Հարկեր վճարելու համար մեզ պետք է խրախուսե՞ն

Հարկեր վճարելու համար մեզ պետք է խրախուսե՞ն

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտոններով չձևակերպելը»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Արսեն Թորոսյանն էլ հիշեցրել է, որ կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ։ 

ՊԵԿ նախագահն ու առողջապահության նախարարը հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը,իսկ օրինապահներն առավելություն են ստանալու։ Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս առողջապահության նախարարությունը առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող եւ վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Այս հանդիպմանը մասնակցած «Պրոմ-տեստ» ախտորոշիչ կենտրոնի փոխտնօրեն Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք միշտ «սպիտակ դաշտում» են աշխատել, խնդիրներ չեն ունեցել, վտանգ էլ այսուհետ չեն տեսնում։

«Մենք պարտավոր ենք վճարել հարկերը, հիմա վճարելու համար մեզ պետք է խրախուսե՞ն»,- հարցնում է մեր զրուցակիցը։ 

Հետաքրքրվեցինք, թե Մարտիրոսյանը հարցեր ուղղել է ՊԵԿ նախագահին եւ առողջապահության նախարարին։ Մեր զրուցակիցն ասաց, որ ոչ մեկին էլ հարց չի ուղղել։ Նա նշեց, որ հանդիպման ընթացքում արծարծված հարցերը՝ «սեւ կամ սպիտակ» դաշտերում աշխատելու վերաբերյալ միշտ էլ եղել են, իրենք մասնավոր կազմակերպություն են, նման խնդիրներ չեն ունեցել։ Միաժամանակ նա հավելեց, որ այլ տնտեսվարողներ, կապված իրենց հիմնարկների հետ, հարցեր են հնչեցրել։

«Դիալաբ» բժշկական կենտրոն եւ կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի փոխտնօրեն  Աստղիկ Սարգսյանը եւս մասնակցել է ՊԵԿ նախագահի եւ առողջապահության հետ նախարարի հանդիպմանը։

«Ես հանդիպման մասին իրազեկեցի մեր տնօրենին, մենք այդ հանդիպումը համարեցինք շատ օգտակար։ Համենայնդեպս՝ խուճապի մատնվելու առիթ չունենք, ոնց աշխատել ենք, կշարունակենք նույն ձեւով աշխատել։ Մենք աշխատել ենք օրինական դաշտում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կենտրոնի հետ կապված մանրամասներ կարող է տրամադրել տնօրենը։