Աննայի հանելուկը․․․

Աննայի հանելուկը․․․

Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում նման հայտարարություն է արել․  «Չի բացառվում, որ վեթթինգ իրականացնի հենց Բարձրագույն դատական խորհուրդը, արդեն նոր կազմով, և շատ դատավորներ, տարբեր չափանիշներով (գույքային, մասնագիտական և այլն) չհամապատասխանելով իրենց բարձր կոչմանը, կլքեն համակարգը»։  Սա ի՞նչ է նշանակում։ Կկազմավորվի նոր  ԲԴԽ, նոր անդամները հնազանդ կենթարկվեն իշխանությանը և վեթթինգով կանցկացնեն այն դատավորներին, ովքեր «իրենց մարդիկ են»։

Սա բարեփոխու՞մ է, թե ինչպես Սասուն Միքայելյանն է ասում՝ մարդկանց փոփոխություն, որը բացարձակ ոչինչ չի տա համակարգային փոփոխության առումով։ Ի՜նչ ԲԴԽ անկախության մասին է խոսվում, ի՜նչ մասնագիտական որակավորման՝ «իմ ու քո-ի կռիվ է գնում», որակյալ, տասնյակ տարիներով մասնագիտագված կադրերի դուրս մղման գործընթաց է իրագործվում։

Շատ տիպիկ էր այդ առումով ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի օրինակը։ Տիպիկ այն առումով, թե Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար ինչպես է իրագործվում անկախ դատական համակարգի գոյությունը: Ինչքանով է այն առանցքային իշխանության համար։ Աննան այդ առումով քաղաքական դաշտի իմացության համար  այնքան բան արեց, որքան չէր կարող անել, եթե տասը տարի լիներ ԲԴԽ անդամ։ Նրան «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել՝ իշխող կուսակցությունը։ Բայց քանի որ, ինչպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն է ասում, նա «հորքուրի գանձ չէր», այդ պատճառով ԲԴԽ անդամ ընտրվելուց առաջ վեթթինգի ենթարկվեց։ Եվ պարզվեց, որ Աննան բառի ուղղակի իմաստով է հասկացել ԲԴԽ-ի, իրավական կառույցների անկախ լինելու հանգամանքը։ Եթե այդպես չհասկանար, բնական է, չէր ասի․

«ԲԴԽ-ն պարզապես դիտարկել որպես պատասխանատվության ենթարկող մարմին, նման կարծիք չունեմ ու դրա հետ համաձայն էլ չեմ լինի: Առաջին հերթին ԲԴԽ-ն պետք է լինի դատական համակարգի անկախության երաշխավորը»։

Ո՞նց թե, Աննա։ ԲԴԽ-ն հնարավոր է հենց ինքը վեթթինգ իրականացնի, իսկ դուք ասում եք․

«Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետեւ այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող եւ սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց հետեւելու ենք, հետեւաբար ասել, որ իրականացնելու ենք վեթթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի»։

Ու այդքանից հետո զարմանու՞մ եք, որ քաղաքական  մեծամասնությունը Աննային ԲԴԽ անդա՞մ չընտրեց։ Պատճառնե՞ր եք որոնում՝ հասնելով մինչև հանգստյան տներ։ Փորձում եք հանելուկի՞ վերածել այս պարզ իրավիճակը։ Մոռացեք ու սպասեք։ Արդարություն տանող ճանապարհը դեռ չի երևում։