Կեղծ ու անօրեն

Կեղծ ու անօրեն

Մեր երկիրը թաղվել է կեղծիքի, երկակի ստանդարտների, դեմագոգության ու փարիսեցիության մեջ: Մի կողմից՝ կարող ենք ամբողջ օրը փառաբանել սեփական երեխաներին, նրանց արեւով երդվել, մեր կյանքի իմաստը համարել, իսկ մանկատներում ու հատուկ դպրոցներում դաժան վերաբերմունքով խեղանդամ դարձնել ուրիշի երեխաներին: Կարծում եք` քրեականի պետի կողմից այդ անչափահասին ծեծելու դեպքը միա՞կն է. իհարկե՝ ոչ: նման դեպքեր ամեն օր են տեղի ունենում, որոնց մասին մենք չենք իմանում, որովհետեւ դրանց տեսանյութերը չեն տարածվում լրատվամիջոցներով:

Մի կողմից՝ կարող ենք հայտարարել, թե ոչ մի կապ չունի` ազգային հերոս է, պատերազմում հաշմանդամություն ստացած անձ, թե զոհվածի ծնող, բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ նախորդ վաստակը պատճառ չէ, որ բանակի գեներալի կամ որդեկորույս մոր նկատմամբ նախնական կալանք չկիրառվի` դա է իրավական պետություն դառնալու ճանապարհը: Իսկ հաջորդ վայրկյանին` չափն անցած ու գազան կտրած քրեականի պետին մեր օրենքը «ներում» է` զղջալու հիմքով: Այդ դեպքում, հարգելի քննիչներ ու դատախազներ, ինչո՞ւ չեք հարցնում` զղջո՞ւմ է արդյոք Գայանե Հակոբյանը, որ Աշոտ Փաշինյանին հրավիրել է նստել իր մեքենան:

Ինչո՞ւ չեք հաշվի առնում գեներալ Գրիգորի Խաչատուրովի անձն ու երաշխավորությունները: Ինչո՞ւ չեք կալանքից ազատում մեկուկես տարի բանտում` առանց դատավճռի նստած Դավիթ Տոնոյանին: Ինչո՞ւ չեք բավարարվում Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի եռամյա կալանքով: Ինչո՞ւ է վաղեմությունն անցած մեղադրանքով կալանավայրում գտնվում զենքի մատակարար Դավիթ Գալստյանը: Ինչո՞ւ այդքան դաժան վարվեցիք ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի հետ: Դուք ունե՞ք այս հարցերի պատասխանները, որոնք կտեղավորվեն օրենքի ու բարոյականության շրջանակներում: