Գյումրին՝ խաղաղության խաչմերուկ

Կարծում եմ՝ ժամանակն է խոսելու Գյումրու նոր իշխանությունների եւ ՀՀ առայժմ գործող կառավարության միջեւ խաղաղության պայմանագրի (ծայրահեղ դեպքում՝ համաձայնագրի) ստորագրման անհրաժեշտության մասին: Այս տեմպերով հակամարտության շարունակումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանում: Սա պետք է գիտակցեն թե՛ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ թե՛ տակավին ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո՝ չմոռանանք, որ Հայաստանն արդեն խաղաղության խաչմերուկ է, եւ մենք իրավունք չունենք ներքին կռիվներով վախեցնել գործընկեր պետություններին՝ Վրաստանին, Ֆրանսիային, Հնդկաստանին, Իրանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Ուկրաինային, Լեհաստանին, Բելառուսին… Էլ ո՞վ մնաց այնտեղ, հա՝ Հյուսիսային Կորեային… Տեսնո՞ւմ եք, թե քանի բարեկամ երկիր ունենք կողքներիս: Կարող ա պատահի՝ նրանք մեզ հետեւում են, իսկ մենք ներսում գզվռտոց ենք գցել, իրար ուտում ենք, քիչ է մնում Մհեր Գրիգորյանին բերենք, որ Գյումրու հետ սահմանագծում ու սահմանազատում կատարի: Ամոթ է, քանի գործը չի հասել ՀՀ ԱԳՆ-ի էշ-էշ հայտարարություններ անելուն, պետք է վերջ տալ այս անիմաստ արյունահեղությանը:
Որպես Գյումրու եւ ՀՀ կենտրոնական իշխանությունների միջեւ խաղաղության առաջին քայլ՝ ես տեսնում եմ Գյումրիում ՀՀ ուժային կառույցների գործունեության ժամանակավոր կասեցումը: Գյումրին ի՞նչ չունի… Դատախազ ունի, ԱԱԾ ունի, ՊԵԿ ունի, ոստիկանություն ունի, ՔԿ ունի, հակակոռուպցիոն մարմին ունի, հեռուստատեսություն ունի, սեփական միջազգային օդանավակայան ունի… Ի՞նչ չունի Գյումրին, որ չկարողանա գոնե ժամանակավորապես ինքնակառավարվել: Ուղղակի պետք է դադարեցնել Գյումրու եւ գյումրեցիների դեմ այս ագրեսիան եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Պարոն Փաշինյան, ստեղծված իրավիճակում Գյումրու իշխանությունների դեմ ձեր սանձազերծած ամեն քրեական գործ, միեւնույն է, որակվելու է որպես քաղաքական հետապնդում՝ տեղական ինքնակառավարման իրավունք նվաճած Գյումրու եւ նրա ղեկավարների նկատմամբ: Հետեւաբար, պետք է ձեռնպահ մնալ այդ փտած պրակտիկայից եւ մի քիչ ավելի կրեատիվ բան մտածել: Ձեր որդեգրած աշխատաոճով Դուք գյումրեցիներին դրդում եք «ազգային-ազատագրական» պայքարի, ինչը կարող է շատ տխուր հետեւանքներ ունենալ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ձեր հիմար կառավարության համար: Հեռու վանեք ձեզնից Վարդան Ղուկասյանին, Մարտուն Գրիգորյանին եւ մյուս ընդդիմադիրներին ամեն գնով պատժելու մոլեռանդ մտքերը: Կարճ ասած՝ այս գործում փոխզիջումներ են պետք: Այ, օրինակ, Ձեր վերջին հեծանվավազքն Արմավիրի մարզում կազմակերպելը ես բարձր եմ գնահատում: Դուք կարող էիք, իհարկե, Վարդան Ղուկասյանի ինադու Վարդանանց հրապարակից սկսել, բայց խոհեմաբար Արմավիրից սկսեցիք, եւ դա ճիշտ քայլ էր: Եվ հիմա պետք է այնպիսի քայլեր անել, որ հեծանվավազքի ֆինիշը մեծ շուքով տրվի Գյումրիում: Ի՞նչ վատ կլինի, Վարդան Ղուկասյանի հետ կնստեք «Պոլոզ Մուկուչ»-ում, ջան կասեք, ջան կլսեք, գյումրեցու ասած՝ «իրար անուն կգիդենաք»: Այլապես սա ի՞նչ վիճակ է՝ գյումրեցին ՔՊ-ին աղջիկ չի տալիս, ՔՊ-ն՝ գյումրեցուն:
Աղջիկ տալուց խոսեցի, հիշեցի Փաշինյանի մամուլի խոսնակ Նազիկի մարդու տալու պատմությունը… Ախպեր, մենք իսկականից շատ խորը քաքի մեջ ենք: Ո՞նց կարա, էլի, այսպիսի պատմություններով իրար հետ կապված ազգն այնքան բաժան-բաժան լինի, որ ես ստիպված նստեմ՝ մեզ միավորելու մասին հոդված գրեմ: Պարզվում է, որ Նազիկի մայրը, այսինքն՝ Նազիկի մարդու ապագա զոքանչը, Վարդան Ղուկասյանին խնդրել է սեփական պերսոնայով գեղեցկացնել Նազիկի հարսնիքը… Վարդան Ղուկասյանն էլ, ասում են՝ էն «ախպեր նշանածի» պես հո չի պարել, հո քեֆ չի արել… Ինչեւէ…
Պարոն Վարդան Ղուկասյան, հուսով եմ, որ Դուք նույնպես ճիշտ եք հասկանում «փոխզիջում» բառի իմաստը: Ինչ եղավ՝ եղավ: Հիմա պետք է ժամանակավորապես մի կողմ թողնել «Գյումրին՝ առանց Նիկոլ», «Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու» եւ այս բնույթի բոլոր հայտարարությունները: Նիկոլը կայցելի Գյումրի՞… Բարով այցելի, բարով էլ գնա: Ո՛չ ճանապարհ կփակեք, ո՛չ էլ ցույց կանեք նրա դեմ: Գյումրու մատույցներում կկանգնեցնեք նրա փորձանք-էսկորտն ու ոտքով կուղեկցեք քաղաք: Ձեզ հատուկ՝ հացով, հարգանքով, պատվով կդիմավորեք-կճանապարհեք: Էլ չիմանամ, որ կոկոներդ տաքցնեք, քֆուր-քյաֆար էնեք: Առանց էն էլ էդ մարդուն քիչ է մնացել վարչապետ աշխատելու:
Վերջում մի երկու խոսք էլ ՔՊ-շնիկներին ասեմ: Պարոնայք եւ տիկնայք ՔՊ-շնիկներ, նկատի ունեցեք, որ փոխզիջում ասվածը ձեզ էլ է վերաբերում: Ձեզ ինչքան խայտառակեցիք, բավական է: Ճիշտ կանեք՝ գնաք տուն եւ նանիկ անեք: Քնած ժամանակ դուք բավականին համակրելի եք, մանավանդ՝ էն Վահագն Ալեքսանյանը: Ձեր ամեն խոսքով, ամեն ելույթով, շատ ներողություն, ամեն հաչոցով դուք յուղ եք լցնում պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Գյումրու միջեւ բորբոքված կրակի վրա: Լռեք, վերջապես, թողեք՝ Նիկոլ Փաշինյանն ու Վարդան Ղուկասյանն աշխատեն: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ Նիկոլ Փաշինյանն առանց ձեզ կյանք չունի: Տեսանք, չէ՞, ողջ ոհմակով, «եվրատաշիկն» էլ՝ ձեզ ընկեր, լցվել էիք Գյումրի, բայց գյումրեցիների դեմ ոչինչ անել չկարողացաք: Դե ուրեմն վեր ընկեք տեղներդ ու այսօրվանից մտածեք Նիկոլ Փաշինյանի՝ ձեզ վրա դրած փողերը «վազվռատ» անելու մասին: Չէր խանգարի նաեւ, որ կովի պես երկար չմտածեք: Փաշինյանին իսկապես քիչ է մնացել, նա այդքան ժամանակ չունի սպասելու:
Կարծիքներ