Մարդու իրավունքները՝ ԱՄՆ Պետդեպի հայացքով

Մարդու իրավունքները՝ ԱՄՆ Պետդեպի հայացքով

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ. զեկույցը։ Այն ներառում է Հայաստանում կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները՝ կառավարման համակարգի փոփոխությունից մինչեւ ԱԺ նոր ընտրություններ եւ մարդու իրավունքների ոլորտում ժամանակակից խնդիրներ։ Զեկույցում նշվում է, որ դեկտեմբերյան ԱԺ արտահերթ ընտրությունները թեեւ անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում, սակայն դրանք կարիք ունեն ամրապնդման՝ ԸՕ հետագա բարեփոխումների միջոցով։
ԱՄՆ Պետդեպը գտել է, որ մարդու իրավունքների խնդիրները Հայաստանում ներառում էին մի քանի ոլորտներ, որոնք են՝ խոշտանգումը, խիստ եւ կյանքին սպառնացող բանտային պայմանները, կամայական կալանքն ու կալանավորումը, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտությունը, քաղաքական մասնակցության սահմանափակումները, համակարգային պետական կոռուպցիան  եւ այլն։

Զեկույցում նշվում է, որ նոր իշխանությունները սկսել են չարաշահումները հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ միջոցառումներ՝ նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավելով որպես մեղադրյալներ հատկապես Մարտի 1-ի բախումների գործով։ Զեկույցը բավականին ծավալուն է, ներառում է 7 բաժին՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա եւ կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմունքը միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների եւ թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։

Ուշագրավ է այն, որ եթե Փաշինյանի կառավարության գործունեությունը գոնե Մարտի 1-ի գործով դրական է գնահատվել, ապա Ղարաբաղի մասով ասվում է, որ ղարաբաղյան անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից՝ ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: