Նույնիսկ լավ է, որ վարույթ է հարուցվել մեր դեմ. Հայկ Ալումյան

Նույնիսկ լավ է, որ վարույթ է հարուցվել մեր դեմ. Հայկ Ալումյան

Փաստաբանների պալատը, նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, երեկ որոշում է կայացրել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման  հատկանիշներով:
ՓՊ-ն այս գվարույցը հարուցել է՝ հիմնվելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դիմումի, ինչպես նաև որոշ լրատվական կայքերում կատարված հրապարակումների վրա, համաձայն  որոնց փաստաբաններ Ալումյանը,  Խուդոյանը և Պողոսյանը Շենգավիթ նստավայրում քննվող ռոբերտ Քոչարյանի գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված հերթական դատական նիստի չկայանալու առթիվ նույն դատարանի թիվ 1 դատական նիստերի դահլիճում անհարգալից և ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատարանի, դատական իշխանության  նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն», նստել են դատավորի, մեղադրյալի մեղադրող կողմի համար նախատեսված աթոռներին և կեղծ դատավարություն բեմադրել: 
Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ, սակայն, արձանագրվել է, որ Միհրան Պողոսյանին և Հովհաննես Խուդոյանին վերագրվող սեղանների մոտ նստելու վարքագիծն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ փաստելու համար օրենքով կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: Հետևաբար, ըստ որոշման, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի վերոհիշյալ վարքագիծը պետք է գնահատման առարկա դարձվի դատական իշխանության նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կամ այլ անհարգալից գործողություններ կատարելու վարքագծի հետ համակցության մեջ:
Իսկ, ահա, փաստաբան Հայկ Ալումյանը 20.03.2020թ. ՀՀ փաստաբանների պալատ է ներկայացրել միջնորդություն, որով հայտնել է իր դիրքորոշումը ԲԴԽ նախագահի լիազորությունների մասին, ինչպես ինքն է միջնորդել, որ Պալատը հարուցի կարգապահական վարույթ, որպես առիթ ընդունելով այդ իրադարձությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
Արդյունքում, ՓՊ-ն որոշելէ հարուցել կաևգապահական վարույթ, որպեսի Պալատի խորհուրդը քննի գործը և որոշի՝ վերոնշյալ փաստաբաններն արդյոք իրենց գործողություններով կարգապահական վարույթ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ:
Փաստաբաններից Հայկ Ալումյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է, որ վարույթ է հարուցվել, ինքսն էլ էր միջնորդել, որպեսզի իր վերաբերյալ վարույթը հարուցվի: 
«Պարզապես պնդում էի, որ հարուցման առիթը պետք է լինի ոչ թե ԲԴԽ նախագահի դիմումը (որի իրավասությունը նա չուներ), այլ՝ մամուլի հրապարակումները»,-ասաց Ալումյանը:
Այսինքն` համարում է,  որ կա՞ր իր գործողությունների մասով վարույթ հարուցելու առիթ, թույլ տվե՞լ է որևէ խախտում, Ալումյանն ասաց. «Վարույթը հարուցելը ոչ մի չափով չի նշանակում, որ փաստաբանը խախտում է թույլ տվել: Վարույթը հարուցվում է՝ պարզելու համար, թե արդյո՞ք փաստաբանը թույլ է տվել խախտում: Ինձ անհրաժեշտ էր, որպեսզի այդ վարույթը հարուցվի, որպեսզի Փաստաբանների պալատի խորհուրդը կարողանա համապարփակ քննություն իրականացնել և իր գնահատականը տալ այդ օրը դատարանում տեղի ունեցածին»:
Այսինքն նորմալ է, որ վարույթ, այնուամենայնիվ, հարուցվել է, փաստաբանն ասաց. «Նույնիսկ լավ է»: