Պետության կորստի գնով անգամ կանխել նախկինների վերադարձը

Պետության կորստի գնով անգամ կանխել նախկինների վերադարձը

Վերջին 3,5 տարում իր արդիականությունը չկորցնող գրական ստեղծագործությունը՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», իրականում գրվել է 1945-ին եւ նվիրված է 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությանը, ավելի ճիշտ՝ դրա գաղափարների, սկզբունքների եւ ծրագրերի հետագա այլասերմանը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության եւ տոտալիտարիզմի։

Համաշխարհային պատմությանը քաջածանոթ ցանկացած մեկը չի կարող պատմական խոշոր նշանակության մի հեղափոխություն հիշել, որը վերջնարդյունքում ծառայել է այդ պետության ու նրա ժողովրդի բարեկեցությանը։ 1789-93 թթ․ Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքները շուտով համընդհանուր հիասթափություն առաջացրին ֆրանսիական հանրության շրջանում։

Պարզվեց, որ լուսավորիչների իդեալն իրականում բուրժուական հասարակարգն էր, իսկ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը՝ սնանկ եւ անարժեք։ Ռուսաստանում եւս առայսօր շարունակվում են քննարկումները Հոկտեմբերյան հեղափոխության պատմական նշանակության, Ռուսական կայսրության կործանման պատճառների եւ նրան փոխարինելու եկած ԽՍՀՄ ճակատագրի մասին։ Պատմաբանների մեծամասնության գնահատումն այն է, որ արդյունաբերական հզոր պոտենցիալ ունեցող Ռուսական կայսրությունը 20-րդ դարասկզբին աններելիորեն հետ ընկավ Առաջին աշխարհամարտում ստորացուցիչ զիջողականության եւ քաղաքացիական պատերազմի հետեւանքով։

2018-ին Հայաստանում տեղի ունեցածը, իհարկե, որեւէ աղերս չունի պատմական մեծամասշտաբ այս իրադարձությունների, այն է՝ հասարակարգի փոփոխման հետ։ Հիմա արդեն այն կարելի է գնահատել որպես ներքաղաքական բանսարկությունների վրա հիմնված իշխանազավթում, անցնցում իշխանափոխություն, անգամ փողոցային հեղաշրջում, բայց ոչ հեղափոխություն։ Վեբսթերի հանրագիտարանը հեղափոխությունը սահմանում է իբրեւ «հանկարծակի, ծայրահեղ կամ ամբողջական փոփոխություն, շարժում կամ գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակական-տնտեսական կացութաձեւի մեջ սկզբունքային փոփոխություններ մտցնելուն, մարդկանց մտածելակերպն ինչ-որ բանի նկատմամբ հիմնավորապես փոխելուն կամ ինչ-որ բան ի հայտ բերելուն»: 

Ակնհայտ է, որ բացի պարզ իշխանափոխությունից՝ 2018-ին այս սահմանման որեւէ բնութագրիչ Հայաստանում չի եղել։ Այսօր առավել, քան երբեւէ, «թավշյա հեղափոխություն» անվանյալ իրադարձությունները կարելի է համեմատել Օրուելի «Անասնաֆերմայի» սյուժեի հետ։ Նույնն են համարյա բոլոր կերպարները՝ ե՛ւ Նապոլեոն խոզը, որն իրեն օժտում է բացարձակ իշխանությամբ, ե՛ւ նրա հիմնական մրցակիցը՝ «Ձնագնդի» անունով մեկ այլ խոզ, որին հաջողվում է նախ մեկուսացնել, ապա՝ դեմոնիզացնել եւ կարգել որպես հիմնական թշնամի։ Մարդուն վտարած եւ ֆերմայի կառավարումն ստանձնած խոզերը, որոնք ի հաշիվ մյուս անասունների՝ միայն իրենց բարեկեցությամբ էին մտահոգ, ի պատասխան բոլոր պնդումների, թե ինչու է կյանքը բարելավվում բացառապես խոզերի համար, տալիս էին մի փառահեղ հակադարձում․ «Ինչ է, դուք ուզում եք, որ ֆերմեր Ջոնսը վերադառնա՞»։ Դժվար է գտնել հայաստանյան ներքաղաքական խոսույթն ավելի ճշգրտորեն արտացոլող մեկ այլ սյուժե։

Վիպակում դատավճռի պես ասվում են հետեւյալ խոսքերը. «Անասունների հիշողությունից արդեն ջնջվել էին Ջոնսը եւ նրա մարմնավորած ամեն ինչը։ Նրանք գիտեին, որ ներկայիս կյանքը դաժան է եւ անպաճույճ, որ իրենք հաճախ մրսում ու մեծ մասամբ քաղցած են եւ որ արթուն ժամանակ սովորաբար միշտ աշխատում են, սակայն կասկած չկար, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ է եղել։ Նախկինում նրանք ստրուկ էին, հիմա՝ ազատ, եւ դա է հիմնական առավելությունը»։

Դավիթ Սարգսյան