Կառավարությունը պետք է անկեղծ լինի իր ժողովրդի հետ
Ամուլսարի հետ կապված ELARD ընկերության 400 հազար դոլարանոց փորձաքննության արդյունքներն արդեն պատրաստ են եւ այս օրերին թարգմանվում են։ Ըստ նախնական տեղեկության՝ փորձաքննության եզրակացությամբ հանքի շահագործմանը խոչընդոտող լուրջ ռիսկեր առկա չեն, ուստի չի բացառվում, որ շուտով կառավարությունը ստիպված լինի զիջել, հանքի շահագործումը վերսկսվի, ու ամիսներ շարունակ հանքը բլոկադայի ենթարկած բնապահպան-ակտիվիստները հեռացվեն։ Սրան զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած նաեւ «Նաիրիտի» հարցում, որի շահագործման խնդիրը եւս չի կարողանում լուծել՝ հակառակ նախկինում հնչեցրած քննադատություններին։
«Նախ՝ «ստիպված լինել» եզրույթը, կարծում եմ, այստեղ կիրառելի չէ, որովհետեւ կառավարությունն այս հարցին լուծում տալու առումով պետք է առաջնորդվի երկու հիմնական սկզբունքով։ Առաջին հերթին դա, իհարկե, ՀՀ ժողովրդի բարեկեցության, առողջության հարցն է եւ այն պոտենցիալ, հնարավոր ռիսկերը, որ հնարավոր է այս ծրագիրը պարունակում է կամ չի պարունակում։ Իսկ երկրորդ հարցը գործարար միջավայրի հետ կապված խնդիրներն են, որ հնարավոր է նաեւ այս գործարարի եւ այս ընկերության նկատմամբ մենք չպետք է որեւէ խտրական վերաբերմունք ցուցաբերենք։ Եթե եզրակացությունը լինի բացասական, եւ այնտեղ լինեն ռիսկեր, որոնք կառավարելի չեն, ուղղակի հանքը չի շահագործվի։ Իսկ եթե լինեն ռիսկեր, որոնք կառավարելի կլինեն, միանշանակ հանքը կշահագործվի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
- Երկու դեպքում էլ կառավարությունը կկանգնի բավականին բարդ իրավիճակի առաջ։ Եթե հանքը չշահագործվի, ՀՀ կառավարությունը կկանգնի միջազգային արբիտրաժի առաջ, իսկ եթե պարզվի, որ հանքը պետք է շահագործվի, արդեն խնդիր կունենաք բնապահպանների հետ, որոնք դեմ են շահագործմանը։
- Ես կարծում եմ՝ կառավարությունը չպետք է վախենա խնդիրներից, երկրորդը․ ինչ վերաբերում է դատական պրոցեսին, արբիտրաժին, եթե այնպիսի ռիսկեր բացահայտվեն, որոնք որ կխոսեն այն մասին, որ հանքը շահագործելու պարագայում այդ ռիսկերն ուղղակիորեն կազդեն մարդկանց առողջության վրա, ես համոզված եմ, որ որեւէ արբիտրաժում մենք չենք կարող պարտություն կրել։ Այսինքն՝ իմաստ չունի գնալ արբիտրաժ, հակառակ պարագայում ես կարծում եմ՝ ամենակարեւորը, որ պետք է անի կառավարությունը, պետք է լինի անկեղծ իր ժողովրդի հետ եւ բացահայտի այն իրողությունը, որն առկա է։ Եվ եթե չկան ռիսկեր՝ տվյալ ծրագրի հետ կապված, դա պետք է պարզ, հստակ ասել։ Մենք հիմա սպասում ենք վերջնական եզրակացությանը։
- Իսկ եթե որոշվի, որ հանքը պետք է շահագործվի, ինչպե՞ս է վարվելու կառավարությունը հանքը փակած ցուցարարների հետ, ո՞ւժ կգործադրի, թե՞ կփորձի բանակցել։
- Ես համոզված եմ, որ փորձաքննության արդյունքները կառավարությունը պետք է դարձնի հանրային, բոլոր այն մարդիկ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, դրա մասին պետք է տեղեկացված լինեն, ինչպես նաեւ վերջնական որոշումը պետք է արդեն ըստ այդմ կայացվի։
- Վերջերս Ձեր գրասենյակի ղեկավարը մեկնել էր Չինաստան՝ «Նաիրիտի» խնդրով, մինչդեռ «Նաիրիտից» կարծում են, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում կամ չի կարողանում խնդիրը լուծել, եւ կարծես «Նաիրիտը» վերջնական հանձնում ենք չինական կողմին։
- Չգիտեմ՝ ինչն ենք հանձնում չինական կողմին։ Չինական կողմի հետ մենք ունենք Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» գործարանը, որի 40 տոկոս բաժնետերն է ՀՀ կառավարությունը, եւ երեւանյան «Նաիրիտն» ունի տարատեսակ խնդիրներ, եւ այդ խնդիրներն ուղղակիորեն կապված են միջազգային շուկայի հետ, գազի գնի հետ են կապված։ Այսինքն՝ «Նաիրիտը» վերաշահագործելու համար պետք է հստակ բիզնես-մոդել աշխատի։ Եվ էդ բիզնես-մոդելը պետք է լինի աշխատող։ Այսինքն՝ շուկայում պետք է լինի համապատասխան արտադրանքի պահանջարկ, եւ էդ արտադրանքի գինն ու ինքնարժեքը չպիտի այնպիսին լինեն, որ շուկայականից բարձր լինի։
- Նույն արդարացումները մենք լսում էինք նաեւ նախորդ իշխանություններից։
- Չէ, արդարացումների հարց չէ սա, էստեղ գործում է շուկայի կանոնը։ Մենք կոմունիստական երկիր չենք, մենք չենք պլանավորում մեր տնտեսությունը, մենք կարող ենք բարենպաստ պայմաններ առաջարկել բոլոր այն ներդրողների համար, որոնք պատրաստ կլինեն «Նաիրիտ» գործարանի շահագործման համար բիզնես-մոդել առաջարկել։ Մենք այս պահին տալու ենք հնարավորություն՝ 6 ամսվա, որպեսզի այդ հայտերը գան, մենք այդ հայտերը տեսնենք, իրատեսականությունը գնահատենք, որովհետեւ, անկեղծ ասած, մինչ օրս «Նաիրիտի» վերագործարկման որեւէ իրատեսական հայտ կառավարությունը չի ստացել։
- Նախկինում քննադատում էին, թե Տիգրան Սարգսյանն է մեղավոր «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Դուք ի՞նչ եք կարծում, Տիգրան Սարգսյանը մեղք ունի՞, փորձե՞լ եք նրա հետ խոսել այս հարցով։
- Ես Տիգրան Սարգսյանի հետ այս հարցով քննարկում չեմ ունեցել, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ «Նաիրիտի» վերագործարկումը պետք է բխի շուկայական առկա պայմաններից։
- Իսկ ո՞վ է մեղավոր, ո՞ւմ պատճառով է «Նաիրիտն» այսքան պարտք կուտակել ու սնանկացել։
- Ես կարծում եմ՝ եթե մեղավորներ փնտրելու լինենք եւ էս տրամաբանությամբ գնանք, պետք է հասկանանք՝ ովքեր են մեղավոր Սովետական Միության փլուզման մեջ։
- Բայց ձեր իշխանությունը նախորդ տարիներին տարբեր անձանց գործած մեղքերն է ջրի երես հանում, դատական գործընթացներ կան, այս հարցում էլ կարող է նույնկերպ վարվել։
- Ես համոզված չեմ, որ «Նաիրիտ» գործարանի գործունեության դադարեցումն ուղղակիորեն որեւէ կառավարության մեղքն է։
- Կարո՞ղ է պայմանավորվածություն կա նույն Տիգրան Սարգսյանի հետ, որ քրեական հետապնդում չիրականացվի «Նաիրիտի» հարցով։
- Ոչ մի նման պայմանավորվածություն չկա։ Եթե ի հայտ գան քրեական գործ հարուցելու որոշակի հանգամանքներ եւ տվյալներ, քրեական գործը կհարուցվի։
Կարծիքներ