Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները մնացել են օդում կախված

Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները մնացել են օդում կախված

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները դեռ հանգուցալուծում չեն ստացել։ Մարտին կայացած ռեկտորի ընտրության 1-ին եւ 2-րդ փուլերի արդյունքները շարունակում են վիճելի մնալ։ Հիշեցնենք, որ խնդիրը մասնավորապես 2-րդ փուլի ժամանակ մի քանի քվեաթերթիկի վավերականությունն է, որը հանձնաժողովի նախագահը հրաժարվել էր արձանագրել, բայց հանձնաժողովի անդամները, գործելով առանց նախագահի, 3/2 հարաբերակցությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն էին ներկայացրել ռեկտորի քվեարկության արդյունքները: Սակայն մրցույթից հետո պարզվել էր, որ քվեարկության արդյունքները ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե 3 անդամ, այլ՝ 2։ Դրանից հետո ընտրական գործընթացը հայտնվեց ԿԳՄՍՆ-ի ուշադրության կենտրոնում, որը պետք է քննարկի՝ համապատասխանո՞ւմ է գործընթացը ընտրական կարգին, թե՞ ոչ, ինչից հետո կառավարությունը կա՛մ կհաստատի ընտրության արդյունքները, կա՛մ՝ ոչ։ 

Ռեկտորի պաշտոնի հավակնորդ, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպասողական վիճակ է բուհում, համաձայն կանոնակարգի՝ արդյունքները 10 օրվա մեջ պետք է ներկայացվեին կառավարության հաստատմանը, բայց չկա վերջնական արձագանք։ Միքայելյանը կարծում է, որ թե՛ նախարարությունը, թե՛ կառավարությունը սպասում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հաստատմանը, որից շատ բան է կախված, այդ թվում՝ պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները․ 

«Այս ընտրությունները ֆեյք ընտրություններ էին, որ 10 օրվա մեջ պետք է ներկայացվեին լիազոր մարմնին՝ կառավարությանը, կամ գուցե ներկայացվել են բացասական կարծիքով, որի մասին, սակայն, մենք պաշտոնապես իրազեկված չենք։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ընտրությունները չեն կայացել, եւ մնում է հաջորդ քայլն անել՝ կազմակերպել նոր ընտրություններ։ Իսկ թե նոր ընտրությունների կազմակերպումը որ դաշտում կլինի՝ հին օրենքի շրջանակներում, թե նոր հոգաբարձուների կազմով՝ պարզ չէ, որովհետեւ հոգաբարձուների խորհրդին համալսարանում բոլորն են անվստահություն հայտնել։ Բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, բոլորը դիրքավորվել են սպասողականության գեղեցիկ դաշտում»։ 

Ստացվում է, որ նոր օրենքի ստորագրումից է կախված՝ ռեկտորի ընտրությունների արդյունքները կչեղարկվե՞ն, թե՞ կհաստատվեն։ «Չեղարկվելը դրա հետ կապ չունի, ուղղակի հաջորդ քայլն է դրանից կախված, որովհետեւ ընտրությունների այն խայտառակ ընթացքը, որ եղավ՝ բոլոր կանոնակարգային եւ օրենսդրական նորմերի խախտումներով, ընտրությունների արդյունքներն արդեն չեղարկված է դարձնում։ Հիմա խոսքը գնում է հաջորդ քայլի մասին՝ մենք կունենա՞նք նոր ընտրություններ, եւ ի՞նչ օրենքով, ի՞նչ ընթացակարգով են դրանք իրականացվելու»։

Մինչ նոր ընտրություններ կազմակերպել-չկազմակերպելը, համալսարանում ամեն ինչ գնում է իր հունով, Միքայելյանը կարծում է, որ եթե կառավարման բոլոր օղակներն աշխատեն հավուր պատշաճի, ռեկտորի գործառույթները դրանից չեն խաթարվի։ Այս պահին համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ Ռուբեն Աղգաշյանն է։ Միքայելյանը հավելեց, որ ցանկացած դեպքում իրենք՝ ռեկտորի 5 թեկնածուները, դատական հայց են պատրաստել, ու եթե լիազոր մարմինը չչեղարկի, դատական կարգով կվիճարկեն այս ընտրությունները։