Տնօրենն ընդդեմ մարզպետի, ուսուցչուհին էլ՝ տնօրենի․ «բոլոլա» թիվ 4 դպրոցում

Տնօրենն ընդդեմ մարզպետի, ուսուցչուհին էլ՝ տնօրենի․ «բոլոլա» թիվ 4 դպրոցում

Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում կրկին կրքերը թեժացել են․ դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանի եւ նույն դպրոցի 1-ից 4-րդ դասարանների ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանի միջեւ հարաբերությունները լարվել են։

Թադեւոսյանը «Հրապարակ»-ին պատմեց՝ տնօրենն իրեն հոգեկան հիվանդ է անվանել, նվաստացրել․ «Բազմիցս բացահայտել եմ տնօրենի անօրինականությունները, օրինակ ՝ ինքը դպրոցում մասնավոր պարապմունքներ է անցկացրել, անգամ իմ աշակերտներն են բացահայտել, պատահաբար դռան կողքով անցնելիս նկատել եմ, որ դուռը բանալիով փակում ա, հետո ոստիկանները եկան, ինքը նախապես աշակերտներին ասել էր, որ կասեք՝ մեզ մոտ վերջին զանգի պարապմունք է, երեխաներն այդպես ասացին։ Նկարել եմ անգամ հեռախոսով, որ տարբեր դասարանի աշակերտներ են։ Ես կլռեի, չէի շարունակի, եթե ինքը հասարկության մեջ ինձ պիտակներ չկպցներ։ Անցած տարի սեպտեմբերին կորցնում եմ մորս, եւ հասարակության մեջ ինձ պիտակավորում ա՝ հոգեկան հիվանդ ասելով, քանի որ ես 1 ամսից ավել բացակայեցի եւ չէի կարողանում գալ։ Ես չեմ հասկանում՝ ո՞ր մեկն ա, որ ծնող ա կորցնում,  ձեռքերը պարզում ա եւ պարում ա։ Հետո ինքը ֆիզկուլտարայի ժամին գնացել էր, հանել երեխային, ասել էր՝ ես տնօրեն եմ, կարող եմ ասել՝ ֆիզկուլտուրա չանեք, թեմատիկ գրավոր անեք»։

Նրա խոսքով՝ դիմել է կրթության եւ գիտության նախարարություն, տեսուչներն ասել են՝ տնօրենն իրավունք ունի․ «Ինքն ի՞նչ իրավունք ունի, սկզբում ասում ա՝ մաթեմատիկան թեմատիկ եք գրում, հետո՝ բա մայրենին, այսինքն՝ ինքն ինչ ուզում, այն էլ անում ա, նախկին Հանրապետական տնօրեն ա։ Մեր մարզպետ Դավիթ Գեւորգյանը կարողացավ նկատողության արժանացնել, եկավ դպրոց, ստուգումներ իրականացվեց, որի արդյունքում նկատողություն տվեց։ Տնօրենը դրանից հետո ավելի գազազեց»։

Ոսուցչուհին նաեւ նշում է, որ ծնողներին ուղղորդում է, որ երեխաներին չտանեն իր դասարանում սովորելու․ «Ընդունել ա նոր աշխատող։ Մամայիս դեպքի ժամանակ այդ Մարգարիտան ինձ փոխարինել է մեկ ամիս, ասում ա՝ ես նրա աշխատանքը հավանել եմ եւ ուզում եմ․․․․ էնքան լավ ա աշխատել իմ դեմ։ Ասում ա ՝ ինքը նախկինում էր լավ ուսուցչուհի, մոր դեպքից հետո չի կարող աշխատել։ Ինձ ասում ա՝ քեզ երեխա չեն վստահում, բայց ո՞վ ա Մարգարիտան, մրցույթով անցե՞լ ա, ասում ա՝ քեզ չի վերաբերվում, ես ձայն կտամ կխոսես։ Նախկին մարզպետները ոչինչ չարեցին, միայն ներկայիս մարզպետը կարողացավ նկատողություն տալ։ Մարզպետարանից եկել են, տեսել, որ դասարանում 7 հոգի է սովորում եւ գնացել են»։

Փորձեցինք զրուցել նաեւ դպրոցի տնօրենի հետ, սակայն նա հրաժարվեց անձամբ պատասխանել մեր հարցերին՝ ուղղորդելով իր փաստաբանի մոտ։

Նրա ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյանը նշեց, որ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի․ «Դատական վեճ է քննարկվում Աստղիկ Մկրտչյանի հայցով ընդդեմ մարզպետարանի ի դեմս մարզպետի։ Վերջինս, մեր համոզմամբ, հետապնդման է ենթարկում դպրոցի տնօրենին, որը վաղուց է պաշտոնավարում, մեր համոզմամբ, օգտագործում է միջոցներ՝ որոշ անձնանց ուղղորդելով տնօրենի դեմ։ Նկատողություն է տրվել տնօրենին նրա համար, որ  դպրոցում մթնոլորտը վատն ա եւ այլն, եւ Լուսինե Թադեւոսյանի բողոքները համըկնում են այդ հետապնդման հետո»։

Խոսելով Լուսինե Թադեւոսյանի հետ կոնֆլիկտի մասին, մեր զրուցակիցը նշեց՝ ծնողները գրավոր բողոքներ են ներկայացրել նրա դեմ, որ երեխաներին ծեծում է․ «Դպրոցում կան մի քանի առաջին դասարանի դասվարներ, եւ ծնողները չեն ուզում՝ իրենց երեխաները ընկնեն Լուսինե Թադեւոսյանի դասարան, տնօրենն էլ պարզաբանում է, որ չի կարող խտրականություն թույլ տալ»։

Հարցին, թե Թադեւոսյանին ուղղորդո՞ւմ է մարզպետը, Աշոտ Նուրիջանյանն ասաց, որ չի կարող նման պնդում անել, սակայն համընկնումը պատահական չի համարում։