Համանախագահների ակնարկը

Համանախագահների ակնարկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն են տարածել, որտեղ կարեւորում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից տիրող հարաբերական կայունությունը: Միջնորդները կողմերին հորդորում են նախապատրաստվել առարկայական բանակցությունների, ինչպես նաեւ «այս բարդ իրավիճակում» կարեւոր են համարում «ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից՝ ներառյալ քաղաքացիական բնակչությանը եւ ծայրահեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներին սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները»:

 Կարելի է հասկանալ, որ հասցեատերն Ադրբեջանն է, որովհետեւ այդ երկրի պաշտպանության նախարարությունն է սպառնաել հրթիռային հարված հասցնել ՀԱԷԿ-ին: Բայց միջնորդներն իրենց «բարձրության վրա» չէին լինի, եթե շարունակության մեջ «կսմիթներ» չուղարկեին նաեւ հայկական կողմին: Այսպես, նրանք գտնում են, որ «միակողմանիորեն նոր «պայմաններ» ստեղծելու կամ բանակցությունների ձեւաչափը փոխելու ձգտումները չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը»: Ինչի՞ մասին է խոսքը հատկապես «միակողմանիորեն նոր «պայմաններ» ստեղծելու ձգտման»իմաստով:

Խոսքը տավուշյան գործողությունների արդյունքների՞ մասին է: Ադրբեջանական վտարանդիական աղբյուրներն ասում են, որ Իլհամ Ալիեւը կրակի դադարեցման համաձայնության է գնացել պարտադրված, բայց եւ միջնորդների առջեւ դրել է մինչ եռօրյա մարտերը գոյություն ունեցած ստատուս-քվոյին վերադառնալու խնդիր: Հայաստանի այն պնդումը, որ բախումները ծավալվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ըստ երեւույթին, պատասխան է միջնորդներին այն իմաստով, որ հայկական զինուժը չի հեռանա նոր դիրքերից: Համանախագահները դա՞ են բանակցությունների վերսկսման խոչընդոտ համարում: Բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին ասվածը հասկանալի է: Բայց այդ դեպքում էլ հայկական կողմերը կարող են նախապայման դնել՝ բանակցությունները չեն վերսկսվի, մինչեւ Թուրքիան չզրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակից, որովհետեւ փաստացի ստացվում է, որ գործընթացում ներգրավված է թուրքական երկու, բայց հայկական մեկ պետություն: Ընդսմին, Թուրքիան բաց աջակցում է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը եւ սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: