Ինչո՞ւ մենք, եթե ոչ՝ ոստիկանությունը.քննարկում Գյումրու ավագանու նիստին

Ինչո՞ւ մենք, եթե ոչ՝ ոստիկանությունը.քննարկում Գյումրու ավագանու նիստին

Գյումրի համայնքի ավագանու այսօրվա նիստը համեմատաբար երկար տևեց: Ավագանին նիստից հետո ամառային արձակուրդ մեկնեց՝ սեպտեմբերին՝ նոր նստաշրջանին հանդիպելու ակնկալիքով:

Օրակարգում ընդգրկված էին 22 հարցեր: Ավագանին հատկապես երկար քննարկեց համատիրություններին գումար տրամադրելու եւ բազմաբնակարան շենքերը վերահսկելու համար տեսախցիկներ տեղադրելու հարցը:

Ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ պետությունն է պարտադրել տեսախցիկներ տեղադրել, քանի որ ինչ տեսակի արտակարգ դեպք ասես չի գրանցվում, իսկ քաղաքապետարանը պարտավոր է ենթարկվել կառավարության պահանջին: Ավագանու անդամներից ոմանք դեմ էին համայնքի բյուջեից այդ նպատակով մոտ 9 մլն դրամ հատկացնելուն: Նրանց պնդմամբ  դա ոստիկանության գործառույթն է, եւ ժամանակն է, որ համայնքի բյուջեի ծախսերը կրճատվեն:

Ի վերջո այն, ինչ ֆիքսելու տեսախցիկները, տրամադրվելու է ոստիկանությանը, եւ դա ոստիկանության լիազորությունների սահմանում է:Քաղաքապետ Սամվել Բալասանյանն  այնքան էլ համամիտ չէր նրանց հետ: Նա հորդորեց այս անգամ էլ զիջել: Նրա խոսքերով ճանապարհային  գծանմուշներն էլ նույն սկզբունքով պետք է չարվեին, սակայն արեցին: Քաղաքապետարանի Ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն էլ առիթը բաց չթողեց քաղաքապետին գովելու՝ հիշեցնելով, որ քաղաքի լուսացույցերն էլ քաղաքապետն իր գրպանից է գնել: Նշենք,որ հարցն,այնուամենայնիվ,ընդունվեց:

Ավագանու այսօրվա նիստին որոշում կայացվեց նաև «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով հատկացնել 8 000 000 դրամ: 
Ընդհանուր  հաշվարկով  դրամական հատկացումները գերազանցեցին 70 մլն դրամը: