Շնորհավոր Ղրիմի ինքնորոշում․ ՌԴ ներկայացուցիչը՝ հայ լրագրողներին

Շնորհավոր Ղրիմի ինքնորոշում․ ՌԴ ներկայացուցիչը՝ հայ լրագրողներին

Ղրիմի հանրաքվեի ինքնորոշման իրավունքի 5-ամյակի կապակցությամբ օրերս Երևանում՝ Մոսկվայի տանը, բացվել էր լուսանկարչական ցուցահանդես։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնը և «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայաստանյան ակումբը,  որի նախագահը, «բնականաբար», պետք է լիներ Հայկ Բաբուխանյանը, որն այսօր հրավիրել էր լրատվամիջոցներին՝ այս դարակազմիկ իրադարձության կարևորությունը ևս մեկ անգամ  բացատրելու։

Բնականաբար, ցուցահանդեսին որևէ պաշտոնական օղակ հայկական կողմից ներկա չէր, սակավամարդ էր, անգամ լրագրողները չէին հասկանում՝ «ինչի՞ համար են հավաքվել», մինչև որ Բաբուխանյանը ելույթ ունեցավ և բացատրեց, որ մենք՝ հայերս, ցանկացած վայրում պետք է աջակցենք ինքնորոշման իրավունքին՝ որպես «ինքնորոշումը հարգող ազգ»։ 

«Սա է մեր խնդիրը։ Եվ մենք՝ որպես ինքնորոշման համար պայքարող ու ինքնորոշումը հարգող ազգ, նշեցինք, որ ցանկացած երկրում պետք է տիրի ինքնորոշման մթնոլորտը, և ժողովուրդը ոչ թե տարածքի սեփականությունն է, այլ տարածքն է ժողովրդի սեփականությունը, և այդ գաղութատիրական գաղափարախոսությունը, որ կա մի շարք այլ երկներում, հատկապես Ադբեջանում»։ Հայկ Բաբուխանյանը, երևի թե տարածքային ամբողջականության սկզբունքը նկատի ունենալով, ավելացրեց՝ մենք դեմ ենք գաղութատիրությանը, կողմ ենք դեմոկրատիային և ազատությանը։

Ռուսական կողմից ոմն պարոն Ռիբինսկի էլ հայ լրագրողներին պատմեց, թե օրերս տեղի է ունեցել Ղրիմի կամրջի՝ երկաթգծի միացումը, հիշեց, թե ինչքան ջրեր են հոսել անցած հինգ տարիներին, ովքեր են եղել թերակղզու թշնամիներն ու բարեկամները։ Հետաքրքիր է, որ պարոն Ռիբինսկին այս ընթացքում  ներկաներին՝  հայ լրագրողներին, պարբերաբար շնորհավորում էր Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու կապակցությամբ և վերջում էլ ելույթն ավարտեց «Շնորհավոր տոնդ, Ղրիմի ինքնորոշում» խոսքերով։

Կա՛մ ներկաներն էին քիչ, կա՛մ երկու բանախոսներն ընդամենը 10 րոպե էին խոսել, և սա քիչ համարվեց, որովհետև այնուհետև Հայկ Բաբուխանյանը որոշեց անցնել Հայաստան-Ղրիմ պատմական կապերին ու հիշեց ոչ միայն հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, այլեւ գնաց-հասավ ընդհուպ մինչև մթ․ 10-րդ դարը, երբ ազգությամբ հայ բյուզանդական Աննա թագուհին ամուսնացավ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրի հետ։

Ըստ որում՝ Հայկ Բաբուխանյանը խոստացավ, որ մարտի 29-ին, երբ Երևանում կբացվի Մոսկվայի համալսարանի երևանյան մասնաճյուղը, այս մասին ավելի մանրամասն՝ ընդլայնված կխոսեն։
Ամեն դեպքում, Ղրիմի բարեկամ Բաբուխանյանը հայտարարում է, որ քաղաքական հարցեր չունենք, այլ բան են Հայաստան-Ղրիմ գործարար կապերը։ 

Հիշեցնենք, որ Ղրիմի՝ ՌԴ-ին հանրաքվեով միացումից հետո, որն Արևմուտքի համար բռնակցում է, Հայաստանի իշխանություններն  արևմտյան գործընկերների կողմից մեկ անգամ չէ, որ քննադատվել են։ Մասնավորապես, դեռ 2014-ի մարտի 19-ին Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նման հայտարարություն էր  արել «Ազատության» հարցին ի պատասխան և հույս հայտնել, թե դա, այնուամենայնիվ, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ։ 

Այս նուրբ հարցի շուրջ, ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, հայկական կողմը, հասկանալի պատճառներով, երբեք չի ցանկացել ի ցույց դնել պաշտոնական դիրքորոշում, և այս հարցում կողմնորոշվելու ցանկացած առաջարկ մերոնց կողմից դիտվում է որպես դավաճանական։ Մասնավորապես, երբ հայտնի կինոռեժիսոր  և համատեղությամբ Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քյոսյանն առաջարկեց, որ ՀՀ-ն դառնա առաջին պետությունը, որը կճանաչեր Ղրիմի միացումը Ռուսաստանին, ապա Հայաստանում  անմիջապես դասվեց շուռ տված հայերի ցանկը։