Դրանց 70-80 տոկոսը, մանավանդ պատժամիջոցները, կյանքի չեն կոչվելու
Եվրախորհրդարանը երկու բանաձև է ընդունել։ Դրանք ուշագրավ են նրանով, որ զեկույցներում ամրագրված է՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Ադրբեջանի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ՝ Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների պարագայում։ Զեկույցի մեջ մի ուշագրավ արգելքի մասին էլ է խոսք գնում, մասնավորապես. «սպառնում են» այլևս չգնել ադրբեջանական նավթն ու գազն ու կասեցնել էներգետիկ համագործակցության՝ Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը։ Բացի այդ, նշվում է, որ կկասեցվի նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համաձայնագիրը։ Մեկ այլ ուշագրավ կետ էլ կա՝ Հայաստանում Եվրամիության դիտորդների թվի մեծացումը նաև Թուրքիայի հետ սահմանին։ Հիշում ենք, չէ՞, որ Թուրքիայի հետ սահմանը հսկում են ռուս խաղաղապահները։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ պետք չէ գերագնահատել Եւրախորհրդարանի կամ նրա կողմից ընդունված բանաձևի կշիռը։ Դրանք խորհրդատվական բնույթ ունեն, չունեն իմպերատիվ բնույթ և, որպես կանոն, տեսնում ենք, որ Եվրամիության գործադիր մարմինների համար այս ռեկոմենդացիաներն ընդհանուր առմամբ չեն դառնում քաղաքականություն։
«Այն, ինչ դուք թվարկել եք, դրանց 70-80 տոկոսը, մանավանդ` ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին՝ կյանքի չեն կոչվելու, սա մեկ։ Երկրորդը, Եվրախորհրդարանի այս կազմին մնացել է ընդամենը մի քանի ամիս՝ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ են և պարզ չի, թե հաջորդ Եվրախորհրդարանն ինչպիսի քաղաքական խճանկար կունենա և ինչպիսի հետևողականությամբ հետամուտ կլինի հենց այս բանաձևերի իրականացմանը»,-ասաց Սուրենյանցը։
Սակայն, ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ Հայաստանի հետ շատ ակտիվ աշխատում են եվրոպական խորհրդարանները, իսկ Ադրբեջանի հետ աշխատում են արևմտյան կառավարությունները՝ շատ կոնկրետ փաստաթղթեր են ստորագրում, շատ կոնկրետ համաձայնություններ են կայացվում։ Սա այն դեպքն է, երբ, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի մենթալիտետը Եվրոպայում էլ են շատ լավ հասկացել։ Հասկացել են նաև, որ մենք շատ դեպքերում ականջներով ենք մտածում և ականջահաճո բաներ են ասում։ «Բայց երկու հանգամանքի մասով համաձայն եմ ձեզ հետ, Եվրախորհրդարանի այդ բանաձևում, որ նշվում է, որ հայ-թուրքական սահմանն էլ նպատակահարմար է, որպեսզի դիտարկեն եվրադիտորդները, սա կարևոր շեշտադրում է, սա կետ է, որին ձգտում է ողջ Եվրամիությունը՝ իր բոլոր գործադիր մարմիններով հանդերձ։ Այսինքն, հստակ է, որ Եվրամիության գլխավոր խնդիրը ոչ այնքան Հայաստանն է, որքան Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից դուրս մղելն է»,- նկատեց քաղաքագետը։
Տոյվո Կլաարն էլ այսօր հայտարարել է, որ Թուրքիայի դիտարկում են որպես տարածաշրջանային «լիդեր», փաստացիորեն այս միտքը վերջինս խորացրել է, ու դա նշանակում է, որ Հայաստանին ցույց են տալիս, թե ումից ստանա երաշխիքներ՝ Ռուսաստանը դուրս մղելու հարցում։
«Բրյուսելում հուշում են Հայաստանին՝ այդ մեկը, որից պետք է ստանա երաշխիքներ՝ Թուրքիան է, իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունը, որը ոնց որ թե այս ռեկոմենդացիաներին հետևում է, գնա այս ուղղությամբ, ակնհայտ է, որ մի քանի տարի Թուրքիան այդ երաշխիքները կպահպանի, Ռուսաստանի այստեղից դուրս մղումից հետո պարզ է, թե ինչ է լինելու թուրք-ադրբեջանական աքցաններում հայտնված Հայաստանի հետ։ Ինչպիսի արձագանք այս ամենին ցույց կտան Ռուսաստանն ու Իրանը, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանալու ծրագրեր չունի, հետևաբար ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով մենք հայտնվելու ենք աշխարհաքաղաքական կռվախնձորի կարգավիճակում»-եզրափակեց քաղաքագետը։
Կարծիքներ