Նիկոլի թվի առաջին խորհրդարանը

Նիկոլի թվի առաջին խորհրդարանը

Ավարտին է մոտենում 2019 թվականը, որը լեցուն էր քաղաքական իրադարձություններով, աղմկահարույց դեպքերով: Լրացավ նաեւ «ռոբասերժական» համակարգից ձերբազատված՝ «թավշյա» Հայաստանի խորհրդարանի մեկ տարին: 2018թ․ դեկտեմբերին կայացած ընտրություններով ձեւավորվեց «Նիկոլի թվի» առաջին օրենսդիր մարմինը, որը տարբերվում է նորանկախ Հայաստանի պատմության բոլոր խորհրդարաններից ոչ միայն բովանդակային, այլեւ ընտրության որակով: ԱԺ ընտրությունները կեղծվել են՝ սկսած 1995-ից, երբ խորհրդարան մտան բացառապես Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի մարդիկ, թիթեռի կյանք ունեցած «Շամիրամ» կանանց կուսակցությունը: Դրանից հետո սկսեց գործել ընտրակաշաքը՝ որպես մեծագույն չարիք Հայաստանի պատմության մեջ: Իբրեւ ընտրակաշառքի հիմնադիր՝ ոմանք նշում են ՄԱԿ-ի անունը, որն առաջին անգամ գործարկեց ֆինանսական գործոնը, հետո ընտրակաշաքը ընտրություններում դարձավ ավելի ու ավելի որոշիչ: Կաշառում էին բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ունեին ֆինանսական փոքր-ինչ հնարավորություն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: «Ընտրակաշառքի ինստիտուտը» հետագայում նոր դրսեւորումներ ստացավ. խոստումներ, բարեգործություն, ասֆալտապատում եւ այլն: Ընտրողն այնքան ճարպկացավ, որ սկսեց գումար վերցնել մի քանի թեկնածուից եւ ընտրել երրորդին: Ընտրակաշառքը միակ չարիքը չէր՝ ինչ ասես չի տեսել Հայաստանի ընտրողն իր կյանքում՝ է՛լ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն, է՛լ սպառնալիք, աշխատանքից ազատում եւ այլն: 
 
Թե հասարակությանն ինչից ազատագրեց Փաշինյանը

Փողի ուժով ու զոռբայությամբ խորհրդարան ներխուժած պատգամավորական վարքուբարքը դեռ չենք մոռացել: Իհարկե, ունեցել ենք նաեւ շատ գրագետ, պատրաստված ու պարկեշտ պատգամավորներ, որոնց ներկայությունն այսօր էլ ցանկալի է ԱԺ-ում: Սակայն Հայաստանի քաղաքացին տեսել է էկզոտիկ մականուններով «էկզոտիկ» պատգամավորներ՝ Թոխմախի Մհեր, Շմայս, Լֆիկ, Շշի Մելո, Ալրաղացի Լյովիկ, Կարամելի Հարութ, Բուռնաշ, Ծաղիկ Ռուբո, Նեմեց Ռուբո, Փուչիկ Կարեն եւ այլք: Ցանկը կարելի է երկար թվարկել: Սրանք հիմնականում 5-10 հազարանոց բաժանողներն էին, ովքեր ընտրությունից ընտրություն հիշում էին «սիրելի» ժողովրդին ու ընկնում դռնեդուռ՝ քվե խնդրելու, որ նորից ԱԺ-ում հայտնվեն: Իսկ ԱԺ-ում նրանք ընդամենը կոճակ սեղմողներ էին, որ մտել էին իրենց բիզնեսն ապահովագրելու համար: Գուցե դա էր պատճառը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո հասարակության զգալի մասը պատրաստ էր ընտրել Նիկոլ Փաշինյանի մատնանշած ցանկացած թեկնածուի, թեկուզ՝ դատարկ աթոռ, միայն թե չընտրվեր ֆեոդալի կարգավիճակ ունեցող քրեաօլիգարխիկ պատգամավորը: Ու այդպես էլ եղավ: 2018թ․ ԱԺ ընտրություններն անցան առանց ընտրակաշառքի, բռնության, ծեծուջարդի: Թեեւ որոշ թեկնածու-մարզպետներ, նախորդների նման, իրենց մոտ կանչեցին համայնքապետերին ու հասկացրին, որ նրանց հետագա պաշտոնավարումը կախված է այն բանից, թե որքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը եւ կոնկրետ՝ իրենք: Արդյունքում՝ իրենք էլ մնացին իրենց «բախտից» զարմացած, թե մարզում այդ ո՞վ է իրենց ճանաչում, որ այդքան քվե ստացան: Հասարակությունը դեռեւս գտնվում էր էյֆորիայի մեջ, եւ Փաշինյանի թիմը կեղծելու ու բռնանալու կարիք չուներ:

Փաշինյանի «Չեբուրաշկան»

Փաշինյանն իր անձնական բարձր վարկանիշի արդյունքում խորհրդարան բերեց մարդկանց, որոնց հասարակությունը չէր ճանաչում, որոնք հայտնի չէին իրենց քաղաքական գործունեությամբ, շատերի աշխատանքային գրքույկի առաջին գրառումն «ԱԺ պատգամավոր»-ը եղավ: Նրանք նման էին առաջին անգամ դպրոց հաճախած երեխաների, որոնք զարմացած հայացքներով ծանոթանում են դասասենյակին, նստարաններին, միջանցքներին: Մեծամասնություն կազմող «Իմ քայլը» քաղաքական թիմ չէ, այլ ընդամենը իրար հետ մի քանի օր քայլածներ, նրանց մտերիմներ: Նրանց քաղաքական բնութագիրը հենց առաջին նիստերից մեկի ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված լիներ մեկ նախադասություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին»։ Ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ մի մանկավարժ կին գովասանքի ու քծնանքի խոսքեր շռայլեց Սերժ Սարգսյանի հասցեին: Շատերն այդ կնոջը համեմատեցին հայտնի մուլտֆիլմի հերոսի՝ Չեբուրաշկայի հետ: Չեբուրաշկաներ բոլոր ժամանակներում էլ եղել են, քանի որ դրանց պահանջարկը կա… 
 
Երբ «թազա հարսներն» այդքան էլ անփորձ ու անմեղ չեն

Երբ երիտասարդ աղջիկը հարս է գնում ու տնային գործերից գլուխ չի հանում, ավագները մեծահոգաբար ասում են. «Ոչինչ, ջահել է, անփորձ է, կսովորի»։ Խորհրդարան մտած անփորձ պատգամավորների մասին էլ էին ասում. «Թողեք աշխատեն՝ կսովորեն»: Սակայն պարզվեց, որ քաղաքականապես հասուն չլինելը ԱԺ մեծամասնության միակ թերությունը չէ: Հասարակությունն աստիճանաբար սկսեց ճանաչել նրանց, բացահայտել, թե ով որտեղից է եկել, ուր է գնում, եւ պարզվեց, որ… «թազա հարսներն էդքան էլ անփորձ ու անմեղ չեն»: Ափալ-թափալ կազմակերպված ընտրությունների ժամանակ ընտրողը հնարավորություն չունեցավ ծանոթանալու նրանց անցած ճանապարհին, կենսագրությանը: Միայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ նրանցից շատերն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ են, եւ հատկապես շատ են, ինչպես ասում են, Սորոսի հիմնադրամից՝ «Բաց հասարակություն-Հայասատան» հիմնադրամից «գրանտ» ստացած ՀԿ-ականները, որոնք իրավապաշտպանի կամ ակտիվիստի անվան տակ ժամանակին կատարել են իրենց գրանտատուների պատվերները, որի նպատակը ո՛չ ազգանպաստ է, ոչ էլ՝ հայաստանանպաստ: Փաստորեն, Փաշինյանի կամոք, Սորոսի աչքերն ու ականջները մտան ՀՀ ԱԺ: Ստեղծվեց ոչ ֆորմալ՝ սորոսական թեւը, որոնց հարաբերությունը ոչ սորոսական թեւի հետ այդքան էլ բարիդրացիական չէ: 

5 մլն դրամանոց «խալիչա փարթի»

Թե կոնկրետ հայրենանպաստ ինչ օրենքներ են նախաձեռնել իշխանական պատգամավորները, ինչ արդյունք է տվել նրանց գործունեությունը, որ նրանք հավելավճարներ են ստանում, դժվար է մատնանշել: Նրանք անընդհատ ինչ-որ վոյաժների մեջ են, գնում են, գալիս են, բյուջեի հաշվին աշխարհն են տեսնում, մի խոսքով՝ անիմաստ մսխում են պետական փողը: Բավական է նրանցից մեկը մի անհեթեթ առաջարկ անի, անմիջապես հաստատվում է, ու անցնում են գործի: Օրինակ՝ մի անհայտ պատգամավորուհի՝ Հռիփսիմե Գրիգորյան անուն-ազգանունով, առաջարկեց այս տարի Վարդավառը նշել խորհրդարանի բակում գորգեր լվանալով: Առաջարկն ընդունվեց: Վարդավառի օրը մի քանի երիտասարդ աղջիկ խորհրդարանի բակում «պոլի փետով» վրեժ էին լուծում գորգերից, մի երկու հոգի իրար ջրեցին, անցավ-գնաց: Հետո պարզվեց, որ «խալիչա փարթիի» համար բյուջեից 5 մլն դրամ է դուրս գրվել: Թե ինչ օգուտ տվեց այդ տարօրինակ միջոցառումը մեր կիսաաղքատ հասարակությանը, հայտնի չէ: Մինչդեռ 5 մլն դրամը մեր երկրում ծախսելու շատ տեղ կա: Շատ երեխաներ այսօր չեն կարողանում բուժվել հենց գումարի բացակայության պատճառով: Իսկ 5 մլն-ն գորգերի վրա «ջրելու» բարոյականությունն ու օրինականությունը, հավանաբար, կպարզի հաջորդ իշխանությունը…

Քավորն օջախի սրբությունն է

Երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ էր քննադատում պետական պաշտոններում նշանակումներ անելիս քավոր-սանիկական, բարեկամական հարաբերությունների դերակատարումը: Նա 2018-ի իրադարձությունների ժամանակ էլ հպարտ Պողոսին խոստացավ, որ «քավոր-սանիկ» այլեւս չի լինելու: Բայց առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդարան բերեց ե՛ւ իր քավորի եղբորը՝ Վահե Ղալումյանին, ե՛ւ իր եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին, ե՛ւ աներորդուն՝ Հրաչյա Հակոբյանին: Եթե Սիփանին խորհդարան բերելն ինչ-որ առումով կարելի է արդարացնել այն բանով, որ նա միշտ հորեղբոր թիմում քաղաքական պայքարի մեջ է եղել, ապա Վահե Ղալումյանինն անհասկանալի է. նա միշտ եղել է Տավուշի մարզի ակտիվ ՀՀԿ-ականներից, ընտրությունների ժամանակ կուսակցության եւ կոնկրետ իր հորեղբոր՝ ՀՀԿ-ական Արծրունի Ղալումյանի համար ակտիվորեն ձայներ էր բերում: Անհասկանալի է նաեւ խամաճիկների թատրոնի դերասան Հրաչյա Հակոբյանի՝ Փաշինյանի աներորդու հայտնվելն ԱԺ-ում, թեեւ նա եւ էլի մի քանիսն իրենց «փառահեղ» մտքերով փոխարինում են Գալուստ Սահակյանին։ Իսկ Փաշինյանի քավորը շուտով կդառնա միավորված Իջեւան համայնքի ղեկավար:

Ինձ բացակա չդնեք…

Նիկոլի թվի խորհրդարանում զգալի քվեներ ստացավ նաեւ ԲՀԿ-ն՝ իրեն բնորոշ կիսաիշխանական, կիսաընդդիմադիր կեցվածքով: ԲՀԿ-ականների ներկայությունն այս խորհրդարանում որոշակիորեն մեղմում է իմքայլականների կողմից կասկածելի վարքուբարքերին օրենքի ուժ տալու վտանգը: Թեեւ վերջիններս ունեն մեծամասնություն եւ կարող են ամեն անհեթեթության օրենքի ուժ տալ: Նախորդ գումարման ԱԺ-ում դժվար էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեսնել ԱԺ-ում: Նա գալիս էր միայն այն դեպքում, երբ խիստ կարեւոր քվեարկություններ էին, եւ երկրի առաջին դեմքը խորհրդարանում էր: Նախորդ գումարման խորհրդարաններում նա ամենաշատ բացակայած պատգամավորն էր, բայց քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, փոխվել է նաեւ Ծառուկյանի վերաբերմունքն իր պատգամավորական գործունեության նկատմամբ. նա հաճախ է գալիս աշխատանքի, համբերատար լսում է որոշ անհեթեթ ելույթներ, բայց նույն համբերատարությամբ չի պատասխանում լրագրողների հարցերին, ջղայնանում, մուննաթ է գալիս, խորհուրդներ տալիս, զարմանում, թե ԵՊՀ-ն ավարտածը ոնց կարող է լրագրող լինել եւ այլն։ Մի խոսքով, Ծառուկյանին էլ բացակա չդնեք…

Խորհրդարան՝ առանց ընդդիմության 

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ում երրորդ քաղաքական ուժը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Այն բավականին սոլիդ ու պրոֆեսիոնալ կազմով մտավ խորհրդարան: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի անունը հաճախ է կապվում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ: Խմբակցությունն իշխանության հասցեին հաճախ բավականին կոշտ քննադատություններով է հանդես գալիս: Բայց ասել, թե ռադիկալ ընդդիմություն է, ճիշտ չի լինի: Չմոռանանք, որ Մարուքյանն ու Փաշինյանը միասին ճանապարհ են անցել, իսկ ամենացանկալի ընդդիմությունը ցանկացած ղեկավարի համար իր մտերիմներից կազմված ընդդիմությունն է։ Թեեւ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընդդիմադիրի դափնու համար անընդհատ թաքուն ու բացահայտ կռվում են, սակայն այսօր ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա: ԲՀԿ-ն նույնպես չի կարող լինել իսկական ընդդիմություն: Չմոռանանք, որ Ծառուկյանը խոշոր գործարար է, իսկ նրանք միշտ խոցելի են: Ծառուկյանը պատրաստ էր եւ կարող էր օգտակար լինել Փաշինյանի կառավարությանը: Բայց Փաշինյանին իշխանության համն այնքան դուր եկավ, որ նա չցանկացավ որեւէ մեկի հետ մի փոքր մասով անգամ կիսվել: Ուստի ԲՀԿ-ն մնաց իշխանական լուսանցքից դուրս:
Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի «դարաշրջանի» առաջին խորհրդարանը, գուցե՝ վերջինը: Ամեն դեպքում, շնորհավորենք խորհրդարանականների գործունեության մեկամյակն ու գալիք Ամանորը: