Որևէ մեկն իմ նկատմամբ ճնշումներ չի էլ համարձակվելու գործադրել․ Ս․ Հովսեփյան

Որևէ մեկն իմ նկատմամբ ճնշումներ չի էլ համարձակվելու գործադրել․ Ս․ Հովսեփյան

Արցախի և Հայաստանի կապիտուլյացիայի համահեղինակ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին հրաժարվեց Ազգային ժողովում պատասխանել պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցերին։ 
Մինչ հարց տալն՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Գևորգյանն ամոթանք էր տվել այդ օրը մոլագարության աստիճանի հոխորատացող վարչապետին ու նրան հոտնկայս ծափահարած «քայլող» պատգամավորներին։ «Որպես հետպատերազմյան երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ և դեռ չխնկարկված գերեզմաններ», - նշել էր անկախ պատգամավորը։

«Հրապարակի» հետ զրույցում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով այդ օրվա միջադեպին ասաց, որ «բացասական» է վերաբերվում իմքայլական վարչապետի պահվածքին։ «Սա ես դիտարկում եմ կոնկրետ անձնական վերաբերմունք Գոռ Գևորգյանի հանդեպ», - նշեց նա։

- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արձագանքեց Գոռ Գևորգյանի հարցադրմանը, նշեց, որ նրա հարցերին չի պատասխանում։ Որպես «Իմ քայլի» նախկին պատգամավոր ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը։ Ձեր նախկին գործընկերները փորձե՞լ են Ձեր հանդեպ ճնշում գործադրել այս ընթացքում։

- Որևէ մեկն իմ նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գործադրելու, և չի էլ համարձակվելու գործադրել այս երկրում։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում տեղի ունեցածին, ես շատ բացասական եմ վերաբերվում։ Անկախ ամեն ինչից, եթե անգամ քայլերը չեն ընդունում, դա չի նշանակում, որ նման վերաբերմունք պետք է ցուցաբերվի։ Նման վիրավորական տոնով երկրի վարչապետը չպետք է խոսի, դա լինի պատգամավորի հետ, թե լինի ուղղակի քաղաքացու հետ, սա երկրորդ։ Եվ երրորդը առհասարակ «դավաճանել», չգիտես՝ ինչ անել, այդ տերմինաբանությունը, որ օգտագործում են, նախ պետք է ուսումնասիրել, թե ի՞նչ է նշանակում դավաճել, ո՞ւմ է դավաճանել և ի՞նչ է դավաճանել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով նշված է, որ կառավարությունը պարտավոր է պատասխանել պատգամավորի հարցերին։ Եվ երկրորդը, Սահմանադրությամբ արգելված չէ, որ պատգամավորը կարող է դառնալ անկախ պատգամավոր։ Եթե ազատության ինստիտուտը թողնված է, ուրեմն հարմարավետություն էլ պիտի լինի։ Եվ երրորդը, ինչպե՞ս է լինում, որ «Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանը դուրս է եկել, նրա հարցերին Փաշինյանը պատասխանում է։ Երբ որ պետք է լինում, իրար հետ համագործակցում են, իսկ որ Սոֆյա Հովսեփյանն է դուրս եկել, Գոռը, Թագուհին, այդ ժամանակ չի պատասխանում։ Իր խոսքի ձևից հասկացա, որ անձնական վերաբերմունք էր, որովհետև ինքը պատասխանեց Թագուհի Թովմասյանի հարցին։ Ես, իհարկե, այնտեղ չէի, որ հասկանայի՝ իր անձնական խնդիրը միայն Գոռ Գևորգյանո՞վ է սահմանափակվում, թե՞ մնացածիս էլ է այդպես վերաբերվում։ Բայց սա ես դիտարկում եմ կոնկրետ անձնական վերաբերմունք Գոռ Գևորգյանի հանդեպ։

- Հաշվի առնելով իմքայլականների բավականին ագրեսիվ հռետորաբանությունը ելույթների ժամանակ, նաև դատական իշխանության դեմ քայլերը,քրեական գործ հարուցելը Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները կասեցված նախագահի դեմ՝ ինչպե՞ս եք գնահատում երկրում իրավիճակը։

- Շատ բացասական եմ վերաբերվում։ Այս բացասական էմոցիան, որ կա, որքան շատ պտտվի, որքան այս դաշտի մեջ մենք պտտվենք, այս փուլից դուրս չենք գալու։ Մենք միայն նեգատիվ ենք տարածելու, նեգատիվ ենք ստանալու, ու ոչ մի լավ բան չկա։ Այո՛, պետք է կամք դրսևորվեր, դատական իշխանությունը փոխվեր։ Խնդիր է այսինչ համակարգը, պետք է կամք ու ցանկցություն դրսևորվի, այդ խնդիրը վերացվի։ Անընդհատ կռիվ տալով՝ հարցին լուծում չես ունենա, որևէ կերպ չես ունենա։

- Հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունները ռեպրեսիաների չեն գնա կամ չեն փորձի կողծել ընտրությունները կամ ճնշումներ գործադրել իրեն դեմ գնացող համայնքապետերի դեմ, փորձել մանիպուլացնել ժողովրդին, որ իրենց ընտրեն։

- Երկու տարբերակն էլ հնարավոր համարում եմ՝ և՛ կարող է լինել, և՛ կարող է չլինել։ Ավելի շատ հակված եմ լինելիությանը, քան չլինելիությանը։ Ենթադրություններով չեմ առաջնորդվելու, բայց Հանրապետության հրապարակում հավաքը ցույց տվեց, որ այդ սովորական մարտիմեկյան հավաքի ժամանակ արդեն համայնքապետերի մակարդակով ներգրավվածութուն են ունեցել, մյուսների դեպքում ինչո՞ւ չպիտի լինի, ի՞նչն է խանգարում։

- Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր համարո՞ւմ եք Ձեր համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։

- Հնարավոր չեմ համարում, ցանկություն չունեմ։ Ես ի սկբզբանե ասել եմ։ Շատ-շատ տեղերից ունեցել եմ համագործակցություն քննարկելու առաջարկներ, քննարկումների էլ չեմ գնացել։ Որովհետև գոնե դաշտում իմ ճանապարհին եղած քաղաքական ուժերը և կուսակցությունները որոշակի ձևով համընկնում են իմ մոտեցումներին, բայց հիմնային առումով չեն համընկնում, ուստի իմաստը ո՞րն է։ Մի անգամ արդեն մտա, տեսա՝ ինչ է, երկրորդի իմաստը ո՞րն է։

- Չե՞ք պատրաստվում մասնակցել, եթե տեղի ունենան։

- Եթե գտնեմ այնպիսի քաղաքական ուժ, որն իմ մոտեցումները, իմ սկզբունքները կկիսի, կմասնակցեմ։ Եթե ոչ, ապա կնախընտրեմ ուղղակի չմասնակցել, ինչ արած։

- Սյունիքում նախկին մարզպետի, համայնքապետերի գլխավորությամբ կուսակցություն հիմվեց՝ «Վերածնվող Հայաստան», իրենցից համագործակցության առաջարկ եղե՞լ է։

- Իրենց հետ քննարկման առաջարկ է եղել, բայց ես դեռ ոչ մեկի հետ, որևէ կուսակցության հետ քննարկում չեմ ունեցել։ Անգամ չգիտեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, հենքն ի՞նչ է, միայն տեսել եմ իրենց բացումը։ Կոնկրետ իրենցից չէ, սյունեցիներից, որոշ անձանցից առաջարկ է եղել հանդիպում կազմակերպելու, ես հանդիպելու ցանկություն չեմ հայտնել։ Գոնե այս պահին այդպես։ Որովհետև գոնե այս պահին ուզում եմ հասկանալ՝ դաշտում ինչ կա։

- Տիկի՛ն Հովսեփյան, Կարեն Վարդանյանի ընկերները «Համակարգ» ակումբն են հիմնել, որի անդամ է նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

- Ես այդ ակումբից տեղյակ չեմ։ Եթե սովորական ակումբ է, ինչո՞ւ պետք է առաջարկ լինի։ 

- Ակումբը ստեղծել են, որպեսզի ազդեն քաղաքական գործընթացների վրա։ 

- Եթե օրը գա, հասկանան՝ ինչ են անելու, հասկանամ, կիսեմ իրենց մոտեցումները, կօգնեմ ամեն ինչում։ Ձեզանից առաջին անգամ եմ լսում։

- Շիրակում ի՞նչ տրամադրություններ են հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ։

- Շատ հակասական։ Մի մասը՝ ներկա իշխանություններին, մի մասը՝ նախկին իշխանություններին, մի զգալի մասն էլ առհասարակ ցանկություն չունի ընտրությունների մասնակցելու։