Ոստիկանությունը համարում է, որ «Լիդիանի» պահանջը կատարված է, այլ քայլեր չի ձեռնարկի 

Ոստիկանությունը համարում է, որ «Լիդիանի» պահանջը կատարված է, այլ քայլեր չի ձեռնարկի 

«Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել իր տարածք ներխուժած  անձանց և նրանց գույքն ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: 

Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չի բողոքարկել, «Լիդիան ինթերնեյշնլ»-ը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը և կապահովի «Լիդիանի» մուտքն իր տարածք: 

Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, ընկերությունում կարծում են, որ իրենց անարգել մուտքը չի վերականգնվել: «Լիդիանը» պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը: Այդ իսկ պատճառով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով ասել է․ ««Լիդիանը» ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին ընկերության դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: «Լիդիանը»  զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից և դատարանի վճիռը համարում է ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել գործարանի  անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, «Լիդիանը» համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները և  դիտարկելու է բոլոր իրավական հիմքերմ  իր իրավունքները պաշտպանելու համար»: 

Ոստիկանությունից այս կապակցությամբ «Հրապարակին» հայտնեցին․ «Հիմք վերցրեք իրենց հայտարարության այն հատվածը, որում ասվում է, որ իրենց տեղեկացրել ենք , որ դատարանի պահանջը կատարված է։ Այս պահին ավելացնելու որևէ բան չունենք»։