Լեւոն Սարգսյանը չի ընդունում նոր մեղադրանքը

Լեւոն Սարգսյանը չի ընդունում նոր մեղադրանքը

ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մեղադրանքը համարեց անհիմն․ «Քրեական գործի էն նյութերը, որոնք էս պահին պաշտպանական կողմը տիրապետում է, դրանք ամբողջությամբ, մենք կարող ենք պնդել, որ հիմնավորված չի։ Հիմնավորված չի առնչությունը պարոն Լեւոն Սարգսյանին իրեն մեղսագրված արարքներին։ Բացարձակապես մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա»։

Հարցին, թե պաշտպանյալի դիրքորոշումն ինչպիսի՞ն է մեղադրանքի վերաբերյալ, պատասխանեց․ «Իհարկե, չի ընդունում մեղադրանքը եւ որեւէ առնչություն չունի»։

Իսկ թե Լեւոն Սարգսյանը չի՞ ուզում ներկայանալ նախաքննական մարմնին, պաշտպանն ասաց՝ նրա գործողությունների մասին չի ուզում խոսել։

Նշենք, որ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որոշում էր կայացվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։