Երեսուն տարվա «քանդված» երկիրն ու վարչապետի «կարևոր» գործերը

Երեսուն տարվա «քանդված» երկիրն ու վարչապետի «կարևոր» գործերը

Իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, նաեւ՝ հեղափոխության օրերին, Փաշինյանը տեղեկացնում էր հասարակությանը, թե իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ ինչպես էր Հայաստանը քանդվում-քայքայվում:

Շարքային քաղաքացին առանց Փաշինյանի օգնության էլ իր մաշկի վրա զգում էր հասարակության բեւեռացումը, կյանքի, մեղմ ասած, ոչ բարենպաստ պայմանները: Ուստի, անմիջապես հավատաց Փաշինյանին եւ դուրս եկավ փողոց՝ փրկչի կողքին լինելու եւ նրան իշխանության բերելու համար: Համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած Փաշինյանը, ով առաջնորդել էր շարժումը, հաղթանակը դարձրեց իր՝ 20-30 անդամից բաղկացած կուսակցության սեփականությունը. ՔՊ-ն է արել հեղափոխությունը, նրա անդամներն էլ պետք է ստանձնեն երկրի ղեկավար պաշտոնները: Հասարակությունն անակնկալի եկավ, իրեն մի քիչ վիրավորված զգաց, բայց էլի վստահեց Փաշինյանին ու նրա նշանակած՝ իր համար անհայտ երիտասարդներին: Ու սկսեց սպասել, թե երբ են իրականանալու կյանքը կարճ ժամանակամիջոցում բարելավելու խոստումները: Մարդիկ ուշի-ուշով հետեւում են լրահոսին, Փաշինյանի «լայվերին»՝ ամեն օր սպասելով մի հուսադրող լուրի:

Լայվասեր Փաշինյանն իրեն երկար սպասեցնել չէր տալիս, սկզբնական շրջանում գրեթե ամեն օր էր «լայվ» մտնում ու օրվա անցուդարձը պատմում քաղաքացիներին՝ վերջում չմոռանալով հիշեցնել, որ սիրում է բոլորին: Անգամ կառավարական ամառանոցի լոգասենյակի ցուցադրումը, ամառանոցի տարածքում շնագայլերի հետեւից շնչակտուր վազելը հետաքրքիր էին հասարակության մեծ մասին: Շատերը սրտատրոփ սպասում էին, թե այս կամ այն երկիր այցից հետո Նիկոլը երբ է վերադառնալու եւ ինչ տրամադրությամբ…
Մեղրամիսն անցավ, գնալով նվազեց «լայվերի» քանակը, եւ դա բնական է, փոխվեց նաեւ դրանց բովանդակությունը, դրանց միջից սկսեց պակասել սերը՝ երկկողմանի… Մի գեղեցիկ օր վարչապետը հպարտ քաղաքացիների երեսով տվեց պետության կողմից կարիքավոր ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստը՝ հորդորելով՝ «աշխատե՛ք, ապրե՛ք», եւ սկսեց լռել: Չէ, երբեմն էլի «լայվ» է մտնում, բայց միայն իր նախընտրելի թեմաների շուրջ խոսելու համար, ասենք՝ լրատվամիջոցներին շշպռելու, իր թիմակիցների ինքնապարգեւատրումներն արդարացնելու եւ այլն:   
Կյանքն սկսեց բարելավվել, բայց ո՛չ շարքային քաղաքացիների, այլ ՔՊ-ական երիտասարդ պաշտոնյաների համար: Իսկ երբ շարքային քաղաքացիներն են իրենց չլուծված խնդիրների մասին բարձրաձայնում, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ղեկավարած երիտկառավարության անդամները մուննաթ-զուննաթ են գալիս, թե՝ տնաշեններ, 7-8 ամսվա մեջ ուզում եք 30 տարվա քանդածը սարքե՞նք, լրիվ հարցերը լուծե՞նք. «Հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք»: Գործ չանելը հիմնավորվում էր ԱԺ-ում լծակներ չունենալու գործոնով: Հասարակությունը նորից սկսեց համբերությամբ սպասել, ապա գնաց եւ իր ձայնը տվեց Փաշինյանի թիմին, եւ նրա գլխավորած ուժը ստացավ աննախադեպ քվեներ: Թվում է, թե այլեւս խանգարող բան չկա… աշխատելու համար… 
Իսկ ինչո՞վ է զբաղված վարչապետն այն ժամանակ, երբ արտերկրում պաշտոնական այցի մեջ չէ: Ասել, թե գործ չի անում, չի աշխատում, սուտ կլինի: Նա անձամբ ղեկավարում է կառավարության գրեթե բոլոր ոլորտները, բացառությամբ մեկ-երկուսի: Վարչապետ Փաշինյանը նաեւ մարզպետ է, նախարար, վարչության պետ, փոխվարչապետ, ամեն տեղ է եւ ամեն ինչ, անգամ՝ կառավարության լրատվական ծառայություն, մամուլի խոսնակ: Փաշինյանի մեջ դեռ խոսում է լուրն առաջինը հաղորդելու ցանկությամբ ապրող լրագրողը, ուստի նա անգամ իր լրատվական ծառայությունից ու մամլո խոսնակից է առաջ ընկնում եւ հույժ կարեւոր լուրերն անձամբ է «լայվերով» հայտնում հասարակությանը: 

