Աշխարհի առաջնորդները արձագանքում են Բայդենի երդմնակալությանը

Աշխարհի առաջնորդները արձագանքում են Բայդենի երդմնակալությանը

Աշխարհի մի շարք առաջնորդներ շնորհավորել են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Միացյալ Նահանգները վերադարձավ։ Եվ Եվրոպան պատրաստ է վերամիավորվել իր հին ու հուսալի գործընկերի հետ, նոր շունչ հաղորդելով մեր նվիրական միությանը»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր թվիթերյան էջում։

«Անհամբերությամբ սպասում եմ Բայդենի եւ նրա նոր վարչակազմի հետ աշխատելու համար, հանուն մեր երկրների գործընկերությունը ամրապնդելու եւ ընդհանուր առաջնահերթությունները իրականացնելու»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Այսօր լավ օր է ժողովրդավարության համար»,- իր հեռուստաուղերձում հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հավելելով, որ մեծ թեթեություն է զգում, որ Բայդենը երդվեց եւ կտեղափոխվի Սպիտակ տուն։ «Գիտեմ, որ շատ մարդիկ Գերմանիայում կիսում են այդ զգացողությունը»,- ընդգծել է նա։

«Մենք միասին ենք։ Մենք կլինենք ավելի ուժեղ, որպեսզի դիմագրավենք մեր ժամանակի մարտահրավերներին, ավելի ուժեղ, որպեսզի կառուցենք մեր ապագան»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թվիթերյան էջում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ իր ելույթում հայտարարել է, որ Բայդենի հաղթանակը ծայրահեղ աջերի հանդեպ դեմոկրատիայի հաղթանակն է։

«Հինգ տարի առաջ մենք մտածում էինք, որ Թրամփը վատ կատակ է, սակայն հինգ տարի անց մենք հասկացանք, որ Թրամփը հարվածի տակ է դրել աշխարհի ամենահզոր դեմոկրատիան»,- հավելել է վարչապետ Սանչեսը։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն էլ հայտարարել է, որ իր երկիրը անհամբեր սպասել է Բայդենի նախագահանալուն, որպեսզի միասին աշխատեն «Մեծ Քսանյակում», որտեղ այս տարի նախագահում է Իտալիան։ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն էլ երկու հայտարարություն է տարածել միանգամից, մեկով շնորհակալություն հայտնելով արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, մյուսով շնորհավորելով Ջոզեֆ Բայդենին։

Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը եւ այլոք։