Վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ կարող է տարբեր լինել, Դաշնակցության հանդեպ՝ տարբեր․ քաղաքագետ

Վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ կարող է տարբեր լինել, Դաշնակցության հանդեպ՝ տարբեր․ քաղաքագետ

Մարտի 31-ին « Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա» հասարակական կարծիքի ուսումնասիրման կազմակերպության լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հանդես եկավ ասուլիսով, որում ներկայացրեց քաղաքական, պետական գործիչների, քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ  մարտի 26-ից 29-ն իրականացված հարցումների արդյունքները:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

- Պարո՛ն Ղևոնդյան, քաղաքական գործիչներների գնահատման հարցումներում (5 բալանոց) ամենաբարձրը ստացել է Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանը՝ 3․7 բալ, Փաշինյանը ստացել է 2․7, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2․4։ Որքանո՞վ եք այս գնահատականներն իրականությանը համապատասխան համարում՝ հաշվի առնելով թե՛ Ձեր փորձը, թե՛ ընդհանուր իրավիճակը գնահատելով։

- Եթե խոսում ենք անհատական վարկանիշների մասին, դա հստակ տարբերվում է կուսակցական վարկանիշներից տարբեր ցուցիչներով։ Որովհետև իրականության մեջ, հանրային, քաղաքական գիտակցության մեջ մարդիկ ավելի լավ ճանաչում են կոնկրետ անձերին, քաղաքական գործիչներին, պետական չինովնիկներին, քան կուսակցություններին։ Երկրորդը, անձերի նկատմամբ անձնական վերաբերմունքը շատ ավելի հստակ է, քան կուսակցությունների նկատմամբ։ Այստեղ կան ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ բազմաթիվ էլեմենտներ։ 

Ինչ վերաբերում է ընդհանուր հարցմանը, ընդհանուր մեթոդաբանության ներքո եթե դիտարկում ենք, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կերպարը հանրային ընկալման մեջ միանշանակ դրական է դիտվում՝ իր զուսպ կեցվածքը, պրոֆեսիոնալ մոտեցումները, հավասարակշռված պահվածքը։ Անգամ երբ նրան Ազգային ժողովում ցինիկ ու խութերով լի հարցեր են տալիս, ինքը շատ արժանապատիվ է իրեն պահում, և ամենակարևորն իր գործունեության ընթացքում՝ հատկապես վերջին շրջանում Սյունիք այցերը, փախստականների, գերիների հարցերով ներգրավվածությունը, հանրային խոսքի, ընկալման տեսանկյունից խիստ դրական կերպար է, միանշանակ։ Երբ որ նայում ենք, թե ով է երկրորդ տեղը զբաղեցնում՝ գործադիրի ղեկավարի մասին է խոսքը, ինքն ավելի շատ իներցիոն վերաբերմունքի, զանգվածային և սպառողական գիտակցություն ունեցող հանրային շերտերի կողմից նույնպես հեղինակության կրող է։ Եվ այն մարդիկ են, որոնք այնուամենայնիվ իրենց դատողություններում ավելի շատ իռացիոնալիզմի դիրքերից են մոտենում։ Այսինքն՝ ընտրություն են կատարում ոչ թե տվյալ անձի գործերի, այլ՝ նրա կերպարի, տարբեր մանիպուլյացիոն գործընթացների, «նախկիններ-ներկաներ» վերաբերմունքի և սոցիալ-կենցաղային ավելի ցածր ընկալողունակության աստիճան ունեն։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես պետական այր ավելի շատ փորձում է դիրքավորվել բալանսի մեջ։ Երբեմն դրական են ընկալվում նրա քայլերը, երբեմն՝ ոչ դրական։ Հիմնական փաստարկը, երբ որ նրա նկատմամբ քննադատական խոսքեր են ուղղվում, այն է, որ «Սահմանադրությամբ նրա լիազորությունները սուղ են, բայց եղած լիազորությունների շրջանակներում էլ ինքը կարող է մի շարք քայլեր ձեռնարկել»։ Կարծում եմ, որ իր «նժարային» կերպարը՝ հավասարակշռման հանրային դիրքավորումը, այնուամենայնիվ արտացոլվում է 2․4-ի մեջ։ Որովհետև ինքը հաճախ փորձում է արբիտրի դիրքերից հարցերին մոտենալ՝ չփորձելով ո՛չ աջ, ո՛չ ձախ գնալ, որն, իհարկե, հանրային առումով տարբեր կերպ է ընկալվում։ Բայց հիմնականում իր մոտ ստացվում է։ Էլի եմ կրկնում, հանրային գիտակցության տեսանկյունից։

- Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը ստացել են 2․1 բալ, 1,9 բալ՝ Էդմոն Մարուքյանը,

- Քոչարյանը ստացել է 2․1 բալ 5 բալանոց սանդղակով։ Կարծում եմ, որ դա բավականին նորմալ ցուցիչ է։ Իհարկե կարևոր է, թե ինչ մեթոդաբանությամբ են արձանագրել։ Բայց առնվազն այն հանգամանքը, որ Քոչարյանն իրենից հետո է թողել շատ ավելի ակտիվ, շատ ավելի ինտենսիվ հանրային կերպարների, ինչպիսին են Էդմոն Մարուքյանը, նախագահ Սարգսյանը և մնացածը, փաստում է, նրա մոտ ռեյտինգն աճել է։ Դա կապված է ինչպես Քոչարյանի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունների հետ, այնպես էլ գործող իշխանությունների ձախողումների հետ և դրանց ներքո առավել, այսպես, տղամարդկային, ռացիոնալ խոսքի պահանջարկի հետ, որը հասարակությունը, իհարկե, ունի։ Ծառուկյանի և Մարուքյանի դեպքում պետք է արձանագրել, որ ամեն մեկն ունի իր ռեսուրսը։ Եթե Մարուքյանի պարագայում հանրային խոսքն է, ինտելեկտն է, թիմային աշխատանքն է, թիմակիցների հանրային ընկալելի կերպարն է, որը նաև պրոյեկտվում է Էդմոն Մարուքյանի կերպարի վրա, ապա Ծառուկյան Գագիկի դեպքում լիովին այլ է։ Ծառուկյանն ունի իր ավանդական ընտրազանգվածը, որի ինչ-որ շրջանակի գիտական-կրթական մակարդակը համապատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած մտեցումներին։ Նաև տեղերում աշխատանքը, որը կուսակցությունն իրականացնում է տարբեր հանգամանքներից ելնելով։ Չմոռանանք, որ Ծառուկյանը խոշոր տնտեսվարող սուբյեկտ է և սեփականատեր։ Եվ հետևաբար կա հասարակության մի շերտ, որն իր նախասիրությունների շրջանակը պայմանավորում է այն հանգամանքով, որ նրա մոտ են աշխատում, նրա հանրային-բիզնես մոտեցնման մասին ունեն դրական կարծիք, և հենց այդ շրջանակում է նրա ռեյտինգը։        

- Սերժ Սարգսյանը ստացել է 1,6 բալ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,5 բալ, ՀՓՇ առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1,5 բալ, իսկ Արթուր Վանեցյանը ստացել է 1,4 բալ։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

- Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեյտինգին, կարծում եմ՝ վերջին ակտիվացումից հետո 1․6 բալանոց ռեյտինգը բավական համեստ արդյունք է։ Առավելևս, վերջերս խոշորածավալ և հանգամանալից հարցազրույցներից հետո։ Դրանցից առաջ նաև հանրային խոսք էր հնչեցրել։ Դրանից առաջ ինքը արդեն լրագրողների հետ բաց հանդիպում էր ունեցել՝ մոտ 1,5 տարի առաջ։ Այսինքն, Սարգսյանի՝ այդ մեծ ու ժամանակատար հարցազրույցների կոնտեքստում և այն բոլոր պարզաբանումների կոնտեքստում, որոնք ինքն անում էր կապված այս վերջին պրոցեսների, հեղափոխության, Արցախի հարցի, իր շուրջ պտտվող տարբեր ասեկոսեների, դավադրապաշտական սցենարների մեկնաբանության առումով, բավական համեստ գնահատական է 1.6 բալը։ Երևույթը տեսանելի է համեմատության մեջ։ Ստացվում է, որ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով փորձ և հմտություններ չունի Սերժ Սարգսյանի համեմատ, փաստացիորեն հավաքել է մոտավորապես նույն բալը՝ 1.5: Հետևաբար այստեղ կարող են հարցեր առաջանալ մեթոդաբանության հետ կապված։ Իհարկե, ես կասկածի տակ չեմ առնում հարցումը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, թե ինչու է այդպես։ Այսինքն՝ արդյո՞ք այդ «մերժելիի» թեզը Սերժ Սարգսյանի դեպքում է շատ ավելի լավ աշխատում, թե՞ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որովհետեւ հասարակական շատ շրջանակներ իմ նշած վերջին երկու գործիչների նկատմամբ ունեն խիստ սուբյեկտիվ վերաբերմունք։ Ընդ որում, այդ վերաբերմունքը տատանվում է։ Եվ շատ տարօրինակ է այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանը և հատկապես տարօրինակ է, որ Արթուր Վանեցյանն ավարտում են այդ ցանկը։ Այն առումով, որ, այնուամենայնիվ, Վանեցյանի հետ աշխատում է բավականին պրոֆեսիոնալ թիմ, նրանք ունեն որոշակի ֆինանսական կարողություններ։ Այնուամենայնիվ Արթուր Վանեցյանն ուժային կառույցի ներկայացուցիչ է։ Մեր տիպի հասարակություններում, էսպես, ուժայիններին սիրում են։ Բայց նրա հանրային ընկալելիությունը դեռ աճելու օրակարգ ունի՝ իր հանրային, իր սեփական խոսքի տեսանկյունից։ Հասարակությունը բնականաբար չի ստացել այն ազդակները, որոնց հիմքով պետք է իր վերաբերմունքը ձևակերպեր։

- Անդրադառնանք, թե որ կուսակցությանը որքան ձայն կտան։ Օրինակ՝ «Իմ քայլի» օգտին հարցին, որ «եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք», պատասխանել են հետևյալ կերպ՝ հարցվածների 31.7 %-ն «Իմ քայլի» օգտին, Քոչարյանի օգտին՝ 5,9 %, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4 %, «Լուսավոր Հայաստան»՝ 2,7 %,  «Հանրապետական» ՝ 2,4 %, ՀՅԴ ՝ 2,1 %, ՀՓՇ-Վազգեն Մանուկյան՝ 1 %։

- Կարծում եմ, թվերն արտացոլում են քաղաքական իրավիճակի վերաբերյալ իրականությունը։ Գոնե «Իմ քայլի» մասով արտացոլում կա։ Որովհետև հասարակության ինչ-որ շրջանակի մոտ եթե նոյեմբեր ամսից քննադատական վերաբերմունք կար սկզբնական շրջանում, ապա հիմա նրանց մոտ որոշակի դրական վերաբերմունքի աճ է նկատվում «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ՝ ի դեմս գործող վարչապետի ֆիգուրի։ Ես դժվարանում եմ ասել՝ ո՞ր թվային ճշգրտությունը որքա՞ն կայուն է լինելու ընտրությունների ժամանակ, բայց հասարակության այս շերտը որ կա, իր գիտակցական, սպառողական մտածողության, մարզային պատկանելության առումով ընտրելու է սույն քաղաքական միավորին, դա ակնհայտ է։ 

