«Հրապարակ». Լիլիա Շուշանյանին հեռացրել են ԶՊՄԿ-ից

«Հրապարակ». Լիլիա Շուշանյանին հեռացրել են ԶՊՄԿ-ից

Անցյալ տարվա օգոստոսի 2-ին Գնել Սանոսյանը դարձավ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար՝ փոխարինելով Սուրեն Պապիկյանին։ Դրանից ուղիղ մեկ ամիս անց պաշտոնից ազատվեց Սանոսյանի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ով Պապիկյանի օրոք էր նշանակվել։ Շուշանյանի ազատումն այն ժամանակ էլ հարցականներ առաջացրեց ու որեւէ կերպ չբացատրվեց, թե ինչու որոշեցին իրենց նախարարության հատուկենտ պրոֆեսիոնալ կադրերից մեկից ազատվել։ Այն ժամանակ տեղեկություն տարածվեց, թե Շուշանյանը տեղափոխվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ հանքարդյունաբերության ոլորտում ձեռք բերած գիտելիքներն այնտեղ կիրառելու։ Բայց ԶՊՄԿ-ում նրա «գործունեությունը», պարզվում է, շատ կարճ է տեւել։

Մենք տեղեկացանք, որ Լիլիա Շուշանյանը կոմբինատում մեկ ամիս էլ չի աշխատել։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը դարձավ ԶՊՄԿ-ի փայատեր, եւ կոմբինատի կառավարումն էլ, ըստ էության, անցավ իշխանություններին, նրան շատ վատ ձեւով հեռացրել են աշխատանքից, ասացին՝ ամենավերեւներից եկած հրահանգով։ Այնքան վատով են հեռացրել, որ Շուշանյանը դրա մասին չի էլ ուզում հիշել։ Դրա համար մեր համառ ջանքերին՝ որեւէ մեկնաբանություն կորզել նրանից, նա միայն մեկ բառով պատասխանեց՝ անձնական թեմաներով մեկնաբանություն չի տալիս։ Ըստ երեւույթին, իշխանություններն ուղղակի վրեժ են լուծում իրենցից հեռացած բոլորից եւ պատժում են` թույլ չտալով, որ նրանք հետագայում որեւէ կայուն աշխատանք ու եկամուտ ունենան։

Չի բացառվում, որ դա կապված լինի նաեւ Շուշանյանի հարազատներից մեկի հետ, ով Շորժայի համայնքապետն է ու Նիկոլ Փաշինյանի այցերից մեկի ժամանակ, ասում են, պատշաճ չի դիմավորել նրան։ Այսօր Լիլիա Շուշանյանը զբաղվում է մասնավոր խորհրդատվական գործունեությամբ, այս պահին էլ Հայաստանում չէ։