՝ բա լավ, էս անտեր երկրում մի հատ ամերիկյան «Վռանգլեր» չկա՞ր, որ Նիկոլը ռուսական «Ուրալով» անցավ գետը:
Հ.Գ. ՀՀ քաղհասարակության առանձին շերտեր, սակայն, պնդում են, որ Նիկոլը «Ուրալ» է նստել, որպեսզի հավասարության նշան դրվի իր և Բագրատ սրբազանի միջև, որ Սիսիանում ռուսական «Գազ 53» էր քշել: Չգիտեմ՝ ստացվե՞ց Նիկոլի մոտ դա, թե ոչ, բայց թույլ տվեք փաստել, որ Սրբազանն ինքն էր վարում ռուսական բեռնատարը, մինչդեռ Նիկոլին ճխտել էին հրշեջ մեքենայի խցիկը, այն էլ հետևի դռնից:
Կարծիքներ