Ազգային ժողովի նախագահի սենյակում այս պահին բուռն քննարկում է ընթանում

Ազգային ժողովի նախագահի սենյակում այս պահին բուռն քննարկում է ընթանում

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ այսօր դեմ քվեարկեց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի նախագծերին, որոնցով առաջարկում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսուհետ մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին՝ օրենքի ուժով:

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` հայտարարելով, որ դեմ են քվեարկելու, քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկել էր, որ բոլոր խմբակցությունների ղեկավարները կարողանան մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:

Նախագծերը մերժվեցին 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկվող նախագծերից մեկն ԱԺ կանոնակարգով սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեարկություն: ԲՀԿ-ականները ձեռնպահ մնացին: Ըստ ամենայնի, քվեարկությունն անակնկալի բերեց նաեւ իշխող ուժին: Քվեարկությունից անմիջապես հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը քարտուղարությունից վերցրեց քվեարկության թերթիկը և դուրս եկավ նիստերի դահլիճից: Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում բուռն քննարկում է, թե ինչու տապալվեց քվեարկությունը: Այսպես ասած, «ռազբիրատ» են անում նրանց հետ, ովքեր տապալել են այդ քվեարկությունը, քանի որ ակնհայտ է, որ ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանական պատգամավորներն են մասնակցել գործընթացին։ Մասնավորապես, մեծ թիվ են կազմել բացակաները։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում են Սիփան Փաշինյանն ու Հակոբ Սիմիդյանը։

Հիշեցնենք , որ կառավարությունը  դրական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն կային տեղեկություններ, որ անձամբ Փաշինյանի սրտով չէ Միրզոյանի՝ ԱԽ նիստերին մասնակցության հարցը: Ուստի ոմանք անգամ ենթադրում են, որ «Իմ քայլի» բոյկոտը դրանով է պայմանավորված։