Ադրբեջանի պառլամենտը չի քննարկի Լեռնային Ղարաբաղի մասին օրինագիծը

Ադրբեջանի պառլամենտը չի քննարկի Լեռնային Ղարաբաղի մասին օրինագիծը

Ադրբեջանի պառլամենտի՝ Միլլի Մեջլիսի աշնանային նստաշրջանի ժամանակ քննարկման չի դրվի «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրինագիծը։ Այս մասին, ըստ Oxu.Az –ի հայտարարել է օրենքի նախագծի հեղինակ Հուդրաթ Հասանգուլիեւը։ Ադրբեջանական պարբերականը հիշեցնում է, որ այսպես կոչված «Ադրբեջանի օկուպացված տարածներ» /Արցախ/ այցելող բոլոր օտարերկրացիները հայտնվում են այդ պետության կազմած «անցանկալի անձանց» սեւ ցուցակում։ Հասանգուլիեւի օրինագիծը բաղկացած է 12 հոդվածից։ Այն հիմնված է «օկուպացված տարածքների մասին վրացական օրենսդրության վրա»։ Օրինագծում, ըստ ադրբեջանական պարբերականի փոխանցման, «սահմանվում էր Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավական կարգավիճակը»։ Ուշագրավ է այն, որ օրենքի նախագիծը պարունակում էր դրույթներ, որոնք նախատեսում էին հատուկ իրավական կարգավիճակի սահմանում, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան այցելել այսպես կոչված «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»։ Օրինագիծը նաեւ սահմանում էր, որ «օկուպացված տարածքները իրավական տեսանկյունից գտնվում են օկուպանտ պետության հսկողության տակ»։