Սորոսական ձեռագիր

Սորոսական ձեռագիր

«Հիմնադիր նախագահ» Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հասարակության շրջանում մեծ հուզումների պատճառ դարձած  ԿԳՄՍ կրթական չափորոշիչների շուրջ ծագած աղմուկին։ Ազգային գաղափարախոսությունը ժամանակին մերժած սույն քաղաքական գործիչը բնականաբար չի «իջել» պատմության կրթական չափորոշիչները քննարկելու կամ դրանց վերաբերյալ կարծիք-դիրքորոշում արտահայտելու «նվաստ» մակարդակին․ նա ընդամենը ամոթանք է տվել այդ բանավեճի մասնակիցներին՝ շատ որոշակի թիրախ ունենալով Պատմության ինստիտուտին, որի ազգային կեցվածքը խնդրո առարկայի առնչությամբ նախկին նախագահին,  փաստորեն, «հեչ» դուր չի եկել։ 
Ի դեպ, բանավեճ՝ որպես այդպիսին, գիտական շրջանակներում չկա էլ․ կա հանրության ազգային հատվածի ընդվզումը և սորոսական իշխանությունների բութ անտարբերությունն ու մեծամտությունը հայոց պատմության կրթական չափորոշիչների շուրջ։ Հետևաբար կեղծում է թվով առաջին նախագահը՝ անդրադառնալով մի բանի, որ գոյություն չունի։ Բայց նա չեղած բանավեճ է վկայակոչում՝ իշխանությունների կրթական քաղաքականությանն իր «հայրական» օրհնությունը հայտնելու նպատակով։

«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»,- գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա շարունակում․ «Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։ Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենեւին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ եւ այսօր էլ պետություն ունի»։ 
Մեջբերված տեքստի սկիզբը ոճաբանության առումով ընթերցողին եթե ոչինչ չի հիշեցնում, հիշեցնեմ նրան Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը, որտեղ նա խոսում էր խաղաղության կուսակցությանը պատերազմի կուսակցությամբ «փոխարինելու» մասին։

Նման են, այդպես չէ՞։ Եվ զարմանալի չէ, որ նման են, որովհետև այս մարդու մեջ ոչինչ չի փոխվել ազգայինի, ազգայնականության, իր բառով ասած՝ հայդատականության ընկալման առումով։ Նույն ժխտողական բնազդային հակադրությունն է ամենայն ինչի, որի վրա կարող է ազգայինի, հայդատականության թեկուզ աննկատելի դրոշմ լինել։ Այս մարդը «ազգային խայտառակություն» է համարում Պատմության ինստիտուտի (և ոչ միայն) կռիվը սորոսական՝ ապազգային ուժերի դեմ, որոնք այսօր կառավարությունում նստած հայոց պատմության ծրագիր ու չափորոշիչ են գրում՝ թուրքերի հետ «դրամաշնորհային համագործակցության» տպավորիչ փորձառությամբ։ Այս մարդը ինչ-որ կեղծիքներից է խոսում, երբ ինքն է ամենայն կեղծիքի հիմնադիրն ու մարմնացումը հայոց քաղաքական կյանքում։

Եվ կեղծիք է նաև նրա այս գիրը։ Այնտեղ հայի սիրտ ու հոգի չկա, ազգային գաղափար ու տեսլական չկա․դա սորոսականի ձեռագիր է։