Վիլյամ Սարոյան. Պատահական հանդիպումներ

Վիլյամ Սարոյան. Պատահական հանդիպումներ

     Պատահական ծանոթությունները հաճախ ամենից հիշվողն են, քանի որ կարճատեւ հանդիպումներն ունեն սկզբի եւ վերջի այնպիսի հստակ կետեր, որ ձեռք են բերում արվեստին հատուկ որակ, մի ամբողջություն, որ հնարավոր չէ կոտրել կամ փչացնել։ Իսկ երկարատեւ ընկերության մեջ աղավաղումը, իհարկե, անխուսափելի է․ մարդու բնավորության նոր առանձնահատկություններ են բացահայտվում, եւ այն, ինչ համարվում էր ճշմարիտ նրա մասին, պետք է վերանայվի։ Մարդու մասին ողջ իրականությունը պետք է վերանայվի։ Եվ, հետեւաբար, հակառակ արվեստի եւ նմանատիպ այլ բաների կայունությանը, մարդկանց փոխհարաբերություններում կա անընդհատ շարժում, մշտական փոփոխություններ եւ անակնկալներ, որ (եթե մարդիկ հաջողակ են) առավել գրավիչ է, քան արվեստը, քանի որ հենց դրանցից է բարձրանում արվեստը եւ դրանցով պետք է շարունակ ընդարձակվի եւ թարմացվի։ 
    
     Կարճատեւ ծանոթությունը, եթե ամեն ինչ լավ է ընթանում, կարող է երկար մնալ հիշողության մեջ՝ ինչպես երաժշտության գրավիչ ակորդը, մինչդեռ ընկերությունը կամ թշնամանքի փոխակերպված ընկերությունը, այսպես ասած՝ նման է սիմֆոնիայի․ պատահում է՝ այն անցանկալի է, կոտրտված, անհարկի բարձր, անհնար լսելու համար։

       Պատահական ծանոթություններն անվերջ են, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ։

      Միշտ կա մեկը գնացքում, նավում, ավտոբուսում կամ ինքնաթիռում, ով ուզում է պատմել քեզ իր պատմությունը եւ իր հերթին ցանկանում է լսել քոնը, այդպիսով դուք փոխանակվում եք դերերով՝ լսողի եւ պատմողի։ Եթե դուետը ստացվում է, խոսում ես մինչ ուղեւորության ավարտը, ե՛ւ հիշում ես դիպվածը հաճելի բավականությամբ, ե՛ւ նրան, ով հանկարծ եղավ քո պատմության եւ քո մի մասը։ 

       Հիմա եթե խաղաթղթերդ ճիշտ խաղարկես, եւ եթե այս ծանոթը սիրունիկ աղջիկ է կամ համակրելի կին, կարող ես ռիսկի դիմել եւ պատահական հանդիպումը վերածել ոչ պատահականի, բայց նման բաներում կանոնները թեեւ չգրված են եւ ոչ պաշտոնական, հակված չեն նույնիսկ թույլ տալու որեւէ կողմին մտածել մյուսի մասին բացարձակ մաքրությունից դուրս մի այլ բան, բացարձակ անհատականությունից եւ այն գիտակցումից դուրս, որ յուրաքանչյուրը ներկայացնում է մարդկային ցեղն իր լավագույն դրսեւորումներում։ 

      Պատահականությունը ձեզ՝ բոլորովին անծանոթներիդ, միմյանց ընդառաջ նետեց, որ անցկացնի ձեզ ճշմարտության, Աստծո, հիշողության, անգամ ինքներդ ձեր եւ ձեր մերձավորների, սեփական պատմության եւ իրականության միջով։ Դու այնտեղ չես ավելին լսելու համար, ձեռք բերելու հավելյալ նյութ մնացյալ՝ դեռեւս չհասկացված, այդ իսկ պատճառով նաեւ չօգտագործված նյութի հետ հիշելու համար։ Եվ դու պահում ես անանուն կարգավիճակը քո։

       Խաղը չի ստացվի, եթե թույլ տաս մյուսին իմանալ անունդ եւ նրանց, ովքեր կան քո անձնական կյանքում։ 

     Ձեզ միավորում են համակրանքը, բարեխղճությունը, ազնվությունը, ոչ այնքան միմյանց, ոչ այնքան յուրաքանչյուրիդ մյուսին, որքան, ավելի շուտ, ձեր կյանքի անանուն մարդկանց, ովքեր հիմար են, սխալ, անարդար, դաժան, հասարակ մահկանացուներ են։ 

     Եվ մինչ փոխադրամիջոցը կայուն ընթանում է դեպի ձեր նպատակակետը, դուք խոսում եք, եւ դու ասում ես այնպիսի բաներ, որ չէիր ասի ուրիշ մեկին, եւ գիտես՝ ամենը, ինչ ասվում է, հասկանում է նա, եւ չի օգտագործվի երբեք քո դեմ։ Եվ երբ ժամանում եք, նայում եք միմյանց ժպիտով, հրաժեշտ տալիս եւ շարժվում առաջ։ Ահա եւ ամենը։ Եվ դու չես ափսոսում, որ ավարտվեց, այլ ուրախ ես, որ եղավ։ 

      Այսպիսի ծանոթություններ շատ եմ ունեցել, տառացիորեն հարյուրավորները, բայց առավել հաճախ հիշում եմ 1929 թ․ Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո հետդարձի ճանապարհը, այն բանից հետո, երբ մեծ քաղաքի փոթորիկն ինձ համար պարտությամբ ավարտվեց, նաեւ այն բանից հետո, երբ իմ 20 տարեկանում չէի սկսել գրողի իմ կարիերան։ Ես կտրեցի գնացքով մի ամբողջ հեռավորություն եւ ժամանակ՝ մոտ 8 օր, կարծում եմ՝ անգամ մի փոքր ավելի։ Հետո, բոլորովին անսպասելի, գնացքով այդ երկար ուղեւորության ավարտից մոտ երկու ժամ առաջ մի ջահել աղջիկ ընկերակցեց ինձ՝ «Candy Butcher»-ի սրճարանից մի կում սուրճ ըմպելու ռեստորան-վագոնում։ Մենք զրույցի բռնվեցինք․ ամուսնացած էր, երեխայի էր սպասում, ամուսինը գրասենյակային աշխատող էր Դենվերում։ Նրանք փող չունեին, աղջիկը գնում էր ապրելու մոր մոտ՝ Սան Ֆրանցիսկոյում, մինչ ամուսինը կկարողանար ձեռք բերել մեկ սենյականոց հարմար բնակարան՝ լոգարանով եւ խոհանոցով, բայց նա սիրահարված էր ամեն ինչին, հատկապես՝ երեխային, ամուսնուն, կյանքին։ Ինձ՝ նույնպես, ես էլ՝ իրեն։ Կարող եմ ասել անգամ՝ կրքով, բայց եւ բացարձակ անտարբերությամբ։

Հատված «Պատահական հանդիպումներ» (1978 ) գրքից

Թարգմանությունն անգլերենից՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