«Հրապարակը» 14 տարեկան է

«Հրապարակը» 14 տարեկան է

Այսօր մեր թերթի ծննդյան օրն է` 14 տարի առաջ լույս ընծայեցինք «Հրապարակի» առաջին համարը` չպատկերացնելով անգամ, թե ինչ տատասկոտ ճանապարհ է մեզ սպասվում: Երիտասարդ էինք, եռանդով լեցուն, մեծ ծրագրեր ու երազանքներ ունեինք, հավատում էինք, որ ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր լրատվամիջոցը լուսավոր ապագա է ունենալու եւ երկար ու երջանիկ կյանք: Իհարկե, մեր երկրում բազմաթիվ թերություններ կան, եւ նաեւ դրանց հայտնաբերելուն-վերացնելուն պետք է նպաստի «Հրապարակը», չէ՞ որ դա է մամուլի կոչումը: Բայց վստահ էինք, որ սայթաքելով ու սխալվելով, շտկելով ու բարձրանալով՝ մեր պետությունն առաջ է շարժվելու, եւ ոչ ոք չի կարող կասեցնել այդ ընթացքը: Ինչպես չի կարող ոչինչ խանգարել «Հրապարակի» կայացմանը:

Հետո, իհարկե, շատ եղան պահեր, երբ թվում էր, որ չար ուժերը կասեցրին այդ ընթացքը, հերթական խոչընդոտն այլեւս անհաղթահարելի է, թերթի նկատմամբ ճնշումներն անտանելի են, ու լավագույն ելքը թերթը փակել-հեռանալն է: Բայց ամեն անգամ մեր համառության, աշխատասիրության, դիմացկունության, դժվարությունների առաջ չնահանջելու կամքով հաղթահարել ենք ճգնաժամերը եւ շարունակել մեր անխափան ընթացքը: Հասկացել ենք, որ չենք կարող հիասթափեցնել մեր բարեկամներին եւ ուրախացնել չարակամներին:

Չենք կարող լքել այն խրամատը, որը մեզ է բաժին հասել, եւ որտեղ կարելի է «զոհվել», բայց նահանջելն ու փախչելը դասալքություն կդիտվեն: Ամեն դրական խոսքն ու գնահատականը մեզ ուժ են տվել, չարակամների ատելությունը պայքարի ոգին է կոփել, մեր մեջ ուժ ենք գտել արհամարհել բամբասանքները եւ տգիտության ժխորի միջից տարբերել առողջ դիտողություններն ու բարեկամական քննադատությունը: Ուրախացել ենք ոչ թե հազարների արձագանքներից, այլ եզակի արժանիների գովեստից: