Ի վերջո, ո՞վ է ստում հանրությանը

Ի վերջո, ո՞վ է ստում հանրությանը

Երեկ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե որտե՞ղ են պահեստազորի սպաների գումարները, և ի՞նչ ընթացք է ստացել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի՝ գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդումը, ասել էր․

«Ցոլակ խաչատրյանի և՛ դիմումներին են պատասխաններ տրվել, և անձնական ընդունելություն է իրականացվել, որի ընթացքում մանրամասն պարզաբանվել են նրա բարձրացրած հարցերը»։
Դատախազի այս հայտարարությանը մեզ հետ զրույցում արձագանքել էր Ցոլակ Խաչատրյանը, նշելով, որ Դավթյանը խաբել է ողջ հանրությանը․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ՀՀ դատախազական մարմնում, ոչ ՀՀ քննչական որևէ մարմնում, ոչ ՀՀ ՊՆ-ում և ոչ էլ ՀՀ կառավարությունում իմ կողմից տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ ինձ անձնական ընդունելիություն չի իրականացվել, ինձ պարզաբանումներ չեն տրվել, նշեմ ավելին՝ ինձ նշված հարցի առնչությամբ գրությամբ պատասխան է ուղարկվել միայն ՀՀ ՊՆ-ից, որոնք նաև դրվել են իմ կողմից 21.05.2020 թվականի հանցագործության մասին հաղորդման մեջ: 

ՈՒստի, ես՝ Ցոլակ Խաչատրյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը իրեն իրավունք է վերապահել, ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին և ՀՀ հանրությանը խաբել, նա ստել է իմ առնչությամբ հնչեցված հարցին պատասխանելիս»,- ասել էր Խաչատրյանը։

Ցոլակ Խաչատրյանի հայտարարությանն էլ իր հերթին այսօր արձագանքել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով փաստաթղթերի լուսանկարներով, որոնք, ըստ Աբրահամյանի, ապացուցում են, որ Ցոլակ Խաչատրյանն է ստում․
«Քաղաքացի Ցոլակ Խաչատրյանը երեկ ասուլիսի ընթացքում անդրադառնալով ի պատասխան խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին, բարձրագոչ հայտարարություններ էր արել, իբր, ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հարցի կապակցությամբ անճշտություններ հայտնելու վերաբերյալ: Իբր՝ իր բարձրացրած հարցերի կապակցությամբ իրեն ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազությունում, այլ նաև դատախազության որևէ ստորաբաժանումում չեն ընդունել և իր բարձրացրած հարցերի, ՀՀ ՊՆ-ին առնչվող ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ որևէ պարզաբանում չի տրվել:
Ստի ոտքը, ասում են, կարճ է: Տվյալ դեպքում, սակայն, կարճ է երկու ոտքից:
Իհարկե, չեմ նշի Ցոլակ Խաչատրյանի հետ դեռևս 2018թ.-ից սկսված ողջ գրագրության մասին:

Ընդամենը ներկայացնեմ երկու փաստ:

Նախ՝ Ցոլակ Խաչատրյանին ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում ընդունել են 2020թ. մարտի 2-ին, որի ընթացքում վերջինս ցանկացել է ներկայացնել հաղորդում հանցագործության վերաբերյալ: Այդ կապակցությամբ կազմվել է բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրություն:
Նրա կողմից տրված դիմումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում, և մարտին 5-ին նրան տրվել է գրավոր պարզաբանում:

Ցոլակ Խաչատրյանն իր վերաբերյալ դատական ակտը ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարվելու կապակցությամբ ևս մեկ հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազություն էլեկտրոնային եղանակով ներկայացրել է այս տարվա մայիսի 21-ին, այսինքն ընդամենը 10 օր առաջ: Այդ հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Երևան քաղաքի դատախազության քննարկմանը, ինչի պատճենն ուղարկվել է Ցոլակ Խաչատրյանին: Այսինքն՝ այն պնդումները, թե իրեն այդ հաղորդման համատեքստում որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, մեղմ ասած, ևս իրականությանը չի համապատասխանում:

Կոնկրետ այս հաղորդման շրջանակում նա դատախազությունում անձնական ընդունելության չի արժանացել մի պարզ պատճառով. պարզապես կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ նման ընդունելությունները ժամանակավորապես դադարեցված են, ինչի մասին ՀՀ դատախազությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ:

Ավելին. պարոն Խաչատրյանը մոռացել է, որ իր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցման պահանջների համատեքստում, դեռևս 2018թ. մայիսի 31-ին նրան անձամբ ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ ընդ որում հենց վերջինիս նախաձեռնությամբ, ինչը ևս սահմանված կարգով արձանագրված է ընդունելությունների գրանցամատյանում:
Դրանից հետո Զինվորական դատախազության կողմից դեռևս 2018թ. հունիսի 1-ին կայացվել է Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում, և նախաքննության արդյունքներով հետագայում կայացվել է քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով և խնդրի՝ քաղաքացիաիրավական բնույթ ունենալու պատճառաբանությամբ կարճելու որոշում: Այսինքն բարձրացված հարցին ժամանակին քրեաիրավական տեսանկյունից տրվել է գնահատական: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ վարույթը կարճելու մասին այդ որոշումը Ցոկալ Խաչատրյանի կողմից չի բողոքարկվել:
Պարոն Խաչատրյանը, հավանաբար, մոռանում է, որ գործ ունի պետական մարմնի, առավելևս իրավապահ մարմնի հետ, որտեղ ամեն ինչ արձանագրվում է, ձևակերպում ստանում նաև դատավարական որոշումներով: Հետևաբար որքան անիմաստ, նույնքան էլ ծիծաղելի են նման միջոցներով մեկ բաժակ ջրում փոթորի առաջացնելու այսպիսի անհեթեթ փորձերը»,- գրել էր Աբրահամյանը։

Ցոլակ Խաչատրյանն էլ իր հերթին արձագանքում է Գոռ Աբրահամյանին՝ նշելով, որ ինքը այդ փաստաթղթերը երբևէ չի տեսել․

«Գոռ Աբրայամյանն իր կայքէջում հրապարակել էր ՀՀ գլխավոր դատախազության մի գրության՝ (12/12/3142-20 05.03.2020թ ) մեկ հատված և այդ անհասկանալի գրության առկայությամբ փորձել է ինձ ստախոս հանել: Այսպիսով՝ ես՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես թիվ 12/12/3142-20 05.03.2020թ . գրությունը երբևիցե չեմ ստացել և չեմ էլ տեսել, իսկ եթե այդ գրության առկայությունն որևէ մեկն կարող է համարել՝ անձնական ընդունելիության իրականացում, ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը, ապա գտնում եմ, որ նման մարդը առնվազն լուրջ բժշկական հետազոտման կարիք ունի: Դե ամենայն հավանականությամբ Գոռ Աբրայամյանն օրինակ է վերցրել իր ղեկավար Ա. Դավթյանից։ Նշեմ ավելին՝ այն թղթերը, որոնք Գոռ Աբրահամյանը հրապարակել էր իր նյութի ստորև մասում, առհասարակ,առնչություն չունեն իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին 21.05.2020թ-ին առցանց ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ:»։