Մուրադ Փափազյանի մուտքը արգելելու մասին տեղյակ է Ֆրանսիայի նախագահը

Մուրադ Փափազյանի մուտքը արգելելու մասին տեղյակ է Ֆրանսիայի նախագահը

Փաստորեն, Ծիծեռնակաբերդում «Գորշ գայլեր»ի նշան ցույց տվողին ու Ցեղասպանության զոհերի հիշատակը պղծողին թողեցին Հայաստան, իսկ երկար տարիներ հայանպաստ գործունեություն վարած գործչին արգելվեց գալ հարազատ երկիր: 

Մուրադ Փափազյանը «Զվարթնոց» օդանավակայանից հետ գնալուց հետո գրել էր, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրամանով ինքը հայտարարվել է «անցանկալի անձ»` պերսոնա նոն գրատա: 

Իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասել է, որ Փափազյանի գործունեությունը բարյացակամ չի եղել ՀՀ հանդեպ:

«Սինանյանի ասածը իրականությանը չի համապատասխանում: Նա ինքն ասաց, որ չի կարող արտահայտվել բուն պատճառների մասին, թե ինչ պատահեցավ։ Ֆրանսիայի նախագահը՝ Էմանուել Մակրոնը, տեղյակ է արդեն: Ստիպված պետք է լինեն պատասխան տալու», - ասաց Մուրադ Փափազյանը «Հրապարակին»:  

Թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

- Ի՞նչ սպառնալիք է ներկայացնում, ըստ Ձեզ, Մուրադ Փափազյանը Հայաստանի ազգային անվտանգության համար։ Զարեհ Սինանյանը, օրինակ, համարում է, որ նրա գործունեությունը մեր պետության համար «անբարենպաստ» է: 

-Սինանյանի համար Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանն ու ինքն են, դրա համար Սինանյանը կարող է նման անմիտ պատասխան տալ: Օրինակ, իմ կարծիքով, Հայաստանի համար հենց ինքը՝ Զարեհ Սինանյանը հաստատ անցակալի անձ է, որովհետև նա ուզում էր Հայաստանը արաբներով բնակեցնել: Ասում  էր՝ արաբներ բերենք, թող ազգը բազմանա: Դրա համար Սինանյանին կարելի է համարել անցանկալի անձ, բայց  Մուրադին Փափազյան,  որն ամբողջ կյանքը զբաղվել է Հայ դատով, համարել անցանկալի անձ, դա միայն կարող էին անել թուրքերն ու ազերիները: 

- Սինանյանը Մուրադ Փափազյանին մեղադրում է պետական կառույցների դեմ աշխատելու, նախկին ռեժիմի մաս կազմելու համար: 

- Մարդու տգիտությունը կարող է լինել անվերջ: Կան տենց մարդիկ: Մուրադը Փափազյան օժանդակում, օգնում է բոլոր հայերին, ովքեր գնում են դուրս, փորձում են այնտեղ գործունեություն ծավալել: Նրանց օժանդակում, օգնում է: Պատերազմի ժամանակ նա Հայրենիքին օգնելու համար մեծ գործունեություն էր ծավալում: Այո, Մուրադ Փափազյանը Հայաստանում իշխանությունը զավթած թրքասերների նկատմամբ ունի հակակրանք ու իր հակակրանքը արտահայտելու բարոյական իրավունք: Նա չի ուզում, որ հայ պաշտոնյաները գնան որևէ երկիր ու վարեն ոչ հայանպաստ, ի նպաստ Թուրքիայի ու Ադրբեջանի գործունեություն: 

- Էլ ո՞ւմ են անցանկալի անձ համարել ներկա ու նախկին իշխանությունները: 

- Օրինակ, մեր լավագույն ուսանողներից Օրբելու անվան կենտրոնում աշխատող Անդրանիկ Հովհաննիսյանին: Նրան  «Օրբելի» կենտրոնը գործուղել էր Տաջիկստան, հետ գալուց նրան ասացին՝ դու անցանկալի անձ ես, և արտաքսեցին Ղազախստան: Այդ մարդն ասեց՝ եթե ես մեղավոր եմ, հանցագործ եմ, ես գամ Հայաստան, ինձ դատեք: Չմոռանանք նաև Հրայր Մարուխյանին, որին նույնպես հայտարարեցին անցանկալի անձ և արտաքսեցին Հայաստանից: Ինչքան էլ ուզում են քննադատել նախորդ իշխանություններին, նրանց համար շատ անցանկալի անձինք կային, որոնց նրանք չէին արտաքսում սակայն, որոնք այսօր էլ ապրում են Հայաստանում ու վարում են հակահայ գործունեություն: Օրինակ, ինձ, Նարեկ Մանթաշյանին, Արմեն Գրիգորյանին չեն կարող հայտարարել անցանկալի անձ, որովհետև մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց մեզ էլ կալանավորում են , քրեական հետապնդման են ենթարկում: Արմեն Գրիգորյանին, որն ուներ հիվանդություններ, կալանքի հետ անհամատեղելի, չազատեցին կալանքից, ըստ էության, շատ լավ իմանալով, որ կարող են լինել վատ հետևանքներ, և այդ մարդը մահացավ, չդիմացավ այդ՝ կարելի է ասել, խոշտանգումներին: