Ոչ մեկի մոտ չկա ցանկություն՝ պետություն սարքելու, լավ, պետություն չէ՝ գոնե մի ջրամբար

Ոչ մեկի մոտ չկա ցանկություն՝ պետություն սարքելու, լավ, պետություն չէ՝ գոնե մի ջրամբար

Հարցազրույց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ

- Պարոն Շահնազարյան, ի՞նչ ունենք պատերազմից հետո։

- Կոմիտասն ասում էր՝ ափսոս, մենք խոսող ժողովուրդ ենք։ Մենք պատերազմից առաջ էլ էինք խոսում, պատերազմից հետո էլ ենք խոսում։ Մենք պետություն չենք սարքել մինչեւ այսօր։ Սովետական Միության փլուզումից հետո մեզ տրվեց հնարավորություն՝ ունենալ անկախ պետություն, բայց մենք պետություն չսարքեցինք։ Ու հիմա՝ պատերազմից հետո, ամեն ինչ անում ենք, որ հանկարծ չզբաղվենք պետություն սարքելով, որովհետեւ բոլորը խոսում են․ կառավարությունը խոսում է, ընդդիմությունը խոսում է, իսկ գործ անելու մասին՝ ոչ մի խոսք։ Անընդհատ խոսում են մեզ սպառնացող վտանգների մասին, այնինչ, եթե Թուրքիան ուզենար, 5 անգամ էլ հզոր բանակ ունենայինք, ՆԱՏՕ-ի 2-րդ բանակը երբ ասես, կարող էր մտնել, բայց նման բան չկա։ Հիմա այնպիսի դրություն է, որ մի հատ այլմոլորակային իջնի ու ասի հայերին՝ ի՞նչ եք ուզում, որ այս աշխարհում ձեզ խանգարողը վերանա՝ թո՞ւրք, այլեւս չկա, մասոննե՞րը, նրանք էլ չկան, Սորո՞սը, նա էլ չկա, տակն ի՞նչ է մնում՝ Անգլիա՞ն, նա էլ չկա, ու այդ ժամանակ հայերը կմնան մոլորված, չեն իմանա ինչ անել, եւ ոչ ոք չի ասի՝ եկեք պետություն, երկիր սարքենք, եկեք աշխատենք։

- Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցը պետական մակարդակով նորից առաջին պլան է մղվել։

- Կոչերը, հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, կա միայն գործ։ 30 տարի բողոքում էին, թե մեզ շրջափակել են աշխարհում, հիմա սահմանները բացում են, ասում են՝ ինչի՞ եք բացում, բա որ բացեք, սենց կլինի, աշխարհում էլ նայում ասում են՝ դուք չէի՞ք 30 տարի բողոքում, բայց հարցը դա էլ չէ, եթե հիմա փակեն, ասեն՝ չենք բացում, կասեն՝ ինչի՞ եք փակել։ Մենք մի հզոր զանգված ունենք, որ միայն խոսելով է զբաղված, եթե հանկարծ նրանց զրկես այդ խոսելուց, կտեսնես, որ Թումանյանի ասածի պես՝ հազար կորածի մեկն են ու ի վիճակի չեն մի հատ ծառ տնկել։ Թվում է՝ կիրթ է, սա գիտի, նա գիտի, բայց ամբողջը թատրոն է, եւ եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այդ մարդկանց 99 տոկոսը մի բան անելու կարողությունից զուրկ մարդիկ են, անճար, բայց խոսելը մի ասպարեզ է, որ ցույց է տալիս, որ ինքը կա, դրա համար բոլորը խոսում են, իսկ թե ինչ են ասում, արդեն կարեւոր էլ չէ։ Մինչդեռ լուրջ ազգերը միայն արդյունքով են դատում, օրինակ՝ չինացիները, նրանց համար կարեւոր չէ, թե դու ինչ ասեցիր, նա ինչ ասաց, կամ ով է ճիշտ, ով՝ սխալ, նրանք նայում են միայն գործողությանը։

- Գուցե պատերազմից հետո մարդիկ ապատիկ վիճակում են եւ իրենց մեջ ուժ չեն գտնում ինչ-որ բան անելու, գործելու։

- Ոչ, մարդիկ ապատիկ վիճակում չեն, ռեստորաններում ազատ աթոռ չկա, դուք գյուղերով շրջո՞ւմ եք, տեսե՞լ եք, թե մագնիտոֆոններից ինչ բարձր երաժշտություն է միացված՝ տաշի-տուշիով։ Ժողովուրդը բոլորովին ապատիկ վիճակում չէ, ոչ էլ կառավարությունն ու ընդդիմությունը։

- Հունիսի 20-ին նախանշված են ԱԺ արտահերթ ընտրություններ, դա ինչ-որ բան կփոխի՞ բեւեռացված եւ տարբեր ճակատների բաժանված հանրության ու քաղաքական ուժերի մեջ։

- Կարծում եմ՝ ոչ մի բան էլ չի փոխվի, որովհետեւ չեմ տեսնում մարդիկ՝ Ազգային ժողովրդական բեւեռից բացի, որոնք պատրաստ են գործ անելու։ Ամբողջ հարցն այն է, որ ոչ մեկը չի գալիս գործ անելու, պիտի սկսեն իրար դեմ պայքարել, խոսել, օրինակ՝ այդ պարապ-սարապ նախարարություններում ինչ-որ բան փոխվելո՞ւ է, ամենապարապ-սարապ նախարարություններից մեկն արտաքին գործերի նախարարությունն է, որ 500 հոգու աշխատավարձ է տալիս, եթե դա փակեք, կտեսնեք, որ ոչ մի բան չի փոխվի։ Ըստ էության, բոլոր նախարարություններին որ նայեք, կտեսնեք, որ դրանց 90 տոկոսը փուչ, պարապ-սարապ գործունեությամբ է զբաղված, եւ բոլոր նրանք, ովքեր ուզում են գալ, էլի նույն կերակրատաշտից են օգտվելու։ Մեր միակ ճարը մանկապարտեզներով ու դպրոցներով զբաղվելն է, ամենակարեւոր մարդուն պետք է հայտարարել ուսուցչին եւ մանկապարտեզի դաստիարակչուհուն, ինչպես Հունգարիան արեց, երբ հայտարարեց, որ մանկապարտեզի դաստիարակչուհին ավելի կարեւոր մարդ է, քան պետական պաշտոնյան, օլիմպիական չեմպիոնը կամ օպերայի դիրիժորը։

- Բայց պետությունը միջամտեց թե՛ դպրոցների, թե՛ բուհերի կառավարման համակարգերի մեջ՝ ըստ էության, ստանալով հնարավորություն՝ ձայների մեծամասնությամբ նշանակել այս կամ այն տնօրենին կամ ռեկտորին։ Այս պարագայում, երբ պետությունը ցանկանում է վերահսկողություն ապահովել նաեւ կրթական, բուհական համակարգի վրա, ի՞նչ լավ բան կարող ենք սպասել։

- Ինձ թվում է՝ դա արվում է ուղղակի ցույց տալու համար, որ մի բան անում են, իսկ այն, ինչ անում են, դուրս է գալիս սիրողական եւ անգրագիտություն, որովհետեւ 90 տոկոսից ավելին բանից անտեղյակ մարդիկ են նստած։ Անմեղսունակ վիճակ է, զգացվում է, որ ուղեղի բացակայություն կա ամեն ինչում։

- Ուղեղի բացակայությամբ Արագածոտնում մանկահասակ երեխաներին կտանեի՞ն վարչապետի հետ հանդիպման։

- Բա դա հենց ուղեղի բացակայություն չէ՞, մի բան, որ օգուտ չի տալիս, բացի ծիծաղ հարուցելուց, եթե ուղեղի բացակայություն չլիներ, չէին անի նման բան։ Մեկ-մեկ ասում են՝ դրսի գործակալներ ունենք, բայց նույնիսկ դրսի գործակալը լուրջ մարդ է լինում։ Մենք չենք կարողանում պետություն ստեղծել եւ ցանկություն չունենք։ Ասում են՝ հազարավոր մարդիկ տուժեցին այս պատերազմի արդյունքում, բայց հարյուրավոր մարդիկ կան, որոնք բոլորովին չեն տուժել, որովհետեւ Շվեյցարիայի բանկերում փող էլ ունեն, Հայաստանում ու արտասահմանում՝ տներ էլ։ Ազգը միայն ազնիվներից բաղկացած չէ, ազգը մի ամբողջություն է, հանցագործն էլ, գիտնականն էլ ազգի ներկայացուցիչ են։ Այնպես որ, հայ ազգը տուժել է, թե շահել՝ լրիվ հարցական վիճակ է։

- «Լրջության» ի՞նչ աստիճան է, երբ վարչապետը հայտարարում է բուհերի շենքերը վաճառելու եւ քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու մասին։

- Պարզ է, որ չեն անելու եւ ոչ էլ կարող են սարքել։ Ընդդիմադիր ճակատից էլ որ բողոքեցին, ամեն ինչ ասեցին, բացի ամենահասարակ բանից․ մեկը չասեց՝ ո՞վ է գնալու-հասնի այնտեղ, դաս տա, կամ, լավ, դասախոսը մի կերպ հասավ, ո՞ր հայ ընտանիքն իր երեխային կուղարկի քաղաքից դուրս սովորելու, ապրելու։ Արտասահմանում նման բան կա, որովհետեւ այնտեղ մեծ մասը նաեւ վարձով է ապրում, որտեղ աշխատանքը փոխում են, գնում, այնտեղ տուն են վարձում, դրսում ուսանողներին պետությունը պահում է, իսկ այստեղ այս մոտեցումը չի գործելու։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն ուզում է շենքերը վաճառել ու գումարը դնել գրպանը, դա հերթական մեկի միտքն է, որ հասցվել է վարչապետին, նրա մոտ էլ մտածելու ունակություն չկա, որոշել են այդ միտքը բարձրաձայնել՝ մտածելով, որ լավ փիառ կլինի ընտրության ժամանակ։

- Այս պատերազմից դասեր կքաղե՞նք։

- Օրինակ՝ ի՞նչ դաս։

- Օրինակ, որ պետք է աշխատել, ոչ թե խոսել։

- 30 տարի է՝ ոչ մի դաս չեն քաղել, պետություն չեն սարքել, այն ժամանակ էլ կարող էին դաս քաղել ու քանի որ չեն քաղել, հիմա ինչի՞ց քաղեն, կամ ո՞վ դաս քաղի։ Առնվազն մի 500 հոգի բանակը խոշոր չափով կողոպտել են, ո՞վ է պատասխանատվության կանչվել, ոչ մեկի մոտ չկա ցանկություն, ծրագիր՝ պետություն սարքելու, լավ, պետություն չէ, եկեք ջրամբար սարքենք։ Ամբողջ գումարները գնում են հաշիվներ պարզելու վրա, եթե ժողովուրդը որոշի հանցագործություն չանել, մեր երկրի ուղիղ կեսը կմնա առանց աշխատանքի, աշխարհում ոչ մի երկիր տոկոսային հարաբերությամբ այդքան դատախազ, դատավոր, քննիչ ու ոստիկան չունի, որքան մենք։ Նայում ես՝ բավականին գումարներ են ուղղվում տարբեր միջոցառումների, եւ ես ուղղակի ապշում եմ, թե այս երկրի բյուջեն ոնց է դիմանում, ժողովրդի հարկը չի գնում մի բան սարքելու, ստեղծելու վրա, որը կարող ես ձեռքով շոշափել, ամեն ինչ ուղղվում է վիրտուալ խնդիրների վրա։ Օրինակ, համահայկական հիմնադրամից կառավարությանը փոխանցված մի քանի տասնյակ մլն գումարի մասով ոչ մի հաշվետվություն չներկայացվեց։ Բայց ո՞նց հաշվետվություն ներկայացնեն, եթե գործ չի արվում, ամեն ինչ խոսալու վրա է, ու նորից Կոմիտասին պետք է հիշեմ՝ ափսոս, որ մենք խոսող ժողովուրդ ենք։