Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել. սպանված ոստիկանի այրի

Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել. սպանված ոստիկանի այրի

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօր դատարանում հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը՝ որպես տուժողի իրավահաջորդ։

Նա դատարանին հայտնեց, որ մահանալուց  կես ժամ առաջ խոսել է ամուսնու հետ. «էդ խոսելու ընթացքում, ինքը նստել է մեքենայի հետեւում, ինքն իր կամքով է նստել մեքենայի հետեւում։ Մոտ վեց տարի աշխատել է համակարգում, 2016֊ի հոկտեմբերից եմ ես անցել ծառայության, իմ ամուսինն ուներ նպատակներ, զուտ դրա խաթր եմ մտել համակարգ։ Դեպքի մասին իմացել եմ հեռուստատեսությունից, անընդհատ էլ խոսվում ա, էդ թեման շատ ա խոսեցվում։ Մեքենան գնալու ժամանակ ա էդ դեպքը տեղի ունեցել, ընթացքի մեջ ա եղել, որ կրակոցն եղել է»։

Անդրադառնալով սկեսրայրի հայտարարություններին՝ նա նշեց. «Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը, երբ էս մարդիկ բանտից դուրս եկան։ 3 երեխա են որբացել։ Ընտանիք են քանդել»։

Վերջին արտահայտությանն արձագանքեց խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, Թումասյանն էլ ասաց. «Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել (նկատի ունի Սմբատ Բարսեղյանին)։

Վահրամ Տեփանոսյանի հայտարարությանը, թե որդու հրամանատարը՝ Գուրգեն Գրիգորյանն, իմացել է, որ որդուն սպանելու են, Արփինե Թումասյանն ասաց, որ Գուրգեն Գրիգորյանի հետ ընտանեկան հարաբերություններ են ունեցել, ամուսիններով որոշել են, և նա իրենց երեխաների քավորը պետք է լինի. «Յուրի մահանալուց հետո ասել եմ, որ մենք  նման որոշում ենք ունեցել, որ դուք պետք է լինեք մեր երեխաների քավորը»։

Նա նաեւ նշեց, որ սկեսրայրի հետ լավ հարաբերություններ չունի, ինքը երեխաների հետ առանձին է ապրում։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց նրան՝ հնարավո՞ր է ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն, պատասխանեց. «Ինձ չեն կարա ճնշում գործադրեն, ես 3 երեխա եմ պահում»։

Նշենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։