Նա մի օր հրատապ գնում է Կոտայքի մարզ՝ պարզելու, թե ինչու են գործադուլ-դասադուլ անում դպրոցներից մեկի կոլեկտիվն ու ծնողները: Մինչդեռ սա վարչապետի «կալիբրի» լուծելու հարց չէր, դրանով պարտավոր էին զբաղվել մարզպետը, մարզի կրթության վարչության պետը, ԿԳ նախարարը, նրա տեղակալը, լավագույն դեպքում՝ վարչապետի օգնականներից մեկը: Կառավարության նիստի ժամանակ վարչապետը քննարկում է աղբահանության, մեքենաների ջարդոնների եւ նմանատիպ այլ հարցեր, մինչդեռ սրանք էլ համայնքների լուծելու խնդիրներ են։ Վարչապետը ժամանակ ունի մեծ բանաստեղծուհու՝ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ այցելել Պանթեոն, հետո ժամանակ ունի «լայվ» մտնել եւ ասմունքել բանաստեղծուհու ստեղծագործությունը, ժամանակ ունի այցելելու մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրը շնորհավորելու:

Վարչապետը տիկնոջ հետ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին ներկա լինելու ժամանակ ունի, իսկ համերգից հետո՝ ֆեյսբուքյան գրառում կատարելու. «Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման: Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»: Այս գրառումը կատարելիս, հավանաբար, մոռացել է, որ իր ձեռամբ մշակույթի նախարարությունն այլեւս չկա: Մոռացել է, քանի որ դա դեռեւս օրենսդրորեն ամրագրելու ժամանակ չի ունեցել:

Լավ է, որ երկրի առաջին դեմքը հարգում, մեծարում է մշակույթի մեծերին, գովելի է, բայց այդ այցերն առայժմ կարող էր անել մշակույթի վերջին նախարարը՝ մշակույթն իր մեջ ամփոփած մշակութային «մեծ գործիչ» Լիլիթ Մակունցը, որն արդեն ԱԺ-ում է: Իսկ թե ով է զբաղվելու մշակութային հարցերով, դա դեռեւս պարզ չէ։ Եվ քանի որ կառավարությունը կիսատ է ձեւավորված, ուստի մշակութային հարցերով պետք է զբաղվի անձամբ վարչապետը:  Դեռեւս չկա «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը, այն անգամ ԱԺ քննարկման չի ներկայացվել: Եվ նման կիսատ-պռատ պայմաններում նախագահի նստավայրում տեղի ունեցավ նորանշանակ 12  նախարարների երդման արարողությունը։ Նախարարներ, որոնք, փաստորեն, աշխատելու են առանց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի։ Այսինքն՝ նախարարները երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, որի կառավարության կառուցվածքը, ըստ էության, ապօրինի է կամ ոչ լեգիտիմ։ Վարչապետը, ով ժամանակ չունի կառավարության նոր կառուցվածքը կանոնակարգելու, փոխանակ իր ամեն մի վայրկյանը խնայողաբար օգտագործի եւ զբաղվի դրանով, օրն անցկացնում է  համերգ ունկնդրելով, ասմունքելով: Թեեւ առանց օրենքի էլ կարելի է յոլա գնալ, տնավարի նշանակումներ անել՝ մեծ ընտանիքի սկեսուրի նման. հարսների մի մասին ուղարկել հոր տուն, իսկ մնացածների ուսերին դնել տնային մյուս բոլոր գործերը՝ դու հաց կսարքես, լվացք կանես, ամանները կլվանաս եւ այլն։

Վարչապետը հաճախ նաեւ վիճակագրական վարչության դերն է կատարում եւ ինչ-որ լուսավոր տնտեսական տվյալներ հրապարակում. «2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն՝ Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն՝ 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն, ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով»: Այս գրառմանը հասարակության արձագանքին ծանոթանալու համար բավական է ընթերցել գրառման մեկնաբանությունները: Վարչապետի ֆեյսբուքյան էջից մեկ այլ գրառում. «Քիչ առաջ լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»։ 

 Առանց մեկնաբանության, մեջբերենք գրառմանը հաջորդած ընդամենը մի քանի մեկնաբանություն. 

Հանդիսավար Սասուն Հովհաննիսյան Նիկոլ, Սաշիկի 50-ներն ո՞ւր ա, 8 ամսում չհաջողվե՞ց բացահայտել, թե՞ արդեն ձեր գրպանն ա մտնում, թե՞ ոչ մի 50 էլ չկար, ժողովրդին խաբել եք, ոնց որ կարմիր գծերի, արագաչափերի, պարտադիր կուտակայինի, ԵԱՏՄ-ից դուրս գալու ու մյուս հարցերում խաբեցիք...

Vahan Astvatsatrian 50 %-ն ի՞նչ ես անում, գիրք ա վաճառվում։
Gazaryan. Ձեր կենացային հռետորաբանությունն իրոք հոգնեցնող է, սրտանց ուզում եմ պաշտպանել Ձեր տեսակետներն ու գործողությունները, քանի որ ինքս ընտրել եմ Ձեզ, բայց առկա լրջագույն պրոբլեմների ֆոնին նման պաթոսն առնվազն հիասթափեցնող է:
David Kalashian Պարոն Փաշինյան, Դուք տեղյա՞կ եք՝ առհասարակ երկրում եւ աշխարհում ինչ ա կատարվում… ի՞նչ գիրք… ուշքի եկեք, ադեկվա՞տ եք Դուք…։
Lilit Melkonyan Բայց արդյոք անիմաստ օպտիմիզմի ու պաթոսի ժամանակները չե՞ն անցել, ռեկորդային թվով գրքերը լավ են, իհարկե, իսկ ԺՈՂՈՎՐԴԻ խնդիրներով ե՞րբ եք զբաղվելու ու լուծելու։

ՀԳ․ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ կառավարության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ վարչապետ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին գնացել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ «Ռեւիզորը» ներկայացումը դիտելու: