Հովհաննես Թումանյանը և մենք

Հովհաննես  Թումանյանը և մենք

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նաև նրա պատվին գեղեցիկ ավանդույթ դարձած գիրք նվիրելու օրը, քանի որ նա էր մեր մշակույթի պատմության մեջ թիվ մեկ գրքասերն ու գրքապաշտը։

Աղետներով լի այս օրերում երկու տոներն էլ տխուր մտորումների առիթ են։ Նկատենք, որ չկա գիրք նվիրելու օր աշխարհի ոչ մի անկյունում, այս առումով միակն ենք՝ «աննախադեպ»։ Չկա նաև աշխարհում հայրենիքը դավաճանաբար հանձնելուց հետո անպատիժ մնացող և դեռ իր սև գործը շարունակող որևէ այլ իշխանություն։ Չկա աշխարհում ցեղասպանված մի ժողովուրդ, որ հանդուրժի իրեն ցեղասպանած դարավոր թշնամու հետ դաշն կնքած, նրա հետ ձեռք ձեռքի սեփական ազգին կայծակնային արագությամբ ոչնչացման տանող իշխանություն և համաշխարհային պատմության մեջ օրինակը չունեցող շահամոլ, ստախոս, թերուս ու ապիկար ղեկավար։ Աշխարհի որևէ անկյունում ազգային գոյապայքարում չի եղել անբարո դավադիրների այնպիսի քանակ, ինչպես այսօր մեզանում։ Այս ամենը իրոք «աննախադեպ» է. չարիքի դեմ մեր անբացատրելի հանդուրժողականությամբ, գոյաբանական վտանգն անտեսելու մեր կարողությամբ մենք նույնպես միակն ենք աշխարհում։ Այստեղ էլ «մերն ուրիշ է», այստեղ էլ ենք մենք «աննախադեպ»։ Նշանակում է տգետ ենք, տկարամիտ ենք՝ թեև գիրք նվիրելու օր ենք սահմանել։

Յուրաքանչյուր տարի այս օրը Թումանյանի տիեզերական հոգուն ասել ենք՝ Շնորհավոր տոնդ՝ Ամենայն հայոց մեր մեծ բանաստեղծ, մեր ամենահայ, ամենաիմաստուն, ամենաբարի, մեր ամենա-ամենա, կատարելության խորհրդանիշ, երանի՜ քեզ, որ Մարդ եկար ու Մարդ գնացիր անարատ։

Այսօր ի՞նչ պատասխան պիտի մենք տանք հազարավոր կյանքեր փրկած «հող ու ծաղիկ տվողին», հանուն իր ազգի ու հայրենիքի՝ այրվելով լույս դարձած, լույս տալով սպառված Ամենայն հայոցին։

Պատասխան չունենք, որովհետև մեղավոր ենք, մեղավոր ենք ամենքս, հուսախաբ ենք ու գլխիկոր։ Ի՞նչ ասենք, ասենք, որ դու կյանքում ամեն ինչ զոհեցիր, որ փրկես մեզ, իսկ մենք կամովի գնում ենք ինքնաոչնչացմա՞ն... Պարտությունը ամենքինս է, ոչ միայն Ամենայն արտառոց, աննախադեպ դավաճանինը, ոչ միայն ապազգային իշխանություններինը, ոչ միայն երկրում վխտացող լրտեսական ցանցինը, ոչ միայն թուրք-ադրբեջանական գումարներով ներսից մեր տունը քանդող ուրացողներինը, այլ ամենքինս։ Նույնիսկ մի մարդասպանի մասին խոսելիս, Թումանյանը մեղադրում էր ոչ այնքան նրան, որքան նրան ծնած հասարակությանը, որովհետև «Ծառիցն է ընկել պտուղը»։ Այսօրվա մեր գլխին պատուհաս դարձած «աննախադեպը» ընկել է թունավոր պտուղներով այն ծառից, որին հանդուրժել ենք տասնամյակներ շարունակ։ Արդյոք դերասանություն չե՞նք անում գիրք նվիրելու օր հռչակելով ու ազգովի գրքից հեռանալով։ Արդյոք հենց դրա շնորհիվ չէ՞ր, որ դերասանություն անողներին բերեցինք իշխանության։

Այն ժամանակ քչերի, այսօր շատերի համար պարզ է, «աննախադեպ դավաճանները» վաճառեցին մեր հաղթանակը, մեր Արցախը։ Ոչ թե ստիպված նահանջեցին, ոչ թե հարկադրաբար զիջեցին, ոչ թե կորցրեցին, այլ վաճառեցին։ Վաճառեցին նաև Թումանյանի պայքարը Արցախի համար։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Բանաստեղծը հաճախ էր կրկնում «Ռուս կառավարությունը լավ գիտեր, որ Ղարաբաղն ու Թալիշը տալ միևնույն էր, թե տալ նաև Թիֆլիսն ու հեռանալ Կովկասից»։ 1919 հունիսի 22-ին՝ կիրակի ցերեկվա ժ.12-ին, Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսի Վանքի բակում տեղի ունեցավ բազմահազարանոց համահայկական հանրահավաք 40-ից ավելի կազմակերպությունների մասնակցությամբ ի պաշտպանություն Արցախի։ Ուշագրավ է, որ Թումանյանն իր բացման խոսքում առաջինը ընդգծեց թուրքական լրտեսների գոյության գործոնը. «Հայկական միջնաբերդը՝ Ղարաբաղը մայր երկրից անջատելու համար կատարված իրադարձությունների հեղինակները տաճկական ագենտներ են»։ Այդ օրը բնաստեղծը հռչակեց մի բանաձև, որում ասում էր. «Ղարաբաղը իր 300 000 հայությամբ, որ կազմում է ամբողջ ազգաբնակության մոտ 80 տոկոսը, հերոսական կռիվ մղեց տաճկական զորքի դեմ, որ Ղարաբաղի այդ հերոսամարտը անվիճելի է դարձնում նրա պատմական և օրգանական կապը մայր երկրի հետ, մի կապ, որ ամբողջ Ղարաբաղի հայությունը իր 5 համագումարներում հայտարարել է իբրև ազգաբնակության ինքնորոշման սրբազան մի կամք...»։ Բանաստեղծը, ողջունելով «մայր երկրի կյանքով» ապրելու «սրբազան իրավունքի» համար արցախցիների կռիվը, իր ցասումն ու զայրույթն է հայտնում «Ղարաբաղի անզեն կանանց և երեխաների վերաբերմամբ տեղի ունեցած վանդալիզմի հեղինակներին»։ Այսօր Թումանյանը կասեր այն, ինչ ասել է 1919 թ. հունիսի 22-ին. «Անմիջապես ձերբակալել և դատի հանձնել տեղի ունեցած կոտորածի հեղնակներին, անպայման հեռացնել ամբողջ Հայկական Ղարաբաղից Ադրբեջանի իշխանությունը, որին չի ճանաչում և երբեք չպիտի ճանաչի Հայկական Ղարաբաղը»։

Թումանյանը, որ բազմիցս հաշտեցրել է հային ու թուրքին, որ 1905-1906թթ. հենց թուրքի բնորոշմամբ եղել էր «խաղաղարար հրեշտակ», վստահեցնում էր. «Ես չեմ հավատացել ու չեմ հավատում թուրքի բարի հայտարարություններին» և աշխարհում երբ ու ինչ էլ պատահի՝ «Թուրքիան մնում է նույն հին Թուրքիան»։

ՍՈՒՏԸ

Առանց ստի իշխանության Արցախը հանձնելն անհնար կլիներ։ Այնքան սուտ, որքան հնչեցրել են այս իշխանություններն ու նրանց գլխավոր «աննախադեպը», չի եղել երբեք։ Այդ մթնոլորտը Թումանյանը կբնութագրեր այսպես. «Սուտ, սուտ, սուտ, կեղծիք, զրպարտություն, հայհոյանք և ամեն տեսակ վատություն... Ամոթ էլ է»։ «Թավշյա» ինքնակոչ «Քայլականներն» ու իրենց «աննախադեպը» պարագլուխը ծանոթ չէի՞ն աստվածաշնչյան ու թումանյանական պատվիրաններին, թե ծանոթ էին ու պարզապես արհամարհում էին։ Թումանյանը չէր հանդուրժի այն սուտը, որ տևել է 44 օր և շարունակվում է այսօր՝ կապված Սյունիքի հետ։ Նա Արծրուն Հովհաննիսյանին, օրինակ, կասեր. «Բարի մտքով լինի ասված, թե չար, սիրուց, թե ատելությունից - սուտը սուտ է և միշտ դատապարտելի» ։

Թումանյանի համար պարզ էր նորահայտ քաջ նազարի գոյության հիմքերը. «Ինչո՞ւ և ինչպե՞ս է ապրում մեր մեջ այս զզվելի տիպը։ Արդյոք մեր կյանքում գոյության իրավունք ունի՞ սա։ Եվ գալիս ենք այն տխուր եզրակացությանը, որ, այո՛, իրավունք ունի, սա մեր կյանքի ապականությունից ծնված հարազատ որդն է, և հասարակությունը, տարիների ընթացքում հասու լինելով բոլոր ստերին, կեղծիքներին, հայհոյանքներին ու զրպարտություններին, ոչ միայն տակավին տանում է նրան, այլ դեռ արտադրում է նրա նման նորերը»։ Աստված հեռու պահի մեզ այդպիսի մի նոր չարիքից, նոր շառ ու փորձանքից. այդ դեպքում այլևս հայրենիք չենք ունենա։ Եթե այդ նորն էլ կարողանա հանրությանը մոլորեցնող ճառեր ասի, վերստին կկանգնենք կոտրած տաշտակի առջև, որովհետև, ինչպես կասեր Թումանյանը, ճառերը հարբեցնող են. «Թույլ ու կարճատես մարդկանց համար (իսկ հասարակությունը մեծ մասամբ դրանցից է բաղկացած և էդ հաշիվը նրանք լավ գիտեն), մարդկային սիրտն ու միտքը թունավորող ճառերի արդյունքում «դժվար է լինում... իրարից ջոկել խաչագողն ու գործիչը, ճշմարիիտն ու կեղծը, բարին ու չարը, քննադատն ու չարախոսը»։ Թումանյանը այսօր էլ մեզ զգուշացնում է՝ հավատալ ոչ թե խոսքին, այն էլ պոպուլիստի, այլ գործին, որովհետև գործն է անմահ, լինի լավ թե վատ. «Ճառերը ընդունակ են միայն հարբեցնելու, և հարբած դրությունը մի շատ ցավալի դրություն է մարդու համար, և մանավանդ մի ժողովրդի համար, որ էնքան կարիք ունի զգաստ լինելու»։ Ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր զգաստությունը և չանսացիք Ամենայն հայոցին։

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԱՄԲՈԽ

Մենք հեռացանք Թումանյանից հենց իշխանազավթման օրերին, երբ չտարբերակեցինք ժողովրդին ու ամբոխին։ Այդ օրերին փողոցներում կար նաև ապագայի հույսերով լի, ավելի լավ կյանքի անկեղծ սպասումներով լի ժողովուրդ, բայց և դառնացած ժողովուրդ, որի մի մասը վերածվեց ամբոխի։ Ժողովուրդը չէր կարող դագաղներ դնել ողջ մարդկանց դռների առջև և ատելության խոսքը խրախուսել, ժողովուրդը չէր կարող դատարաններ շրջափակել և խրախուսել ապազգայինը, սև ու սպիտակի բաժանումը։ Ժողովրդի առնվազն մի մասը շնորհիվ «հարբեցնող ճառերի», շնորհիվ ներարկված թույնի մեծ չափաբաժնի վերածվեց ամբոխի։ Թումանյանը տվել է ժողովրդի ու ամբոխի դասական սահմանումը, որը պետք է իմանա յուրաքանչյուրը թերևս դպրոցական տարիքից։

Նա գրում է. «Շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար (Ժողովուդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան)։ Ժողովուդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն

անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել»։

Մեր երկիրը զավթեցին ամբոխավար մարդիկ, իշխանավորները դարձան ավելի վատը, քան կային, քանի որ «հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև», քանի որ «Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը»։ Իսկ եթե խոսքը ոչ թե «փոքր մարդկանց», այլ «ուսապարկերի» մասին է, բառերը դառնում են ավելորդ. կատարվեց այն, ինչ սպասելի էր։ Արդարությունը վերականգնելու բոլոր խոստումները սին դուրս եկան։ «Աննախադեպ» դավաճանին թվում է, թե ինքը հաղթել է, որովհետև թշնամու ծրագիրը իրականացրել է լիուլի, և դեռ վայելում է իր «հաղթանակը», որովհետև թույլ ենք տալիս։ Բայց ե՞րբ է գալու ազգայինի, մեր հաղթության օրը։ Անպայման գալու է և Աստված ու Թումանյանը մեզ պահապան։

Սուսաննա Հովհաննիսյան

Բան.գիտ. դոկտոր