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Սա ակնհայտորեն խոսում է, որ երկրորդ համարով բավական մեծ, ինտենսիվ կերպով, առանց շատ հանրային ներգրավվածության, առանց շատ հանրային մեծ պրոցեսներին մասնակցության ու առանց շատ ասուլիսների ու հարցազրույցների, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը հստակ աճ ունի։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի հիմքով սոցհարցում է արված, բայց այստեղ Քոչարյանի անձն է ֆիքսված։ Դրանք մեթոդաբանական առումով մի քիչ դիսբալանս են ստեղծում։ Բայց հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը սեփական կուսակցություն չունի՝ շատ ընկալելի ու հասկանալի է այս իրողությունը։ Եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի (իսկ ինքը հաստատել է, որ մասնակցելու է ԱԺ հնարավոր ընտրություններին), ապա պետք է հասկանալ թե ո՞ր քաղաքական ուժի հետ։ Նա հավանաբար մասնակցելու է դաշինքով կամ ինչ-որ այլ կուսակցության հետ։ Պետք է հասկանալ նաև այն հանգամանքը, որ եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի Դաշնակցության հետ, որը կոնկրետ այս հարցման մեջ 2.1 % է հավաքել, նրա 5.9 %-ը մեխանիկորեն չի գումարվելու Դաշնակցության 2.1-ին, վստահորեն Քոչարյանի և Դաշնակցության տոկոսները նվազում են ապահովելու։ Որովհետև մարդկանց վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ կարող է տարբեր լինել, Դաշնակցության հանդեպ՝ տարբեր։ Այսպիսի դեպքերում եթե միավորվում են, սովորաբար տեղի է ունենում տոկոսային որոշակի կորուստ՝ մեխանիկական գումարի առումով։ Մյուս առումով, եթե շատ այլ կուսակցություններ էլ միանան Քոչարյանին, կարծում եմ, որ նրա նշաձողը շատ ավելի բարձր կլինի։ Հաշվի առնելով նաև Քոչարյանի նկատմամբ քարոզչական բազմամյա պրոցեսները՝ շատ-շատ քաղաքացիների վերաբերմունք հանրային առումով նրա նկատմամբ չի դրսևորվում, այսինքն՝ մարդիկ խուսափում են ասել, որ կգնան և կընտրեն իրեն։ Այս ամեն ինչը հստակ կերևա հենց ընտրության օրը։ Հետևաբար «ոչ մեկին չեմ քվեարկելու» 24․6 %-ը, կամ «չմասնակցության» տոկոսի մի զգալի մասը կամ «դժվարանում եմ» պատասխանողների մի զգալի մասը դիրքավորվելու է Քոչարյան, կամ միգուցե «Իմ քայլը» դաշինք։ 

Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի 4.4 %-ին, արդեն Գագիկ Ծառուկյանի պարագայում նշեցի, ԲՀԿ-ն հենց Գագիկ Ծառուկյանն է։ Այստեղ շատ հստակ առանց կուսակցության երևույթն է առկա։ Եվ կարծում եմ, որ Ծառուկյանը՝ որպես այդ կուակցության գործոն, հիմնական լոկոմոտիվն է։ Եվ կապված իր բիզնես գործունեության, սոցիալական ծրագրերի, քաղաքական ու տնտեսական միֆերի (ոչ վատ իմաստով), հանրային միֆերի հետ՝ Ծառուկյանի և Բարգավաճի հնարավորությունները, կարծում եմ, այս 4.4-ի շրջանակներում լիովին կարող են տեղավորվել։ 

Եթե հաշվի առնենք նախորդ ընտրությունները՝ «Լուսավոր Հայաստանի» տոկոսները, իհարկե, նվազել են։ Եվ «Լուսավորը» հայտնվել է մի դաշտում, որտեղ խորհրդարան չանցած Հանրապետական կուսակցությունն՝ իր 2.4 տոկոսով, Դաշնակցությունը և այլ կուսակցություններն են։ Այսինքն՝ ԼՀ-ն ոչ թե աճ է ապահովել՝ պառլամենտական այս պրոցեսում մտնելով Ազգային ժողով, այլ՝ նվազում։ Դա հավանաբար իրենց քայլերի, դիրքորոշումների, մոտեցումների ձևի հետ է կապված և հանրային ինչ-որ սուր հարցերի նկատմամբ իրենց հանրային դիրքորոշման, այսպես, ոչ այնքան կայուն լինելու հանգամանքով։ Չնայած այն տեքստերը և հիմնավորումները, որոնք տրվում էին հասարակությանը, արտաքնապես բավական կուռ էին, համապարփակ և երբեմն նաև ընկալելի։ 

- «Սասնա Ծռերը» հավաքել են 0,5 %, «Հայրենիք» կուսակցություն՝ 0,4 %, «Հանրապետություն»՝ 0,4 %, Քաղաքացու որոշում՝ 0,1 %։ 

- Ես լիովին հասկանում եմ այս թվերը, որովհետեւ դրանք, այնուամենայնիվ, քաղաքական ապատիայի և սուբյեկտիվ վերաբերմունքի դրսեւորում են տվյալ կուսակցությունների նկատմամբ։ Ես առավել մեծ ակնկալիքներ ունեի «Քաղաքացու որոշում» կուսակցության հնարավոր հավաքած թվերից, որովհետև ինքը որպես քաղաքական պրոյեկտ բավականին գրագետ էր արված։ Գոնե նախորդ ընտրությունների ժամանակ մեկնարկի համար իրենք բավականին լավ արդյունք արձանագրեցին։ ՔՈ-ի թիրախային շրջանակը երիտասարդներն են, բայց պետք է հաշվի առնել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքը նաև բավականին մեծ հիասթափություն է առաջ բերել նաև երիտասարդների շրջանում։ Այսինքն, ակնհայտ էր, որ ՔՈ-ի թվերի մեջ նվազում լինելու է, բայց ակնկալում էի, որ ոչ այսքան։ Երբ որ նշվում է, որ հասարակության 24.6 %-ն առնվազն չի ցանկանում որևէ մեկին քվեարկել, խոսում է նրա մասին, որ հասարակության մեջ կա քաղաքական ապատիայի մեծ տոկոս։ Բայց այնուամենայնիվ այդ մարդկանց մի մասը գնալու է ընտրությունների այս կամ այն հանգամանքների զորու։ Մեկին կփորձեն կաշառել, մեկին՝ համոզել, մեկը ստիպված կգնա, մեկը հուսահատ կգնա։ Այստեղ կարևոր է, թե 24.6 %-ն ինչ բաշխում է ունենալու առաջին եռյակի, առաջին քառյակի վրա։ Եվ ընդհանրապես մի կողմից էլ պետք է հասկանալ, թե այդ առաջին եռյակը, քառյակը նախընտրական պրոցեսում (ընդհանրապես ընտրություններ պետք է տեղի ունենան, որի մասին խիստ թերահավատ եմ) ինչպիսի ուրվագծումներ կունենան ընտրություններում, այսինքն՝ ովքեր կմիանան առաջին տեղին, երկրորդ տեղին, մյուս տեղերին։ 

- «Ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք» հարցին դժվարացել է պատասխանել 20 %-ը։ 

- Մեծ հաշվով այդ 20 %-ը վերջին օրերին իրենց դիրքորոշումը կձևակերպեն, բայց կարծում եմ, որ կգնան ընտրություններին և այս պատկերն իհարկե որոշակի փոփոխության կենթարկվի։ Այս ընթացքում կարող են լինել ինչ-որ կտրուկ իրավիճակային փոփոխություններ, որոնք կարող են հստակ անդրադարձ ունենալ այդ ռեյտինգների պատկերի վրա։ Եվ իհարկե ոչ համաչափորեն անդրադարձ ունենան․ երկրորդ կամ երրորդ տեղում աշխատող ինչ-որ մեկը գա առաջին տեղ կամ երրորդը գա երկրորդ տեղ։ Այստեղ բավականին անկանխատեսելի իրողություններ են։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Նոր կուսակցություններ ստեղծվեն որպես այլընտրանք չարչրկված նախկիններ-ներկաներ դիսկուրսին՝ քաղաքական համակարգին դրական շունչ տալու համար։ Բայց մյուս կողմից էլ իրենց մեջ միայն վտանգ պարունակեն։ Եթե պայմանականորեն 30 կուսակցություն մտնի դաշտ ու ամեն մեկը հավաքի 0.1, 0.2, 0.3 %, 0.5 % միգուցե, մյուսը լավագույն դեպքում՝ 2 կամ 1 %, տեղի կունենա դաշտի բյուրեղացում, հատվածայնացում։ Ու դա կարող է խանգարել 2-րդ, 3-րդ տեղերով աշխատող քաղաքական թիմերին։ Առաջին տեղով աշխատողին դա մեծամասամբ չի խանգարի, բայց երկրորդ, երրորդ տեղերին իհարկե կխանգարի։

-  Նաեւ մարզերի հետ կապված, «Իմ քայլին» ընտրողների զանգվածն ավելի մեծ է մարզերում, քան Երեւանում։

- Խիստ տրամաբանական է։ Մարզերում սովորաբար էդպես է՝ սոցիալական խնդիրները, պոպուլիզմի նկատմամբ իմունիտետի բացակայությունը։ Այսինքն, մարզերում միշտ սիրում են հավատալ բարի խոստումների, միշտ սիրում են հավատալ այնպիսի կերպարների, որոնք ասում են՝ «Ես ձեզանից մեկն եմ, ունեմ այն խնդիրները, ինչը որ դուք ունեք» և այլն։ Այդ հանգամանքները կարող են ստիպել, որ մարզային բնակչությունը գնա պոպուլիստների հետևից։ Բայց պետք է նաև արձանագրել նաև մի իրողություն, որ պատերազմի հետևանքով նահատակված երիտասարդների զգալի մասը մարզային բնակության մարդիկ են եղել։ Եվ պետք է հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին ընտրությունների տեսքով, որևէ կերպ չի կրկնվելու, եթե ընտրությունները լինեն այս տարի։ Պետք է հասկանալ, որ վարչական ռեսուրս ակտիվ օգտագործելու են, թատերականացված քարոզարշավներն են իրողություններ դառնալու, ընտրակաշառք բաժանելու դրսևորումներ տեղի կունենան, տեղի կունենա վարչական ռեսուրսի միջոցով տեղական ինքնակառավարման տարբեր «ստորաբաժանումների», պոլիկլինիկաների, դպրոցների մակարդակով ռեսուրսների մոբիլիզացիա և հօգուտ իշխանության դրա օգտագործում և կիրառում։ Մենք առնվազն այդպիսի դեպք ունեցել ենք միտինգի տեսքով։ Եվ ոչ միայն միտինգի տեսքով։ Նաև պատերազմի ժամանակ են որոշակի քայլեր արվել այդ ուղղությամբ, որ հետագայում ֆինանսները, կարծես թե, անհետացել ու անհասկանալի ճանապարհով մսխվել են։ Պետք է հասկանալ, որ մարզային բնակչությունը քաղաքականապես պակաս հմտություններ ունի և նրան միշտ ավելի հեշտ է խաբելը, համոզելը, այդ թվում՝ նաև «գթասրտություն բերելով»։ Որովհետև գործող վարչապետի թեզերը՝ «Նախկիններն են մեղավոր», պետք է ավելի կոշտ քննադատել։ Մյուս կողմից էլ նահատակ երեխաների հիշատակը քաղաքական առումով օգտագործելիս նա բոլոր հնարավոր հնարքներին դիմում է։ Այսինքն, քարոզարշավի տեխնոլոգիական գիծն այս միջակայքում է դրսևորվելու։

-Նորմա՞լ եք համարում, որ մարզերում ավելի շատ են պատրաստ ձայն տալ «Իմ քայլին», քան Երևանում։

- Մենք ունենք այն ժողովորդն, ինչը որ ունենք։ Այդ ժողովուրդն ունի քաղաքական և կենցաղային այն գիտակցությունը, ինչը որ ունի։ Հետևաբար անգամ այն հարցազրույցները, որոնք որոշ մարզերում ինչ-որ մարդիկ տալիս են մարզային բնակիչների տեսքով, ինչպես են իրենք արձագանքում ամեն ինչը հնարավոր բոլոր ձևերով ձախողած անձնավորությանը, խոսում է նրա մասին, որ մենք ունենք այդպիսի ցավալի իրականություն։ Որ մարզային բնակչությունը շատ ավելի պակաս քննադատ է և շատ ավելի քաղաքականապես գնահատականներ տալու իմունիտետ չունի։ Հետևաբար նրանց միշտ ավելի հեշտ է մանիպուլացնելը։